«Դա իշխանությունը պահելու գինն է». Լարիսա Ալավերդյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին կառուցողական համարելու հայտարարության մասին

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ընդգծեց՝ ամբողջովին մերժում է գործող իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» ձևակերպումը:

«Ամբողջովին սխալ եմ համարում այն քաղաքականությունն Արցախի հարցում, որը հիմնված պետք է լինի այդ տերմինաբանության վրա: Հանրահայտ աքսիոմ է՝ երբ քաղաքականության մասին խոսում ես՝ ամեն խոսքը դոկտրին է: Տվյալ դեպքում այն դոկտրինը, որի վրա ուզում է աշխատել վարչապետը, ամբողջովին անարդյունավետ է, վնասակար է, նահանջողական է և կարող է շատ թանկ նստել մեր հաղթանակների ժամանակ: Եթե նկատել եք՝ խոսելով բոլոր վտանգների մասին՝ ես մտքումս անգամ չունեմ մտայնություն, որ մենք չենք ունենալու հաջողություն: Հաջողությունները մինչև այսօր արձանագրել է հայ ժողովուրդը, և միշտ չէ, որ դա եղել է շնորհիվ իր ղեկավարության»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ եթե անգամ իշխանություններն այնպիսի քաղաքականություն վարեն, որ բոլորի տունը ոսկով լցվի, բայց դրա գինը լինի անվտանգությունը, ապա ամբողջ ոսկին էլ, երկիրն էլ մնալու է թշնամուն.

«Արցախի լուծումը վաղուց տրված է՝ չկա արցախյան հարց, կա Արցախի պատասխան, բայց իշխանության անգամ սխալ բառապաշարն արդեն մեզ խոստանում է ավելի բարձր գին, իսկ այդ գինը մարդկային կյանքեր, ճակատագրեր են»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե շփումներից հասկացել է, որ Ադրբեջանի նախագահն էլ է կառուցողական տրամադրված Արցախի հարցում, Լ. Ալավերդյանն ասաց.

«Դա իշխանության գինն է, երկրում իշխանությունը պահելու գինն է: Նույն այդ տարօրինակ կոնվենցիաները կամ ինչ-որ դեսպանի կողմից ժողովրդավարության վերաբերյալ հզոր գնահատական, այդ բոլորը այն գինն է, որը վճարում են: Նախկինում էլ էի ես ասում: Միշտ մենք ավելի կոնստրուկտիվ երևալու համար անգամ համաձայնում էինք մի բանի հետ, որի հետ, օրինակ՝ Արցախը չէր համաձայնում, իսկ Հայաստանը համաձայնում էր: Ես միշտ երկու պատճառ էի գտնում՝ մեկը իշխանությունը պահելն է, մյուսը՝ ստատուս-քվոն: Հիմա՝ իշխանությունը պահելն է, որովհետև գոնե հայկական կողմի գնահատականները տարբերվում են: Քանի որ հիմնովին փոխվել են այդ գնահատականները, ապա գտնում եմ, որ միայն իշխանությունը պահելն է պատճառը»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանն ընդգծեց՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները նոր փուլի սկիզբ էին նշանակում. «Դրանից վերջապես պետք է քաղեինք այն արդյունքները, որոնց դիմադրում էր այդ մադրիդյան պիղծ սկզբունքները: Մենք ունեցանք այդ շանսը, բայց մոռացության տվեցինք: Եթե մեկն ասում է, որ Ադրբեջանի նախագահը կոնստրուկտիվ է, էլ ի՞նչ խոսենք Վիեննայի պայմանավորվածության մասին, որը պնդում էր, որ դեստրուկտիվ է: Այդ մոտեցումները չէր մշակվի, եթե բոլորի մոտ համոզմունք չլիներ, որ Ադրբեջանը կրկին փորձելու է այս զինադադարը խախտել: Նիկոլ Փաշինյանն իր տերմինաբանությամբ չի սխալվել, երբ ասել է՝ Արցախի ընտրված ներկայացուցիչներ: Դա դոկտրին է, քայքայիչ մի քաղաքականություն է, որը չի վերաբերում զուտ Արցախի անվտանգությանը՝ կա միասնական Հայաստանի և համայն հայության անվտանգությունը, որն ուղղակի սպառնալիքների ներքո է: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի հայության հետ Սփյուռքում, եթե իրականացվեն ալիևյան և էրդողանյան ծրագրերը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս