Բաժիններ՝

«Եթե հաջորդ տարի էլ հեռավար դասեր անցկացվեն՝ դա շատ վատ կանդրադառնա կրթության որակի վրա»․ Կրթության փորձագետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 16-ին, ասուլիսի ժամանակ ներկայացրեց թվով չորրորդ «100 փաստը»՝ կառավարության գործունեության մասին: 20-րդ փաստը վերաբերում էր հեռավար կրթությանը:

«Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը օնլայն կազմակերելու նպատակով գործարկվել է հեռավար կրթության հարթակ, ինչի շնորհիվ հանրակրթության ապահովման գործընթացը չի խաթարվել: Եվ ըստ էության մենք այս տարի, չնայած դպրոցները ֆիզիկապես փակ են, բայց ուսումնական տարին ավարտին կհասցնենք, և կավարտեն երեխաները դասարանները, դպրոցը: Եվ մենք հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի հեռավար կրթության համակարգի ամբողջական ենթակառուցվածք ունենանք մինչև աշուն, որովհետև մեծ հավանականություն կա, որ աշնանը նույնպես կորոնավիրուս ենք ունենալու, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի»,- նշել է վարչապետը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հեռավար կրթությունը նաև աշնանը շարունակելուն՝ ասաց, որ դեռևս մարտ ամսին առաջարկել է Հանրայինն հեռուստաընկերությամբ առավոտից երեկո դաս անել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատերն ինտերնետի և համակարգչի խնդիր կունենան։

«Երեկ նայում եմ՝ գրված է, որ Վրաստանն ու Ֆինլանդիան լավագույնն են ճանաչվել հեռավար կրթության մեջ։ Ասացի՝ տեսնեմ, թե Վրաստանն ի՞նչ է արել։ Բացեցի՝ տեսա, որ այն, ինչ ես էի գրել, այն է՝ Հանրային հեռուստատեսությամբ առավոտից երեկո հեռավար դասեր կազմակերպելը, Վրաստանն արել է, անգամ հայերի ու ադրբեջանցիների համար՝ որպես այդ երկրի ազգային փոքրամասնություններ։ Առավոտյան ժամը 09։00-ից մինչև 18։00-ն հեռուստադասեր են արել ու Microsoft-ի ինովացիոն կենտրոն հենց Վրաստանի ԿԳ նախարարին են կանչել։ Այնքան վատ զգացի, քանի որ դա մենք կարող էինք անել, սակայն դրա փոխարեն՝ կիսատ-պռատ  աշխատեցինք։ Հ1-ով առավոտյան 8։30 ո՞վ է զարթնում ու դաս նայում։ Ավելին՝ սեպտեմբերի ծրագրով նախատեսված դասերը հիմա են անում»,- ասաց կրթության փորձագետը։

Նա կարևորեց այս երեք ամիսների ընթացքում ուսուցիչներին նոր տեխնոլոգիաների օգտագործման գծով վերապատրաստելը։

«Շատ կարևոր է ուսուցիչներին սովորեցնել, որ իրենք վիդեոդասեր նկարեն։ Պետք է հեռավար կրթության ինչ-որ ուղեցույց մշակենք այն մասին, թե ի՞նչ խնդիրներ կան, ինչպե՞ս կառավարեն և դա սեպտեմբերին տան ուսուցիչներին։ Հանրային հեռուստաընկերությունը պետք է փորձեն օգտագործել, որովհետև գուցե դա ավելի լավ ու հաջող լինի, քան երեխաներին համակարգիչներ նվիրելու փորձերը։ Երեխաների խնդիրը ոչ միայն համակարգիչը, այլև ինտերնետն է, իսկ հեռուստացույց բոլորի տներում կա ու հասանելի է։ Հեռուստադասը հարմար է նաև փոքր երեխաներին։ Հ1-ով ընդամենը նոր նյութն են ներկայացնում, իսկ դա ուսուցչի բեռը թեթևացնում է, և նրան մնում է երեխաներին դաս հարցնելը։ Իսկ այն երեխաներին, ովքեր տեխնիկայի խնդիր կունենան, ուսուցիչը կարող է հեռախոսի միջոցով դաս հարցնել։

Արցախում դեպքեր եղան, որ երեխաներին դաս հարցրեցին իրենց բակերում։ Ռուսաստանում, ի դեպ, ասացին՝ եթե կան երեխաներ, ովքեր չունեն համակարգիչ, կարող են գալ դպրոց ու այնտեղից օգտվել։ Ի դեպ, ՌԴ-ում թույլ են տվել փոքր դպրոցներում դաս անել, եթե պայմանները կան։ Օրինակ, մենք Հայաստանում ունենք 10 հոգանոց դպրոց։ Հիմա եթե ամբողջ դպրոցում 10 հոգի է, կարելի է այնպես կազմակերպել, որ հեռու նստեն ու հանգիստ դաս անեն»,- նկատեց Սերոբ Խաչատրյանը՝ կարևորելով բացի աշակերտներից՝ նաև ուսուցիչներին տեխնիկայի հարցում աջակցելը։

«Այս պահին ուսուցիչներն օգտագործում են իրենց անձնական տեխնիկան՝ պետական գործի համար։ Լավ կլիներ, որ տնօրենի հաստատմամբ մեծ զեղչով համակարգիչ կարողանան ձեռք բերել, քանի որ լինում են դեպքեր, որ տեխնիկան փչանում է։ Պետությունն ինչ-որ մեխանիզմ պետք է ստեղծի, արտոնյալ պայման առաջարկի»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է առաջին դասարանցիներին՝ կրթության փորձագետը նկատեց․

«Նրանց վիճակն ամենավատն է։ Այդ երեխաները տուժեցին։ Այս սեզոնը, որ իրենց համար կարևոր էր, պետք է նախապատրաստվեին դպրոցին, սակայն այդպես չեղավ։ Ու այս ձախողումից հետո մի հատ էլ սեպտեմբերի 1-ին էկրանի մյուս կողմում մի մարդ են տեսնելու։ Եթե հաջորդ տարի էլ հեռավար դասեր անցկացվեն՝ դա շատ վատ կանդրադառնա կրթության որակի վրա։ Սակայն կարծես թե այլ տարբերակ չկա»։

Անդրադառնալով բուհերին՝ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ այս դեպքում  շատ բան կախված է ուսանողից։ «Եթե ուսանողը սովորող է, հեռավարի դեպքում կարող է նաև շահել, որովհետև, եթե ժամանակ է ծախսում, ասենք, 2 ժամ մարզից գալու համար, հիմա այդ ժամանակահատվածը սովորելուն կհատկացնի։

Ուսանողներն առանձնապես չեն տուժի, քանի որ հեռավար ուսուցումը շատ լավ համակարգ է ինքնուրույն մարդու համար, իսկ ուսանողների շրջանում նրանց թիվն ավելի շատ է։

Չսովորող ուսանողներն էլ, եթե գալիս համալսարանի սրճարանում, բակում ժամանակ էին անցկացնում, հիմա, եթե չկա այդ հնարավորությունը, գուցե դասին հատկացնեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս