
«Վարչապետի ասածը ոնց կարող եմ ես քննարկել». Արշակ Կարապետյան

«Ինձ վերաբերող բոլոր հարցերը գաղտնի են». Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին զգուշացրեց ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը, որն այժմ զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը:
«Ճշտելու հարցեր ունեին, հարցերը տվեցին, նորից պատասխանեցի»,- նշեց նա` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են երկրորդ անգամ հրավիրել հանձնաժողով:
Դիտարկմանը` նախորդ անգամ սպառի՞չ չէին եղել պատասխանները, Կարապետյանը հորդորեց բացասական գնահատական չտալ:
«Մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր են առաջանում»,- ընդգծեց նա:
Հարցին` Սերժ Սարգսյանի` հանձնաժողով գալուց հետո՞, գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետն արձագանքեց` չեմ կարող ես նման բան ասել:
«Ես տեղյակ չեմ, թե ինքն ինչ պատասխաններ է տվել»,- ասաց Կարապետյանը:
Իսկ այն, որ ապրիլյան պատերազմի բոլոր նախադրյալները եղել են, արդյո՞ք նման տեղեկություններ տվել է ինքը, հետախուզության վարչության նախկին պետը հերթական անգամ հիշեցրեց`իր բոլոր տեղեկությունները գաղտնիություն են պարունակում.
«Ադրբեջանի համար կարևոր է իմանալ`հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ ոչ: Երկու պատասխանն էլ շատ կարևոր բան է. եթե չենք իմացել, դա էլ է իրենց համար կարևոր, եթե իմացել ենք` դա էլ է կարևոր: Ոչ թե ես չեմ ուզում խոսել, ոչ թե ես չեմ ուզում պաշտպանվել, հարցն այստեղ չի: Հարցն այնտեղ է, որ մենք չենք կարող սա իրենց ասել, սա շատ վտանգավոր է»:
Լրացմանը, թե վարչապետն ասել է, որ օպերատիվ տվյալների խնդիր, պակաս չի եղել, Կարապետյանը խորհուրդ տվեց այդ հարցը տալ Ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովին:
«Ես իմ մասնագիտական գնահատականն եմ ասում, ինչի՞ պիտի քննարկեմ վարչապետի ասածը: Վարչապետի ասածը ո՞նց կարող եմ ես քննարկել: Ես չեմ կարող քննարկել»,- ընդգծեց նա` վստահեցնելով, որ եթե տասն անգամ էլ պետք լինի, պարտավոր է գալ հանձնաժողով, թեպետ պնդեց, որ բոլոր հարցերի պատասխանները տվել է:
Հակադարձմանը` եթե տված լինեիք, երկրորդ անգամ չէին կանչի, Կարապետյանն արձագանքեց. «Առաջին անգամվա հարցերին հարցեր են ավելացել: Ես այդպես եմ գտնում, որոշ ճշտումներ են եղել, ուրիշ բան չի եղել: Եթե ամեն ինչ նայենք բացասական տեսակետից, օրինակ, հրավերքը… Մեր պառլամենտն է, հրավիրում են, պիտի գանք, ի՞նչ կա այստեղ»:
Իսկ այսօրվա հանդիպումը Կարապետյանը գնահատեց շատ կոռեկտ, նորմալ աշխատանքային.
«Շատ լավ հանդիպում էր»:
Հիշեցնենք, որ Ապրիլյան հանձնաժողովի նիստում Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի հետ հանդիպումը տևել է մոտ 2 ժամ:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Սերժ Սարգսյանը Կարապետյանի մասով որոշ տեղեկություններ է փոխանցել, ուստի նրան կրկնակի հարցաքննելու որոշում է կայացվել։
Հավելենք, որ ապրիլյան դեպքերից հետո այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը Արշակ Կարապետյանին ազատել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնից: