Փղերի ու մոծակների ժամանակը. Անժելա Էլիբեգովայի և Արմինե Ադիբեկյանի հեղինակած “АРМЯНОФОБИЯ В АЗЕРБАЙДЖАНЕ” գիրքը ՄԻԵԴ-ում ներկայացվում է որպես հավելված
Երեկ հերթական անգամ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն «աչքի ընկավ» իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան վարքագծի դրսևորմամբ` հասարակական համախմբման «փայլուն» օրինակ ցույց տալով բոլորիս:
Հանրային խորհրդի նախագահը, ով աչքի է ընկնում իր ֆանտաստիկ «հանդուրժողականությամբ» ու հատկապես «կնամեծարությամբ», երեկ հերրթական մաստեր կլասը ցույց տվեց այն մասին, թե ինչպիսին չպիտի լինի հանրային պաշտոն զբաղեցնող մարդը:
Հանրային խորհրդի նախագահի թիրախում երեկ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան էր: Դեռ ոչինչ, որ Ստյոպա Սաֆարյանը կասկածի տակ էր դրել Անժելա Էլիբեգովայի մասնագիտական ունակություններն ու հայրենասիրությունը, նրան միայն իրեն հայտնի մեղքերի մեջ թաթախել, բայց այս մարդը, անցնելով բարեկրթության ու դաստիարակության բոլոր սահմանները՝ անձնական վիրավորանքն էր հասցրել վերջինիս:
«Սերժի ու փեսու ՊՈԱԿ-ի Անժելան է։ Տասնամյակով ՊՈԱԿ-ի փողերը կերան իբր ադրբեջանցիների դեմ ինֆորմացիոն պատերազմ էին «մղում», բայց ձեռքի հետ ֆեյքերով մեզ էին վրա տալիս։ Հա, էն իշխանական ֆեյքերը, որոնց Շուշան Պետրոսյանն ու մյուսները չէին տեսնում, որոնք հայհոյում էին սապոժնիկից բեթար, սպառնում։ Հիմա տեսնում են, խոսում են նոր իշխանությունների օրոք ՊՈԱԿ-ի ֆեյքերից մասին, որովհետև իրենք դա արել են, գիտեն թե մենք էլ ենք անում։ ՀիմաՊՈԱԿ-ից ու Բաղրամյան 26-ից չեն սնվում։ Ծծակտրվել են։ Էլ ադրբեջանցիների հետ ինֆորմացիոն պատերազմ չեն մղում, որովհետև չեն վճարում։ Իսկ դուք տարբերությունը զգում եք? Չկա։ Դուք չեք զգա, որ այժմ այդ պատերազմի արդյունքներում որևէ փոփոխություն կա, որովհետեւ սրանք դրանով չէին զբաղված, այլ այդպիսի կեղծ պատրանք էին ստեղծում։ Որովհետև այդպիսի պատերազմ սրանք չեն մղել։ Սրանք նախագահականի ՊՈԱԿ-ի, Միշիկի փողերի համար էին պատերազմ մղում։ Ադրբեջանի դեմ պատերազմի պատրվակի տակ սրանք նախկինում էլ ժողովրդի դեմ էին կռվում, որ վայելեն կյանքը, ՊՈԱԿ-ի փողերը հավերժ լինեն։ Փեսեն որ ասում է ափսոս չկարողացանք ապրիլյան պատերազմը հաղթանակ ներկայացնենք, այս «կիբերբանակի» մասին էր ասում։ Նայեք թե ինչով են հիմա զբաղված, կհամոզվեք։ Հիմա իշխանության կորստից փողային կլիմաքսի մեջ են հայտնվել։ Վերջին հույսը փեսու փոստարկղն էր, էդ էլ ոչ մեկին հետաքրքիր չէ ու միայն հանրության զվարճալիք է դարձել։ 360/360 ի վրա գաբարիտները պատեպատ է տալիս։ Ափսոս կանայք կան, թե չէ կասեի, թե ինչը թոթոլ տոտոշներին քցեր… Փեսուն ասեք վուլգառ ու հակահիգիենիկ փսնթուներդ հավաքի։ Մենք այդպիսի ժամանակ չունենք»,- գրել էր հեղափոխության աննկուն պաշտպանը, ով, կրկին հիշեցնենք, Հանրային խորհրդի նախագահն է, ինչը ենթադրում է, որ ոչ միայն իշխանության երկրպագուների, այլև նրան քննադատողների համար հանրային պաշտոն զբաղեցնող անձ է:
Ի դեպ, գրառման ուղղագրությունն ու կետադրությունն անփոփոխ ենք ներկայացրել, որ հանկարծ պարոն նախագահը մեզ այս անգամ էլ իր գրածն աղավաղելու մեջ չմեղադրի, և քանի որ նրա չափման միավորը գրեթե միշտ ադրբեջանական է, չենք ուզում կրկին արժանանալ նրա ցասմանը: Նկատենք, որ 168 սհաթի.ազ-ը ևս աշխարհի ամենահանդուրժող հանրային խորհրդի նախագահի ձևակերպումն է:
Այս գրառմանն ի պատասխան` Անժելա Էլիբեգովան գրել էր. «Եվ ուրեմն
1. բոլոր նշված «փաստերը» իմ անձի վերաբերյալ առաջարկում եմ երկուշաբթի առավոտյան տանել ոստիկանություն և հետևողականորեն ապացուցել դրանց իսկությունը, իրավական համակարգի բոլոր լծակները ձեր տրամադրության տակ են։ Եթե չհաջողվեց ապացուցել, ֆիքսենք, որ զուտ օդ ես տատանում հերթական անգամ
2. համացանցում ազատ ես գրել կնոջդ, քրոջդ, մորդ մարմնի մասերից, իմ մարմինը իմ և ամուսնուս անձնական տարածքն ա։ Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ
3. Այնուամենայնիվ կանանց իրավունքներով զբաղվող բազմաթիվ ՀԿ-ների ուշադրությունը հրավիրում եմ Հանրային խորհրդի նախագահի պահվածքի վրա, ակնկալում եմ արձագանք»։
Չուշացավ նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արձագանքը, ով մասնավորապես գրել էր, որ խիստ մտահոգիչ երևույթ է, երբ մարդու արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող գրառում է անում երկրի Հանրային խորհրդի նախագահը՝ որպես հանրային պաշտոն զբաղեցնող և օրենքով ստեղծված ու կոնկրետ խնդիրներ, իրավական կոնկրետ կարգավիճակ ունեցող մարմնի ղեկավար, ում պաշտոնի հրամայականով թելադրված պարտադիր խնդիրն է հասարակությունում փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը:
«Հանրային խորհրդի ղեկավարի գրառման ուսումնասիրությունը վկայում է, որ դա արվել է կնոջը վիրավորելով՝ նրա սեռի թիրախավորմամբ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվում են արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանություններ, որոնք ոչ միայն չեն հեռացվում, այլ նաև ակնհայտ խրախուսվում են»,- նշել էր ՄԻՊ-ը:
Գրառման հեղինակի «բարոյական կոլապսի» մասին խոսեց նաև Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Բարոյական կոլապսից զարհուրելի բան չկա։ Երբ մարդուն տարբերակող բոլոր արժեքները մեկից դառնում են ջնջոց. պոլի շոր։
Ավելի վախկոտ քայլ, քան կնոջը թիրախավորելը, գոնե ինձ համար, չկա։ Ու հեչ կարեւոր չի ՝ էդ կինը ո՞ր քաղաքական ֆլանգից է ՝ իմքայլակա՞ն, լուսավորի՞ց, արտախորհրդարանական որեւէ ուժի՞ց, քաղակտիվիստների՞ց, թե՞ Ստյոպա Սաֆարյանի քույրը, ում ատելության թիրախ էին սարքել։
Անկեղծ ցավ ապրեցի, երբ կարդացի ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հասցեին Հանրային խորհրդի նախագահի գրառումը։
Մենք բոլորս այլեւս մտել ենք ականապատ տարածք՝ ատելության, թշնամանքի, միմյանց ու ինքներս մեզ խժռելու ստալկերյան մեռյալ մի զոնա։
Ու էս «հայհոյաժայթքի» ռադիացիոն ալիքը Չեռնոբիլից վատ է: Վատ է, որովհետև տղամարդու մեջ սպանում է տղամարդկությունը, կնոջ մեջ` կանացիությունը:
Բարոյական դեֆոլտից գարշելի բան չկա: Սա այլևս ականապատ տարածք է, որի վրա դանդաղ պայթում ենք բոլորս:
Չգիտեմ ինչի, բայց կարծում եմ, որ Ստյոպա Սաֆարյանը ներողություն է խնդրելու Անժելա Էլիբեգովայից: Որովհետև` էդպես ճիշտ կլինի»,- գրել էր Նաիրա Զոհրաբյանը:
Զարմանալիորեն լուռ է հասարակական իրավապաշտպան սեկտորը` չնչին բացառություններով, բայց որ լուռ է նաև Ազգային ժողովի պատգամավոր, իմքայլական Վաղարշակ Հակոբյանը, դա արդեն որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, քանի որ վերջերս Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի ժամանակ նա իրեն դրսևորեց որպես կանանց իրավունքների պաշտպանության «անխոնջ մարտիկ»` ՄԻՊ-ին մեղադրելով կանանց իրավունքների խպաշտպանությանը պատշաճ չանդրադառնալու մեջ:
Փոխարենը չլռեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, ով գործի բերումով է իրազեկ Անժելա Էլիբեգովայի` որպես ադրբեջանագետ, մասնագիտական կարողություններից:
«Ի պատասխան Հանրային խորհրդի նախագահի գրառմանը Անժելա Էլիբեգովայի վերաբերյալ, մասնավորապես, երբ կասկածի տակ է դրվում նրա գործունեությունը որպես ադրբեջանագետի: Արդեն երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացվող բոլոր գանգատներում Անժելա Էլիբեգովայի և Արմինե Ադիբեկյանի հեղինակած “АРМЯНОФОБИЯ В АЗЕРБАЙДЖАНЕ” գիրքը ներկայացվում է որպես հավելված: Կրկնում եմ՝ որպես հավելված, այլ ոչ թե որպես տողատակի հղում: Այս աշխատության ապացուցողական նշանակությունը դժվար է գերագնահատել:
Իրավաբանների համար դրա ամենամեծ արժեքը նրանում ինֆորմացիայի առատությունն է ու համակարգվածությունը: Դա հենց այն է, ինչ անհրաժեշտ է իրավաբանին միջազգային ատյանում հիմնավորելու համար ռասիզմի առկայություն մեկ այլ պետությունում: Իմ իրավաբան գործընկերները դա կհաստատեն: Ե՛վ մեթոդաբանության, և՛ բովանդակության առումով ես դեռ չեմ հանդիպել առավել հիմնավոր աղբյուր, քան վերը նշված հետազոտությունն է՝ առնվազն իմ ոլորտում՝ դատավարության մեջ օգտագործելու նպատակով: Այդ աշխատության մեջ դեռ ոչ մի փաստ չի հերքվել մեր հակառակորդների կողմից: Ու այդ գիրքը արդեն տվել է իր պտուղները, երեք ամիս առաջ, ու դեռ շատ խոչընդոտներ է օգնելու մեզ հաղթահարելու այդ գիրքը: Շնորհակալություն Անժելա Էլիբեգովային ու Արմինե Ադիբեկյանին այդ հետազոտությունը կատարելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Արա Ղազարյանը:
Ստյոպա Սաֆարյանին առաջարկում ենք շատ ուշադիր կարդալ Արա Ղազարյանի գրառումը, որովհետև վերջինս, ի տարբերություն իր երկրպագուների ու ֆեյքերի բանակի, մոտիկից է տեսել` ինչ ասել է ՄԻԵԴ:
Եվ վերջում, մի հռետորական հարց մտածող հանրությանը. ի՞նչ կաներ Ստյոպա Սաֆարյանը, եթե նման գրառմամբ որևէ մեկի հասցեին հանդես գար Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը:
Իրականում մտածելու բան բոլորս ունենք: