
Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներն ակնկալում են ոլորտի պատասխանատուներից որևէ հայտարարություն՝ թեկուզ կարեկցող կամ հուսադրող

Զբոսաշրջության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ այսօր խորհրդարանում հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ՝ քննարկելու ոլորտում առկա մի շարք խնդիրներ:
«Անռիվա» ընկերությունների խմբի ղեկավար Հռիփսիմե Ստամբուլյանի խոսքով՝ զբոսաշրջության տարբեր ոլորտներ ունեն տարբեր խնդիրներ՝ ներգնա և արտագնա տուր օպերատորներն այլ խնդիրներ ունեն, իսկ թռիչքներ իրականացնող ընկերությունները՝ այլ խնդիրներ:
«Ավիաընկերություններն այսօր կանգնած են շատ լուրջ խնդրի առջև, քանի որ դեռևս հունվար ամսից իրականացրել են դեպոզիտներ և փաստացի կանգնել են խնդրի առջև: Կառավարության ներկայացրած հակաճգնաժամային ծրագրերը շատ ողջունելի են, սակայն դրանցից, ցավոք, տուր ոլորտի մեծ մասը չի կարողանում օգտվել, քանի որ նրանք չունեն 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն, ինչպես որ պահանջում է Կառավարության ծրագիրը: Շատ ընկերություններ այսօր չեն կարողանում իրենց վարձավճարները տալ և, ցավոք, շատերն արդեն փակվել են: Մենք հույս չունենք, որ ավիաընկերությունները կկարողանան թռիչքներ իրականացնել հունիս ամսից, լավագույն պարագայում սպասում ենք, որ կլինի հուլիսից»,- ասաց Հ. Ստամբուլյանը:
Ըստ նրա՝ Քաղավիացիայի կոմիտեն ասում է, որ երկու ավիաընկերություն է տուժել, ինչն այդպես չէ, տուժել են բազմաթիվ ընկերություններ, քանի որ վերջին տարիներին հենց այդ ընկերություններով էին չարտերային թռիչքներ իրականացնում: Հետևաբար՝ եթե համավարակն ավարտվի, և կարողանան թռիչքներ իրականացնել, այն տուր օպերատորները, որոնք տարիներ շարունակ ներդրումներ են արել դեպի Եվրոպա թռիչքների ուղղությամբ՝ փաստացի չեն կարողանալու կատարել թռիչքներ:
Ըստ նրա՝ այս պահին բոլոր ընկերությունների մոտ լուրջ խնդիր է առաջացել աշխատատեղերը պահպանելու առումով: Ընկերություններն իրենց պրոֆեսիոնալ մասնագետներին կկորցնեն, եթե պետության կողմից չլինի աջակցություն:
«Եթե այսպես շարունակվի, շատ հնարավոր է՝ գանք մի իրավիճակի, երբ շատ մեծ կազմակերպությունների համար լինեն սնանկություններ, որի հետևանքով էլ կլուծարվեն շատ փոքր կազմակերպություններ: Կարծում եմ՝ մենք պետք է ապրենք այս համավարակի հետ միասին, երկար ժամանակ այսպես չի կարող շարունակվել, հակառակ պարագայում այս ոլորտը կպարալիզացվի»,- հավելեց նա:
Զբոսաշրջային որոշ ընկերությունների ներկայացուցիչներ էլ իրենց խոսքում նշեցին, որ պատկան մարմիններից գոնե մեկ անգամ ակնկալում են հայտարարություն՝ ուղղված զբոսաշրջային ոլորտին՝ թեկուզ կարեկցող կամ հուսադրող:
Չնայած հանդիպմանը ոլորտի պատասխանատուներից որևէ մեկը չկար, սակայն զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչները բարձրաձայնեցին որոշակի հարցեր՝ ուղղված ոլորտը համակարգողներին. օրինակ՝ ինչպե՞ս են պատրաստվում սեզոնի բացմանը, մարքետինգային ի՞նչ ռազմավարություն է մշակվում, ի՞նչ է արվում դեպի արագ վերականգնվող շուկաներ դիվերսիֆիկացիայի համար, և այլն:
Ըստ նրանց՝ պետական ռեգիստրում արդյո՞ք կան տվյալներ, թե բնակչության քանի տոկոսն է ներգրավված եղել զբոսաշրջության ոլորտում, կամ կա՞ն տվյալներ, թե նրանցից քանիսը, հնարավոր է, գործազուրկ դառնան: