Պուտինը մերժեց Փաշինյանի և Լուկաշենկոյի՝ գազի գինը նվազեցնելու հայտը
«Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը»,- Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Համապատասան բանաձևն առաջարկվել էր մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծում:
«Նախագիծը գրեթե համաձայնեցված է, բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին»,- իր ելույթում ասել է Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ առկա բանաձևին աջակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղըզստանը:
«Բանն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումը կարելի էր հստակեցնել ավելի ուշ ԵՎՐԱԶԵՍ-ի գազի շուկայում գնի ձևավորման ժամանակ: Այդ բանաձևը դեռ չեն ընդունում Հայաստանի ու Բելառուսի մեր գործընկերները: Նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցի շուրջ»,- նշել է Պուտինը:
ՌԴ նախագահն ավելացրել է, որ, եթե այդ կետի շուրջ համաձայնությունը լինի, ապա ռազմավարության ընդունման հետ կապված խնդիր չի լինի:
Նա նշել է, որ Բելառուսի և Հայաստանի գործընկերներն առաջարկում են գազի միասնական գին սահմանել, սակայն նման բան հնարավոր է միասնական բյուջեով միասնական շուկա, միասնական հարկային համակարգ ունենալու պարագայում:
«Ինտեգրացիայի այդպիսի խորը մակարդակի մենք դեռ չենք հասել, բոլորս էլ դա գիտենք: Կարծում եմ, որ գազի գինն առայժմ պետք է ձևավորվի շուկայական պայմաններում»,- նշել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ, եթե Բելառուսի և Հայաստանի գործընկերների դիրքորոշումը նույնը մնա, ապա տրամաբանական կլինի նախագծից գազի գնի հետ կապված կետը հանելը, որպեսզի նախագիծն ընդունվի այսօր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս տված իր ասուլիսի ընթացքում ևս անդրադարձել էր հայ-ռուսական գազային բանակցություններին, կարելի է ասել, ավելի մեղմ տոնայնությամբ՝ նշելով, որ այս պահին գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ։
«Գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիան» հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը կքննարկվի։ Բացի այդ, Ռուսաստանի հետ մեր քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են, այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող։ Սակայն նավթի գնի նվազման, ինչպես նաև կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամն էլ հաշվի առնելով` ակնկալում ենք, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն շրջանը չէ»,- ասել էր ՀՀ վարչապետը։
Բելառուսցի քաղաքագետ Վալեր Կարբալևիչը մեզ հետ զրույցում մեկնաբանելով ՌԴ նախագահի խոսքերը՝ ասաց, որ դրանք ցույց են տալիս, որ ՌԴ-ն «օդից կախված» է թողնելու Հայաստանի և Բելառուսի հայտերը՝ նվազեցնել գազի գինը։ Այսինքն, ըստ նրա, այս փուլում սա նշանակում է՝ մերժում։
«Ի սկզբանե պարզ էր, որ այս խոսակցությունները դրական չեն ընկալվում Ռուսաստանում, հենց այդ պատճառով Բելառուսի հետ հարաբերությունները սրվել են։ Եթե ՌԴ նախագահն առաջարկում է նախագծից դուրս բերել այդ հարցն առանց ժամանակ խնդրելու, որպեսզի անհրաժեշտ համաձայնեցումներ իրականացվեն գործընկերների հետ խնդրահարույց հարցերի շուրջ, նշանակում է՝ մոտ ապագայում այդ հարցին անդրադարձ չի լինելու։ Եվ կրկին առաջ է բերվում քաղաքական խնդիր, որ ավելի նվազ գների համար հարկավոր է միասնական շուկա, ավելի խորը ինտեգրացիա, այնինչ, կարծում եմ՝ սա իսկապես ամենահաջող ժամանակաշրջանը չէ Ռուսաստանի համար նույնիսկ այս հարցը քննարկելու համար, և երկրորդ՝ սրանով Ռուսաստանը քաղաքական խնդիր է փորձելու լուծել՝ այս հարցն օգտագործելով՝ որպես լծակ։ Այս ամենը վաղուց պլանավորված էր ԵԱՏՄ շրջանակներում։ Սա մշտապես եղել է քաղաքական հարց և մնում է այդպիսին Ռուսաստանի համար, որով Ռուսաստանը լուծում է հստակ խնդիրներ։ Ուստի ակնկալել, որ մոտ ապագայում դրական հանգուցալուծում կունենա այս հարցը՝ չարժե: Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, 2025 թվականից շուտ այս հարցին չի անդրադառնալու, ինչպես և պլանավորված էր։ Ռուսաստանը բավականին վստահ է իրեն զգում, բացի այդ, այսօր կորոնավիրուսով հիվանդացության թվով աշխարհում երկրորդ տեղում է, և դա հավելյալ փաստարկ է նման հարցերն անժամանակ հետաձգելու համար»,- ասաց վերլուծաբանը։
Վերջինիս կարծիքով՝ գործընկերները դրան արձագանքելու մեծ լծակներ չունեն՝ կա՛մ պետք է համակերպվեն, կա՛մ հարաբերությունները Ռուսաստանի հետ է՛լ ավելի վատթարացնեն։