«Մայիսի 15-ի դրությամբ վարկային արձակուրդ է տրամադրվել է 485.000 ֆիզիկական և 15.000 իրավաբանական անձանց». Փաշինյան
Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպություններն արտակարգ դրությամբ պայմանավորված վարկառուների զգալի մասի համար տրամադրել են վարկային արձակուրդ: Մայիսի 15-ի դրությամբ վարկային արձակուրդ է տրամադրվել է 485.000 ֆիզիկական անձանց և ավելի քան 15.000 իրավաբանական անձանց: Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768.150 վարկ և իրավաբանական անձանց 16.875 վարկ: Այս մասին հրավիրած առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Նոր Հայաստանի մասին 100 փաստ-4»-ը:
Վարչապետի ներկայացրած փաստերից 22-րդը վերաբերում է ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուներին, որոնք հնարավորություն են ստացել հիպոթեքային վարկերի մարումները հետաձգել 6 ամսով, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Ազգային հիպոթեքային ընկերություն և «Բնակարաններ երիտասարդներին» ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերին: Դրանց մայր գումարների մարումը հնարավոր է հետաձգել մինչև 6 ամսով, այսինքն՝ մինչև սեպտեմբերը ներառյալ:
«Փաստ 23-րդը վերաբերում է ժամկետն անց հարկային պարտավորություններին, որը օրենսդրական փոփոխությունների արդյունքում տույժի հաշվարկը յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 00,75-ի փոխարեն հաշվարկվելու է 00,4 չափով: Սա մենք ընդունել ենք ոչ այնքան որպես հակաճգնաժամային միջոցառում, այլ ընդունել ենք՝ որպես հարկային քաղաքականություն: Սա օրենսդրական նախաձեռնութուն է, որը չի դադարելու կորոնավիրուսի հաղթահարելուց հետո, այսինքն՝ այս փոփոխությունը մշտապես գոյություն է ունենալու»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
24-րդ փաստով վարչապետն արձանագրեց, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր, մայիսի 5-ի դրությամբ շուրջ 23.000 քաղաքացի է վերադարձել Հայաստան, սա էլ այն պայմաններում, երբ դադարել էին օդային բազմաթիվ փոխադրումներ: Առաջիկայում էլ է նախատեսված Հայաստան վերադարձող քաղաքացիների տեղափոխումը, որը տեղի է ունենալու որոշակի սահմանափակումների պահպանմամբ:
Իսկ 25-րդ փաստով, պարենային խնդիրը կարգավորելու նպատակով մինչև հունիսի 30-ը երրորդ երկրներից ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող կարևոր նշանակության մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսային տուրքի զրո տոկոս դրույքաչափ:
«Նշված ապրանքների դասին են պատկանում կարտոֆիլը, սոխը, սխտորը, պղպեղը, հնդկաձավարը, գազարը, կաղամբը, մանկական կերերը և մի շարք դեղամիջոցներ:
Բացի այդ, 2019 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ մյուս երկրների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Հայաստանի համար 900 ապրանքների գծով եղած արտոնությունները երկարաձգելու շուրջ, որոնք պետք է վերանայեին այս տարվա հունվարի 1-ից»,- շեշտեց վարչապետը:
26-րդ փաստի համաձայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր գործընկերների և միջազգային կառույցների հետ: Ըստ վարչապետի, այդ համագործակցության արդյունքում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի շուրջ 96 մլն եվրո, ԱՄՆ-ն 1,7 մլն դոլար, իսկ համաշխարհային բանկը 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն: