Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անխուսափելիությունը
Հայաստանյան իրականությունում օրըստօրե ստեղծվում է քաղաքական վակուում, ինչը հուշում է, որ այսօր գործ ունենք պետական մի համակարգի հետ, որտեղ բացակայում է պետական կառավարում ասվածը։ Երկրի ղեկավարությունը զբաղված է սեփական իշխանության կյանքն ինչ-ինչ հանգամանքներով ու պայմաններով որոշակի երկարացնելու գործով, ինչպես նաև սեփական թիմակիցներին հերթական պարգևավճարների չափաքանակն ապահովելով։
Համադրելով ՀՀ ներսում տեղի ունեցող գործընթացները՝ կարելի է փաստել, որ Նիկոլ Փաշինյանը տապալել է «հեղափոխության պրոյեկտը»․ այս հանգամանքի հետ ամեն օր ավելի շատ մարդիկ են համոզվում:
Ակնհայտ է, որ ժողովուրդը ներկայիս իշխանությանը հավատաց, ապա նաև ընտրեց այն խոստումների իրականացման համար, որոնց կատարմանը երկար տարիներ սպասում էր․ այստեղ շատ փայլուն աշխատեց Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմը: Երկու տարի առաջ մարդիկ ոգևորված փողոց էին դուրս գալիս, որովհետև այն ժամանակվա ընդդիմադիրները պնդում էին, վստահեցնում էին, որ, եթե իրենք գան իշխանության, ամեն ինչ լավ է լինելու, մարդիկ ավելի արժանապատիվ կյանքով են ապրելու, արդարություն է լինելու ամենուր, չեն լինելու անհիմն տույժեր ու տուգանքներ, ու վերջապես Հայաստանում զարգացում է լինելու: Բոլորը համադրելով՝ ստանում ենք դեմագոգիայի մի ամբողջական հանրագիտարան։
Թե ինչ փակուղային վիճակում է գտնվում տվյալ պահին Փաշինյանի իշխանությունը, կարող է հասկանալ քաղաքականությունից որոշակի տարրական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր անհատ․ հանուն արդարության պետք է նշենք, որ հանրության որոշակի գիտակից հատվածի մոտ բավականին ակտիվ կերպով հիասթափության նոր ալիք է հասունանում, որն առաջիկայում, ըստ տրամաբանության, հանգեցնելու է լուրջ էսկալացիայի։ Ինչպես ընդունված է քաղաքագիտության տեսության մեջ, յուրաքանչյուր քաղաքական գործընթացի փուլում առաջանում են տարբեր էսկալացիոն փուլեր, և աստիճանաբար ստեղծվում է որոշակի «եռուն» շրջան, որն ընդունված է կոչել «քաղաքական սուբլիմացիա», ահա այս սուբլիմացիոն պրոցեսում ամենաառանցքային դերը պատկանում է այն անհատին կամ որոշակի խմբին, ով կլինի «եռացող կաթսայի» կափարիչը բարձրացնողը։
Օր օրի էլ ավելի օրակարգային է դառնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ իշխանության ղեկին նրա մնալու յուրաքանչյուր օրն ուղղակի հարված է ՀՀ պետականությանն ու պետության գոյության հետագա ճակատագրի համար։ Ասվածը չափազանցություն չէ, քանի որ իր ողջ կառավարումը ձախողած Փաշինյանը երկու տարվա ընթացքում ոչ մի շոշափելի ձեռքբերում չունեցավ՝ ոչ արտաքին, ոչ ներքին ճակատում։ Բացի «վհուկների որսից», որը նա «շատ լավ» իրականացնում է առ այսօր իրեն ոչ հաճելի ու ատելի «քրեաօլիգարխիայի» նկատմամբ, ոչ մի իրական ու տեսանելի քայլ չի կատարել։
Փաշինյանը՝ իրեն բնորոշ հատկությամբ, կարողացել է փայլուն իրականացնել նախկինների դեմոնիզացման գործընթացը․ նախորդ իշխանությունների կողմից նախապես պլանավորած ու կիսատ թողած ծրագրերը սեփական թիմի ձեռքբերում մատուցելով՝ Նիկոլ Փաշինյանը շարքային Պողոսի մոտ շարունակում է մնալ՝ որպես «ժողովրդին չար ուժերից փրկած մաչո»։
Պետք է հստակ ամրագրենք մի փաստ․ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները պարզապես չունեն պետությունը կառավարելու վեհ առաքելություն, նրանց գոյության միակ շարժառիթն անցյալի դեմ պատերազմն է և ոչ ավելին։ Փաշինյանն արդեն վաղուց անցել է կարմիր գիծը, ինչը չափազանց վտանգավոր և սպառնալիքներով լեցուն իրավիճակ է ստեղծում։
Ի թիվս մի քանի հարյուր փաստի՝ Փաշինյանի հրաժարականի հիմքում կարող ենք դնել դատական համակարգի նկատմամբ բացահայտ գրոհ իրականացնելու փաստը, երբ մեկ տարի առաջ նրա հրամանով իրականացավ դատարանների շրջափակման հայտնի ակցիան, ինչի արդյունքում նրա գործադիրի և օրենսդիրի ներկայացուցիչներն օրը ցերեկով հերթական անգամ տապալեցին սահմանադրական կարգը։ Իսկ ՍԴ-ին ուղղված քայլերն արդեն ամբողջական եկան ապացուցելու, որ Փաշինյանն իրական տոտալիտար կառավարիչ է։
Փաշինյանը հրաժարական կարող է տալ նաև այն պարագայում, երբ երկրի ներսում կստեղծվի քաղաքական ճգնաժամ։ Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ։ Տարբերակներից մեկը կարելի է համարել արհեստական ճգնաժամերի դեպքը, երբ, օրինակ, պառլամենտում ստեղծվում է հստակ քաղաքական կազուս՝ երկու ընդդիմադիր խմբակցությունները վայր կդնեն մանդատները, և խորհրդարանը դադարում է գործելուց, առաջանում է կառավարման անհամատեղելի իրավիճակ, և տեղի են ունենում նոր ընտրություններ, իսկ այդ դեպքում արդեն հստակ կարող ենք ասել, որ վարկանիշը կորցրած Փաշինյանը չի հավաքի իրեն անհրաժեշտ ձայների քանակը (հենց այդ ցածր վարկանիշի պատճառով էր, որ չեղարկվեց նաև հանրաքվեն)։
Իսկ այսօր ունենք մի իրավիճակ, երբ պետության գաղափարը վերստին ստորադասվել է մեկ անհատի եսասիրական նկրտումներին ու մանկական երազանքների բավարարման հանգամանքին։
Արմեն Հովասափյան