Շահարկումներից խուսափելու համար շատ ավելի նպատակահարմար կլինի օգտագործել «Արցախի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներ» ձևակերպումը․ Դավիթ Բաբայան

«Ինչպե՞ս է լինելու համապարփակ կարգավորում, եթե ադրբեջանցիները չեն ցանկանում հաշտվել, եթե իրենք ասում են, որ Արցախն իրենցն է, մեզ համարում են թշնամի, իրենք չեն հաշտվելու, որ մենք կարող ենք անկախ լինել»,- 168am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս տված ասուլիսում հնչեցրած արցախյան թեզերին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել էր այն մասին, որ լուծումը պետք է ձեռնտու լինի երեք ժողովուրդների համար, անդրադարձել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ կարգավորման փուլային տարբերակի մասին դիտարկումներին, խոսել էր Արցախի «ընտրված ներկայացուցիչների՝ բանակցություններին մասնակցության» անհրաժեշտության մասին։

Նախ Դավիթ Բաբայանն անդրադարձավ ՀՀ վարչապետի ձևակերպմանը, որ չեն պատկերացնում ԼՂ խնդրի լուծում՝ առանց «Արցախի ընտրված ներկայացուցիչների» մասնակցության։

Նրա խոսքով՝ ընդհանրապես տերմինաբանությունը կարևոր դերակատարություն ունի։ Ըստ Բաբայանի՝ նույնիսկ հակամարտության անվանումը պետք է ճիշտ օգտագործել։

«Օրինակ՝ մենք անվանում ենք Արցախում ադրբեջանաղարաբաղյան հակամարտություն. սա ցույց է տալիս այս հակամարտության էությունը, որ Ադրբեջանն է սկսել այս հակամարտությունը, սա հակամարտություն է Ադրբեջանի և Արցախի միջև, իսկ Ադրբեջանն այն որակում է՝ որպես ադրբեջանահայկական հակամարտություն՝ դրանով իսկ այն անվանելով հակամարտություն հայերի և ադրբեջանցիների միջև, բայց սրանով չեն սահմանափակվում իր նկրտումներն Արցախի նկատմամբ: Ասում է՝ Երևանն էլ է իրենցը, Սևանն էլ, Սյունիքը՝ ևս, մի բառի փոփոխությունն էություն է փոխում։ Խոսելով «ընտրված ներկայացուցիչների» մասին՝ մի փոքր անգամ կասկած չունենք, որ պաշտոնական Երևանը, երբ նշում է «ընտրված ներկայացուցիչներ», նկատի ունի պետությունը, Արցախի Հանրապետության իշխանություններին, կրկնում եմ՝ անգամ կասկած չունենք, որովհետև այլ տարբերակ չի կարող լինել, սակայն Ադրբեջանն այլ բան է հասկանում, հասկանում է նաև ադրբեջանական համայնք կոչեցյալը։ Հետևաբար՝ որպեսզի որևէ մեկի մոտ շահարկում չլինի, կրկնում եմ՝ Մայր Հայաստանը չի կարող «ընտրված ներկայացուցչի» տակ հասկանալ այլ բան, բայց գտնում ենք, որ շատ ավելի նպատակահարմար կլինի՝ թող այդ բառակապակցությունը օգտագործվի, բայց օգտագործվի հետևյալ ձևով՝ Արցախի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներ: Կարծում եմ՝ դա շատ հարցերի պատասխաններ է կրում իր մեջ և բազմաթիվ շահարկումներ կարող է դադարեցնել»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Խոսելով կարգավորման փուլային-փաթեթային եղանակների վերաբերյալ վերջին շրջանի դիսկուրսից՝ Դավիթ Բաբայանն անդրադարձավ հարցի խորքային հատվածին։

Նրա խոսքով՝ փուլայինն ու փաթեթայինը կարգավորման տեխնիկական կողմն են, որոնք քաղաքական և իմաստային առումով ոչինչ չեն փոխում։ Ըստ նրա՝ եթե մենք գալիս ենք փաթեթայինի, բայց փաթեթայինում լինի մոտեցում, որ անհրաժեշտ է վերադառնալ 1988 թվականի սահմաններին, սա ընդունելի՞ է մեզ համար։

«Ես կարծում եմ, որ ընդունելի չէ։ Հետևաբար, եթե մենք այս եղանակներից ենք խոսում, մենք ոչ թե տեխնոլոգիայի մասին պետք է խոսենք, այլ փիլիսոփայության։ Մենք դեմ չենք փուլայինի, եթե փիլիսոփայությունը տարբերվում է Ադրբեջանի կողմի տեսլականից։ Ադրբեջանի տեսլականը փուլայինի հետևյալն է՝ Արցախի պետականության փուլ առ փուլ ապամոնտաժում, մենք ասում ենք, որ, եթե ուզում եք փուլայինը որպես տեխնոլոգիա օգտագործեք, խնդրեմ, դեմ չենք, պետք է դրա հիմքում այլ փիլիսոփայություն դրվի, թող առաջին փուլում մենք կարգավորենք քաղաքական հարցեր, կարգավորենք ճանաչման հետ կապված հարցեր՝ Արցախի Հանրապետությանը պետք է Ադրբեջանը ճանաչի՝ որպես սուվերեն, անկախ պետություն, մենք ճանաչենք Ադրբեջանի Հանրապետությանը։ Բայց իրենք պատրաստ չեն, ասում են՝ նման բան չի լինելու, նրանք ասում են, որ Արցախը երբեք անկախ չի լինելու, Արցախը պետք է լինի Ադրբեջանի մաս և փուլ առ փուլ վերականգնվի 1988 թվականի սահմանները, այն է՝ Արցախի շատ խարխուլ ապագա։ Սա անընդունելի է։ Մեր պատկերացմամբ՝ առաջին փուլը ճանաչումն է, երկրորդ փուլը կարող է լինել այդ ճանաչումից հետո սահմանների հարցի հստակեցումը, երրորդ փուլը՝ այլ հարց, չորրորդը՝ մեկ այլ։ Եթե այս մոտեցումն ենք դնում կարգավորման հիմքում, սա ընդունելի է։ Բայց եթե նույնիսկ փաթեթայինի դեպքում կլինի այնպես, որ Արցախն անկախ չի լինելու, սահմանների վերադարձ 1988 թվականի անընդունելի է»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի շարունակական պնդումներին, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար՝ Բաբայանն ասաց, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդների միջև լինի պատմական հաշտություն։

Ըստ նրա, չի կարող հակամարտությունը կարգավորվել, եթե Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել մեզ հետ, չի լինում նման բան։

«Ինչպե՞ս, եթե իրենք չեն ցանկանում հաշտվել, եթե իրենք ասում են, որ Արցախն իրենցն է, մեզ համարում են թշնամի, իրենք չեն հաշտվելու, որ մենք կարող ենք անկախ լինել, ինչպես է հակամարտությունը համապարփակ կարգավորվելու։ Այսինքն՝ Ադրբեջանը չի գնալու կարգավորման, հետաձգելու է, ագրեսիայի է դիմելու, այսինքն՝ երբ հաշտությունը ընդունելի է, դա խաղաղության գրավականն է, բայց Ադրբեջանը պատրաստ չէ, և, դժբախտաբար, չկա հնարավորություն, որ նրանք պատրաստ լինեն նման բանաձևի։ Եթե նա Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչի, կսկսվեն անկանխատեսելի զարգացումներ Ադրբեջանի ներսում, քանի որ Ադրբեջանի բնակչության 50 տոկոսն ազգային փոքրամասնություններն են, որոնք ապրում են կոմպակտ։ Դրա համար Ադրբեջանը պատրաստ չէ, Ադրբեջանի համար կա երկու տարբերակ՝ մեզ ոչնչացնել, կամ սառեցնել հակամարտությունը»,- ասաց Բաբայանը։

Հարցին, թե իր տպավորությամբ՝ առանց ԱՀ մասնակցության բանակցություններ, ի վերջո, եղե՞լ են, թե՞ ոչ, Բաբայանը պատասխանեց, որ բանակցություններում ցանկացած մարդ, ցանկացած քաղաքական պաշտոնյա կարող է հարց բարձրացնել, կարող է առաջարկներով հանդես գալ, կարող է քննարկում ծավալվել, եթե նույնիսկ հայկական կողմի համար մերժելի փաստաթուղթ կամ առաջարկ է դա։

«Եթե նույնիսկ դա անընդունելի է, մենք մերժում ենք, նշանակում է, որ քննարկվել է փաստորեն, բայց շեշտեմ, որ ցանկացած քննարկում կարող է ծավալվել, քանի որ ցանկացած մեկը կարող է կարծիք հայտնել, առաջարկ կամ փաստաթուղթ ներկայացնել»,- ասաց Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս