Դատարանում հրապարակվեց Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի նամակագրությունը

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթացող՝ Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով հերթական դատական նիստում ապացույցների հետազոտման փուլն է։ Նիստի ընթացքում հրապարակվեց ՊՎԾ լրազորությունները ժամանակավորապես կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան նամակագրությունը:

Նամակագրությունը, որը որպես պաշտպանական ապացույց՝ ներկայացրել էր Դավիթ Սանասարյանի պաշտպանը,  վերաբերում էր քրեական գործի առարկա հեմոդիալիզի պարագաների մրցույթին, մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ին:

Նամակագրության սկզբում Արսեն Թորոսյանը Դավիթ Սանասարյանից հետաքրքրվել է, թե ՊՎԾ աշխատողներն ինչ լիազորություններ ունեն տենդերի տեխնիկական բնութագիրը փոխելու հարցում:

Ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանը գրել է, որ դիալիզի ոլորտը մինչև այդ պահը (պատասխանը գրվել է 2019 թվականի փետրվարի 1-ին) եղել է մոնոպոլիզացված, և ոչ մեկը չի կարողացել մուտք գործել: Ու ՊՎԾ-ն առաջարկել է տեխնիկական բնութագրերը կազմելիս հաշվի առնել նախնական տիպային բնութագիրը, որը ոչ խտրական է և մրցակցություն ապահովող: Սանասարյանը նամակագրությամբ նաև նշել է, որ պատրաստվում են դիալիզի շուկայի ուսումնասիրության արդյունքներով երկու ընկերության վերաբերյալ նյութեր ուղարկել դատախազություն ու հայտնել, որ չարաշահումների չափը՝ նախնական հաշվարկներով, գերազանցել է 1 մլն ԱՄՆ դոլարը: Սանասարյանը Թորոսյանին նաև առաջարկել է գնալ ՊՎԾ՝ գործի մանրամասներին ծանոթանալու համար համատեղ քննարկման:

Նամակագրության մեջ Թորոսյանը  գրել է նաև «Զորաշեն» ՍՊԸ-ի սև ցուցակ ընկնելու, անորակ ապրանքներ բերելու մասին:

Սանասարյանն էլ նշել է, որ չգիտի, թե «Զորաշեն»-ն ինչ կազմակերպություն է, և հավելել, թե դիալիզի շուկայում երկու կլանի խնդիր կա, մեկը պատկանում է «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանին, մյուսը՝ «Լֆիկ» մականվամբ հայտնի Սամվել Ալեքսանյանին:

Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանի խոսքով՝ գրագրությունից հստակ երևում է, որ Դավիթ Սանասարյանն առաջնորդվել է պետական շահով:

Դատախազ Գևորգ Սարգսյանի դիտարկմամբ էլ՝ նշված գրագրությամբ փաստվում է, որ ՊՎԾ ղեկավարը, իմանալով, որ իր աշխատակիցները զբաղվում են բիզնես գործունեությամբ, որևէ միջոց չի ձեռնարկել որևէ ծառայողական քննություն սկսելու կամ կանխելու համար:

«Այս գրագրությունը խոսում է նրա մասին, որ ես տեղյակ չեմ եղել, թե «Զորաշեն»-ն ինչ կազմակերպություն է: Այս գրագրության վերաբերյալ ես խոսել եմ Սամվել Ադյանի հետ, Սամվել Ադյանի հետ քննարկել ենք, որպեսզի մասնագիտական մոտեցում ցուցաբերվի, Սամվել Ադյանին հանձնարարել եմ, որ մասնագիտական գրի Արսեն Թորոսյանին, քանի որ ես թեմայից շատ տեղյակ չեմ եղել՝ գնումների վերաբերյալ»,- դատարանում ասաց Դավիթ Սանասարյանը՝ նշելով, թե չի իմացել, որ իր աշխատակիցը կապ ունի այդ ընկերության հետ:

Նշենք, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:

Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին, դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էին՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ բոլորն էլ ազատ էին արձակվել:

Տեսանյութեր

Լրահոս