«Ստյոպա Սաֆարյանի դեմ հասարակության ինտելեկտուալ հատվածն է դուրս եկել, որը վարչապետին պետք է անհանգստացներ, գիշերները չքներ, կանչեր, ասեր՝ տղա, այս ի՞նչ ես անում դու». Պեպանյան

Վերջին օրերին հասարակական լայն քննարկման առարկա են դարձել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի՝ կանանց հասցեին վիրավորանք պարունակող գրառումները։ Նա ֆեյսբուքյան իր էջում նախ վիրավորեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովային, ապա՝ ի պաշտպանություն Էլիբեգովայի հանդես եկող «Լուսավոր Հայաստան» խմբակցության կին պատգամավորներ Աննա Կոստանյանին և Անի Սամսոնյանին։

Ստյոպա Սաֆարյանի՝ վիրավորանք պարունակող գրառումները դատապարտեցին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, մի խումբ իրավապաշտպաններ, հասարակական, քաղաքական գործիչներ, իրավաբաններ, փաստաբաններ և այլք, միևնույն ժամանակ՝ կոչ անելով ներողություն խնդրել։ Սակայն Սաֆարյանն այդպես էլ որևէ մեկից ներողություն չխնդրեց, ավելին՝ շարունակում է նույն գործելաոճը։

168am-ի հետ զրույցում գրող, քաղաքական վերլուծաբան, ՀԽ անդամ Արծրուն Պեպանյանն ասաց, որ Հանրային խորհրդի անդամները որևէ ՀԽ անդամի, ներառյալ՝ նախագահին, հեռացնելու լիազորություն չունեն․

«ՀԽ որևէ անդամի հնարավոր է հեռացնել, եթե ինքը կա՛մ բացակայում է, կա՛մ եթե քաղաքական չեզոքություն չի պահպանում։ Վազգեն Մանուկյանի հետ կապված, երբ իշխանությունները խնդիր ունեցան, պարզվեց, որ այդ օրենքը գրել են, բայց կարգավորված չէ՝ քաղաքական չեզոքությունն ի՞նչ է, ինչպե՞ս են հիմնավորելու՝ այդ մարդը չեզո՞ք է, թե՞ ոչ։ Զգացին, որ չեն կարողանում այդ պատճառաբանությամբ հեռացնել։ Արման Բաբաջանյանը ինչ-որ օրենքի նախագիծ մտցրեց ԱԺ, որտեղ իրենց պատկերացումներով՝ պետք է հստակություն լիներ, թե որ դեպքում կարելի է անվստահություն հայտնել կառավարության կողմից ՀԽ նախագահին։ Քանի որ Վազգեն Մանուկյանն ինքնակամ հեռացավ, չցանկացավ գլուխ դնել իրենց հետ, այդ հարցն առկախեցին։ Հիմա, եթե, ենթադրենք, կառավարությունն ուզենա էլ ՀԽ նախագահին հեռացնել, նորից գալու է նույն փաստի առաջ կանգնի, որ օրենսդրորեն կարգավորված չէ՝ ենթաօրենսդրական ակտերը հստակեցված չեն։ Այսինքն՝ այս պահին էլ, եթե ուզենան, կդժվարանան։ Բայց հետաքրքիրն այն է, որ Արման Բաբաջանյանը լուռ է, իր կարծիքով՝ ՀԽ ներկայիս նախագահը քաղաքականապես չեզոք է, և ընթացք չեն տալիս»։

Արծրուն Պեպանյանն ասաց, որ ինքն էլ է ՀԽ անդամ, իր տեսակետներն է արտահայտում, և, եթե անգամ Հանրային խորհրդի 44 անդամներն էլ ստորագրեն, իրեն չեն կարող հեռացնել․

«Եթե իսկապես այդ հարցը կա, կառավարությունը պետք է գտնի, որ հասարակական պահանջ կա, խնդիրներ են առաջացել, և ընկերական կարգով ասի՝ պարոն Սաֆարյան, դուք խնդիրներ եք ստեղծում, խնդրում ենք ձեզ՝ վայր դնել լիազորությունները։ Ինքս բազմիցս հրապարակայնորեն արտահայտվել եմ, որպես ՀԽ անդամ՝ ասել եմ, որ ինքը քաղաքական չեզոքություն չի պահպանում։ ՀԽ նախագահը պետք է հաշտարար մարդ լիներ, բարոյական դատավոր լիներ, ՀԽ օրենքով՝ եթե վեճ է առաջանում, նա պետք է արագ կանչի, ասի՝ այս ի՞նչ հաշիվ է, հարգելիներս, եկեք հասկանանք, սեղանի շուրջ քննարկենք, խնդիրները լուծենք։ Իմ կարծիքով՝ ինքն իրավունք չունի որևէ թիմի անդամ դառնալ և մյուսներին սկսել հրետակոծել։ Իրեն ճանաչող մարդիկ հարգանքով գրում են, որ՝ հարգելիս, ախր ձեր պահվածքը ՀԽ նախագահի պահվածք չէ, բայց նա դա չի ընդունում»։

Նրա խոսքով՝ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը փոխանակ ատելության դեմ պայքարի՝ ատելություն է հրահրում․ «Վազգեն Մանուկյանի դեմ ո՞ւմ էին հանում՝ ֆեյքերին ու հայհոյախոս կանանց, իսկ հիմա Ստյոպա Սաֆարյանի դեմ հասարակության ինտելեկտուալ հատվածն է դուրս եկել, որը վարչապետին պետք է անհանգստացներ, գիշերները չքներ, ասեր՝ էս ի՞նչ է կատարվում, կանչեր, ասեր՝ տղա՛, այս ի՞նչ ես անում դու, տես՝ ովքեր են քո դեմ գրում։ Ստյոպա Սաֆարյանի անձը չէ հարցը, ես իրեն վաղուց ճանաչում եմ ու միշտ գնահատել եմ նրա գիտելիքները, բայց ՀԽ նախագահի կարգավիճակը հստակ պահվածք է ենթադրում։ Այդ մարդը չի համապատասխանում, հո զոռո՞վ չի։ Եթե ինքն ուզում է բուռն պայքարների մեջ մտնել, թող կուսակցություն բացի, ո՞վ է իրեն խանգարում։ Ինքը միշտ ասում է՝ ես որպես ՀԽ նախագահ չեմ խոսում, բայց մեկ է՝ մարդիկ իրեն այդպես են ընկալում։ Ոնց որ հիմա Փաշինյանը մի բան ասի, հետո ասի՝ ես որպես վարչապետ չեմ դա ասում։ Մեկ է՝ պետք է ընկալես՝ որպես վարչապետի ասած, չէ՞»։

Արծրուն Պեպանյանը հավելեց, որ այսօր պետք է ՀԽ հեռավար նիստ լինի, բայց ինքը Ստյոպա Սաֆարյանի հարցը բարձրացնելու է, երբ դեմ առ դեմ հանդիպեն․ «Ես այդ ժամանակ դնելու եմ այն հարցը, թե որ չափով է ՀԽ նախագահի վարքը համապատասխանում իր կարգավիճակին։ Եթե ՀԽ-ն մտահոգիչ համարի, մենք կհորդորենք իրեն հաշվի առնել մեր դիտողությունները։ Նաև պահանջելու ենք, որ քննարկումը բաց լինի՝ լրագրողների մասնակցությամբ։ Առանց իրեն տեսնելու՝ քննարկում չի լինի, պետք է հնարավորություն տանք, որ նա արտահայտվի, մյուսները արտահայտվեն»։

Տեսանյութեր

Լրահոս