Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում ձեռնպահ քվեարկեցին Վլադիմիր Վարդանյանի ներկայացրած նախագծին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հեղինակել և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը:
Ըստ պատգամավորի՝ այդ նախագիծը քննարկում են հենց այս ժամանակահատվածում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակը, որի դեպքում շատերը փորձում են պահպանել սոցիալական հեռավորությունը, իսկ հնարավորության դեպքում փորձում են նիստերն անցկացնել հեռավար կարգով: Հետևաբար՝ ներկայացրած նախագիծը հնարավորություն է տալու Փաստաբանական պալատի խորհրդին ևս օգտվել այդ հնարավորությունից:
«Այս ամենից զատ, վերջին շրջանում միջազգային տարատեսակ կառույցներ որդեգրել են առցանց կամ հեռավար նիստեր անցկացնելու ընթացակարգը: Սրանով է պայմանավորված նաև նախագծի ներկայացումը: Նախատեսված է նաև, որ նախագծով հնարավորություն տրվի, որպեսզի փաստաբանների խորհուրդը կարողանա, այսպես ասած՝ հարցման միջոցով որոշումներ կայացնել: Շատ դեպքերում լինում են ընթացակարգային հարցեր, որի պայմաններում նիստ անցկացնելու անհրաժեշտություն չի լինում, պարզապես անհրաժեշտ է լինում ստանալ խորհրդի անդամների կարծիքը: Որոշակի հստակություն է նախատեսված նաև կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, օրինակ, գրավոր ընթացակարգեր նախատեսելու հնարավորության դեպքում»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը:
Պատգամավորի կարծիքով՝ այսօր նախագիծը շատ արդիական է, ուստի ցանկությունը մեծ է, որ այն քննարկեն մինչև ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտը, հակառակ դեպքում՝ անտրամաբանական կլինի պանդեմիայի պայմաններում հեռավար քվեարկության հնարավորությունը հետաձգել:
«Ինքս մշտապես եղել եմ և կամ առկա նիստերի կողմնակից, որովհետև մարդկային շփմանը ոչինչ չի կարող փոխարինել: Սակայն աշխարհագրորեն տարբեր վայրերում գտվելու կամ ներկայիս պանդեմիայի պարագայում մենք պետք է նախատեսենք արդյունավետ գործիքներ: Սա արդյունավետ գործիքներից մեկն է»,- հավելեց Վլադիմիր Վարդանյանը:
Պատգամավորի ներկայացրած նախագծին հանձնաժողովի անդամները ձեռնպահ քվեարկեցին: