«Երեխայի սեռական կողմնորոշում» խիստ մերժելի եզրույթը որպես իրավական կատեգորիա ներմուծվում է ազգային օրենսդրություն». Վահե Թորոսյան
168.am–ի զրուցակիցն է իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը:
-Վերջերս Ազգային ժողովի կողմից վավերացված Լանզարոտի կոնվենցիան մեծ քննադատության արժանացավ հանրության կողմից։ Ի՞նչ իրավական նորույթ է այն պարունակում մեզ համար․
-Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին կոնվենցիան, որը ստորագրվել է ԵԽ բոլոր անդամ երկրների կողմից արտաքուստ նպատակ է հետապնդում կանխարգելելու երեխաների սեռական շահագործումը և նրանց նկատմամբ սեռական բռնությունը, ինչը իհարկե լավ է։ Բայց խորքային բովանդակությամբ և քողարկված շարժառիթներով այդ փաստաթուղթը միանգամայն այլ իրավական սցենար է նախանշում։ Մասնավորապես երկրորդ հոդվածում խտրականության արգելքի ավանդական հիմքերի շարքում նշվում է նաև երեխայի սեռական կողմնորոշումը և այդ հենքով նրանց պաշտպանությունը։ Սա վտանգավոր միտում է նախ և առաջ ազգային իրավունքի զարգացման տեսանկյունից, քանի որ այլևս վավերացված այդ Կոնվենցիայի դրույթները դառնում են ելակետեր մեր իրավական համակարգում։ Այսինքն «երեխայի սեռական կողմնորոշում» խիստ մերժելի եզրույթը որպես իրավական կատեգորիա ներմուծվում է ազգային օրենսդրություն։ Մենք իրավունք չունենք նման շռայլություն թույլ տալ մեր իրավական համակարգում իր բարոյական և քաղաքակրթական հետևանքներով հանդերձ։
–Շատ է խոսվում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի թաքնված վտանգների մասին, խոսքը վերաբերում է դպրոցներում երեխաների սեռական դաստիարակությանը։ Այս հարցում կա՞ն լուրջ մտահոգություն ըստ Ձեզ։
-Այո ունեմ խիստ վերապահումներ այս հարցում։ Վեցերորդ հոդվածով նախատեսված կարգավորումները իսկապես ուղղված են հանրակրթության համակարգում երեխայի սեռական կրթությանը, սեռական անձեռնխելիության մասին տեղեկատվության և գիտելիքների տրամադրմանը։ Իր ինքնության որոնման և ինքնաճանաչման ճանապարհին գտնվող երեխային սեռական ուղղվածության թեմաներով զբաղեցնելը և նրա մանկական ուղեղը սեռամարմնային և գենդերային տեղեկություններով ծանրաբեռնելը արդեն իսկ բարոյական բռնություն է երեխայի նկատմամբ։ Երեխան հնարավորինս պետք է զերծ մնա իր տարիքին և կարգավիճակին անհամատեղելի գաղափարական ազդեցություններից, որոնք կարող են աղճատել նրա մանկական իմունիտետը։ Ինչ է մեր ծնողները, տատերն ու պապերը, որոնք մանկական տարիքում տեղյակ չէին սեռով պայմանավորված խնդիրներին, չէին ստացել սեռական կրթություն, արդյո՞ք դադարել էին իրենց սերնդի վերարտադրության առաքելությունը կրելուց։
Բացի այդ երեխայի սեռական կրթության անվան տակ բացառված չէ, որ սեռական փոքրամասնություններին առնչվող նյութեր մատուցվեն, որը կարծես թե հեռու չէ մերօրյա իրականությունից՝ դատելով այդ ուղղությամբ ջանադիր աշխատող հասարակական կազմակերպությունների գործելաոճից։ Եթե այսօր արդեն մանուկների համար լույս են տեսնում «իմ մարմինն իմ անձնականն է» վերանգրով գրքույկներ կամ Ազգային ժողովի ամբիոնից քննադատվում է այբբենարան, միայն նրա համար, որ հայ կինը պատկերված տնային տնտեսու կերպարով, ինչո՞ւ պետք է դպրոցում երեխայի սեռական դաստիարակության հարցում մենք լավատեսական հույսեր փայփայենք։
–Լանզարոտի կոնվենցիան ի տարբերություն Ստամբուլյան կոնվենցիայի սահուն կերպով վավերացվեց Ազգային Ժողովի կողմից։ Կարծես թե հապճեպ վավերացնելու միտում էր նկատվում։ Այդպե՞ս է արդյոք։
-Նախորդ տարվանից թերևս երկու միջազգային իրավական փաստաթուղթ է գտնվում իշխանությունների օրակարգում։ Դրանցից մեկը հանրության քաջ հայտնի Ստամբուլյան կոնվենցիան էր, որը առժամանակ դուրս մղվեց ակտիվ օրակարգից, քանի որ մարդկային առողջ բանականությունը քողազերծեց այդ փաստաթղթի հնարավոր վտանգները։ Այդ ժամանակ ակնհայտ էր, որ հանրային ցասումը կարող է լրջորեն վտանգել իշխանության հեղինակությունը։ Լանզարոտի կոնվենցիայի պարագային դա տեղի չունեցավ, քանի որ այն ընդունվեց բավականին հապճեպ, առանց լայն հանրային քննարկումների և բանավեճերի, արդյունքում հանրությունը չհասցրեց համարժեք կանխարգելիչ գնահատականներ հնչեցնելու։ Ավելորդ չէ նշել, որ դրան մեծապես նպաստեց համաճարակային իրավիճակը, երբ մարդիկ առօրյա հոգսերով տարված փորձում էին հաղթահարել արտակարգ դրության ճգնաժամային հետևանքները և օբյեկտիվորեն չէին կարող հետամուտ լինել կողմնակի գործընթացներին։ Այս կոնվենցիան Ստամբուլյան կոնվենցիայի գաղափարական կցորդն է, երկուսն էլ ըստ էության միտված իրավական ուղիների գործադրմամբ պարալիզացնելու մեր բարոյական դիմագիծն ու ազգային նկարագիրը։ Դրանք իրավունքի էության հետ աղերս չունեն, քանի որ իրավունքը նախ և առաջ աստվածային օրենքների և բնական օրինաչափությունների արտացոլումն է մարդկային բանականության մեջ։ Այդ փաստաթղթերում իրավունքը բռնադատված է, այնտեղ սոսկ լեգալ կարգադրագրեր են, որոնք մարդու հիմնական առքելությունից շեղելու և այպես կոչված նոր բարոյականություն ձևավորելու հեռահար նպատակներ են հետապնդում։
ԱՆԱՀԻՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ