
«Սուր հարցերին, որոնք վերաբերում էին սկանդալներին, կոմպրոմատներին, հնչում էին խուսափողական պատասխաններ. Փաշինյանը չուներ հստակ պատկերացում, թե էլ ինչ ինֆորմացիայի են տիրապետում իր հակառակորդները»

«Արդեն վաղուց ես վարչապետի ներկայացրած 100 փաստերին ուշադրություն չեմ դարձնում: Այսինքն՝ վարչապետի ներկայացրած առաջին 100 փաստերից հետո, երբ հասկացա, թե ինչ փաստերի վրա է ուշադրություն հրավիրում, հաջորդ անգամները սկսեցի դրանց վրա ուշադրություն չդարձնել, որովհետև այդ բոլոր արձանագրված փաստերը գրեթե ամենշաբաթյա ռեժիմով վարչապետն այս կամ այն ձևով շեշտում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 16-ին կայացած առցանց ասուլիսին, որտեղ մի շարք հարցերի անդրադառնալուց առաջ վարչապետը ներկայացրեց ««Նոր Հայաստանի» մասին 100 փաստ-4-ը»:
Ըստ քաղտեխնոլոգի՝ վարչապետի ներկայացրած 100 փաստերն իրենց մեջ որևէ նորություն չէին պարունակում: Նրա կարծիքով՝ ավելի օգտակար կլիներ, որպեսզի վարչապետի թիմը կենտրոնանար, լավագույն դեպքում, մոտավորապես 20 փաստի վրա, որոնք արժանի կլինեին ուշադրության:
Ներկայացրած 100 փաստերի 80 տոկոսը, քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ արժանի չեն ուշադրության՝ որպես հանգրվանային արդյունքներ:
«Փաստերը ներկայացնելով, վարչապետը ցանկանում է ուշադրությունը կենտրոնացնել քանակի վրա, թե ինչ քանակի գործ են արել: Սա՝ այն դեպքում, երբ դրանց 80 տոկոսը կա՛մ արժանահավատ ու շոշափելի չեն, կա՛մ վարչապետի մակարդակով ներկայացնելու չեն: Բայց քանի որ այլ արդյունքներ չկան, ներկայացնում են այն, ինչը կա: Ես չպետք է ասեմ, բայց լրագրողներն էլ են միշտ շեշտել, որ այդ փաստերի ներկայացումը վարչապետի ասուլիսների ամենաձանձրալի մասն է»,- հավելեց քաղտեխնոլոգը:
Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ ասուլիսի ժամանակ վարչապետը հնարավորինս զգույշ էր իր խոսքում, արտահայտություններում: Նա հարցերի մեծ մասին, հատկապես այն հարցերի, որոնք պահանջում էին շատ կոնկրետ պատասխաններ և վերաբերում էին ներքին քաղաքական հարցերին, մեղադրանքներին, փորձում էր կոնկրետ չպատասխանել:
Քաղտեխնոլոգի բնորոշմամբ՝ այս առումով վարչապետն ինքն իր նման չէր:
«Վարչապետը շատ դեպքերում սիրում է էմոցիոնալ պատասխաններ տալ, սպառնալիքներ հնչեցնել, այսինքն՝ նախկինում անմեղ ու պարզ հարցերին կոշտ պատասխաններ էր տալիս, այս անգամ այլ էր: Կարծում եմ՝ այսօր իրավիճակն այնպիսին է, որ վարչապետը կորցրել է իր վստահությունը, նրա մոտ վստահություն չէր նկատվում: Այսինքն՝ այն, ինչի մասին խոսում էր, զգացվում էր, որ իր խոսքերում վստահություն բացարձակ չկա: Իսկ սուր հարցերին, որոնք վերաբերում էին սկանդալներին, կոմպրոմատներին՝ հնչում էր խուսափողական պատասխաններ: Օրինակ, շատ հարցեր կային՝ կապված թե՛ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հնչեցրած հայտարարություններին, թե՛ ԱԱԾ նախկին ղեկավարի հայտարարություններին, դրանց վարչապետը խուսափողական պատասխաններ էր տալիս, ինչը նման չէր իր նախկին ոճին: Սա ցույց է տալիս, որ վարչապետն ամեն դեպքում վստահ չէր, որ իր պատասխանն է՛լ ավելի չէր բարդացնի իրավիճակը: Ասուլիսի ընթացքում վարչապետը չէր կարող խուսափել պատասխաններից, բայց այդ պատասխանները նման էին «ցուգցվանգի», դա շախմատում է կիրառվում այն ժամանակ, երբ մարդը չի ունենում օգտակար քայլ: Այսինքն՝ պետք է քայլն անի, բայց օգտակար քայլ չունի, և ցանկացած քայլ կարող է իրավիճակն ավելի բարդացնել:
Ըստ իս, վարչապետը հասկանում էր, որ ցանկացած պատասխան կարող էր է՛լ ավելի բարդացնել իրավիճակը: Կարծում եմ՝ նաև, որ վարչապետը որոշ հարցերի շուրջ երևի թե չուներ հստակ պատկերացում, թե էլ ինչ ինֆորմացիայի են տիրապետում իր հակառակորդները, այսինքն՝ հաշվակել չէր կարողանում»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը:
Անդրադառնալով արտաքին քաղաքականության վերաբերյալ վարչապետի հնչեցրած պատասխաններին, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ վարչապետի հնչեցրած գնահատականները զգալիորեն տարբերվում են փորձագիտական ու քաղաքական շրջանակների գնահատականներից, օրինակ, հայ-իրանական, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:
Նրա կարծիքով՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի հարաբերությունները բոլոր ազդեցիկ և աշխարհաքաղաքական կենտրոնների և հարևան երկրների հետ գտնվում են հավասար հեռավորության վրա: Հետևաբար, եթե փորձում են հարևանների ու ազդեցիկ կենտրոնների հետ հավասար քաղաքականություն վարել, ապա այն լինում է «հավասար մոտիկության» քաղաքականություն:
«Ինձ մոտ տպավորություն է, որ հատկապես՝ գեոքաղաքական կենտրոնների հետ որդեգրվել է հավասար հեռավորության քաղաքականություն: Ամեն դեպքում, ասել, որ Հայաստանի հարաբերությունները գեոքաղաքական ուժային կենտրոնների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ ավելի քան փայլուն են, մեղմ ասած, չափազանցված են: Փաստերն այլ բանի մասին են խոսում»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը: