ԵՄ-ն ԱլԳ տարածաշրջանի հակամարտությունների վերաբերյալ փաստաթղթերում կարևորել է կանանց դերը խաղաղաշինության ոլորտում

2020թ. ավարտվելու է ԵՄ ԱլԳ երկրների (Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Բելառուս, Ադրբեջան) համար 2017թ. ընդունված «20 թիրախային արդյունք 2020թ. համար» փաստաթղթով սահմանվող գործողությունների ծրագիրը, ուստի Բրյուսելում և ԱլԳ մայրաքաղաքներում վերջին տարիներին ակտիվ քննարկումներ էին ընթանում Արևելյան գործընկերության ծրագրի ապագայի և նոր գերակայությունների վերաբերյալ։ Գործընթացը մտավ գործնական փուլ, և արդեն իսկ ընդունվել են մի շարք հիմնարար փաստաթղթեր, որոնք ուրվագծում են ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության շարունակության հիմնական ուղղությունները:

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ, մասնավորապես, 2019թ. հունիսի 20-ին՝ Արևելյան գործընկերության 10-րդ տարելիցին, հրապարակվել է Եվրոպական խորհրդի եզրակացություններնը, 2020թ. մարտի 18-ին՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակվել է «ԱլԳ քաղաքականությունը 2020թ.-ից հետո։ Ամրապնդելով կայունությունը. Արևելյան գործընկերություն, որն օգուտ է բերում բոլորին» հաղորդագրությունը (communication), իսկ մայիսի 11-ին Եվրոպական խորհուրդն ընդունել է «ԱլԳ քաղաքականությունը 2020թ.հետո» վերնագրով հաղորդագրությունը՝ նախատեսված տարբեր երկրներում ԵՄ պատվիրակությունների համար։

Ըստ նրա՝ նշված փաստաթղթերում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ կա նաև Արևելյան գործընկերության տարածքում առկա հակամարտությունների կարգավորմանը։ Հակամարտությունների վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը բավական կառուցողական է:

«Եվրամիությունն աջակցություն է հայտնում հակամարտությունների կարգավորման գործող ձևաչափերին և գործընթացներին, հակամարտությունների կանխարգելման, փոխվստահության ձևավորման և բանակցությունների խթանման հարցում ընդգծվում է իր դերակատարումը, ինչպես նաև կարևորվում է կանանց և երիտասարդների դերը խաղաղաշինության ոլորտում։ Հատկանշական է, որ այդ դիրքորոշումը բավական հավասարակշռված է և չի պարունակում հակամարտությունների համահարթեցման միտում։ Գաղտնիք չէ, որ եվրոպական տարբեր շրջանակներ, որոնք խորությամբ չեն տիրապետում տարածաշրջանային իրողություններին, երբեմն փորձում են նույն պրիզմայով դիտարկել ԱլԳ տարածաշրջանի հակամարտությունները՝ անտեսելով դրանց առաջացման պատմությունը, կարգավորման գործընթացների տարբերությունները և առանձնահատկությունները։ Այս ամենին զգալիորեն նպաստում են նաև հենց ԱլԳ երկրները. Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը փորձում են հնարավորինս միասնաբար հանդես գալ հակամարտություններին (Աբխազիայի, Հվ. Օսիայի, Մերձդնեստրի, Դոնբասի, Ղրիմի հետ կապված) առնչվող հարցերում (ընդդեմ Ռուսաստանի), և Ադրբեջանը, օգտվելով տվյալ հանգամանքից, փորձում է Ղարաբաղյան հակամարտությունը ևս «տեղավորել» այդ շարքում։ Հայկական կողմը մշտապես հանդես է եկել և հանդես է գալիս նման փորձերի դեմ՝ հստակ արձանագրելով, որ Ղարաբաղյան հակամարտության դեպքում անհրաժեշտ է տարբերակված մոտեցում, քանզի հակամարտությունների համահարթեցումն աղավաղում է դրանց իրական բնույթը և անտեսում է դրանց առանձնահատկությունը։ Մոտեցումների նման բախման բազմիցս ենք ականատես եղել, օրինակ, եվրոպական խորհրդարանական կառույցներում՝ ԵԽԽՎ, Եվրանեսթ և այլն։ Տվյալ խնդիրը հետագայում ևս կշարունակի մնալ օրակարգային»,- նշեց փորձագետը:

Մեր դիտարկմանը՝ այդտեղ կարևորվում է կանանց և երիտասարդների դերը խաղաղաշինության ոլորտում, ինչպե՞ս եք սա պատկերացնում, կա՞ կոնկրետ գործողության ծրագիր, կամ նախատեսվո՞ւմ է ֆինանսավորում այս ուղղությամբ ԱլԳ երկրներին, մասնավորապես՝ ՀՀ-ին, Նարեկ Մինասյանը պատասխանեց, թե ԱլԳ տարածքի հակամարտություններից յուրաքանչյուրի դեպքում ԵՄ-ն ունի տարբեր ներգրավվածության մակարդակ։

Օրինակ, Մերձդնեստրի հակամարտության կարգավորման գործընթացում Եվրամիությունն ունի դիտորդի կարգավիճակ, աբխազական և հարավօսական հակամարտությունների կարգավորման գործընթացում (Ժնևյան քննարկումներ) ԵՄ-ն ունի համանախագահի կարգավիճակ:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, Եվրամիությունն այդ գործընթացում ուղղակիորեն ներգրավված չէ, սակայն ԵՄ առաջատար երկրներից մեկը` Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է:

Բացի այդ, 2007 թվականից Եվրամիության կողմից ֆինանսավորվում է «Եվրոպական գործընկերություն՝ հանուն ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման» (EPNK) տարածաշրջանային երկարաժամկետ մեծ ծրագիրը, որը նպատակ ունի խթանել քաղաքացիական հասարակության գործունեությունը փոխվստահության և խաղաղության հաստատման ուղղությամբ: Վերջին 13 տարվա ընթացքում EPNK-ի շրջանակներում իրականացվել են մի քանի տասնյակ խաղաղաշինական ծրագրեր, այդ թվում` կանանց և երիտասարդների ներգրավմամբ, և այդ առումով որևէ նոր բան չկա: Եվ, ընդհանրապես, կոնֆլիկտաբանության դիսցիպլինի մեջ ևս կանանց հնարավոր դերակատարումը հակամարտությունների կարգավորման գործում մեծապես կարևորվում է:

Հատկանշական է, որ Եվրամիության տարբեր պաշտոնյաների կողմից պարբերաբար հետաքրքրություն է արտահայտվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում ԵՄ դերակատարման մեծացման հնարավորության վերաբերյալ: Պաշտոնական Երևանը ԵՄ նախաձեռնողականության հնարավոր ուղղություն է համարում Արցախի քաղհասարակության հետ ԵՄ ուղղակի համագործակցությունը` պնդելով, որ մարդու իրավունքի պաշտպանության և զարգացման հարցը չպետք է պայմանավորվի Արցախի քաղաքական կարգավիճակով»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Մեր հաջորդ հարցադրմանը, թե Ադրբեջանը կարո՞ղ է լինել ԵՏՄ-ի «արտոնյալ գործընկեր», Նարեկ Մինասյանը պատասխանեց, որ, եթե որևէ պետություն ցանկանում է սերտորեն համագործակցել ԵԱՏՄ-ի հետ` առանց անդամակցության, ԵԱՏՄ ակտերով սահմանված է դիտորդի կարգավիճակ: Նման կարգավիճակ ունի Մոլդովան և, ամենայն հավանականությամբ, շուտով, կստանա նաև Ուզբեկստանը: «ԵԱՏՄ իրավական ակտերում «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակ չկա սահմանված, և այս փուլում նման հարց չկա անգամ օրակարգում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պաշտոնական Բաքուն բավական զուսպ է արտահայտվում ԵԱՏՄ-ի վերաբերյալ, և, հազիվ թե կարելի է խոսել Ադրբեջան-ԵԱՏՄ համագործակցության խորացման հեռանկարի մասին: Ավելին, եթե անգամ Բաքվում նման ցանկություն առաջանա, Ադրբեջանը ֆորմալ առումով չի կարող անգամ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ` երկու պարզ պատճառով: Նախ` «ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի» 109-րդ հոդվածի համաձայն` դիտորդի կարգավիճակ ստացող երկիրը պետք է «ձեռնպահ մնա այնպիսի գործողությունից, որը կարող է վնասել Միության և անդամ պետությունների շահերին, պայմանագրի առարկային և նպատակներին»։ Ուստի Հայաստանի նկատմամբ շրջափակման և մեկուսացման քաղաքականություն վարող Ադրբեջանը պարզապես չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին: Եվ երկրորդ, դիտորդի կարգավիճակի տրամադրման որոշումն ընդունվում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի կողմից (կազմված է անդամ երկրների ղեկավարներից): Ըստ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի» հոդված 13-ի` Բարձրագույն խորհրդի որոշումներն ու կարգադրություններն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով), ուստի բարդ է պատկերացնել մի իրավիճակ, երբ Հայաստանի ղեկավարը կողմ կարտահայտվի (ապահովելով կոնսենսուս) ակնհայտ թշնամական կեցվածք ունեցող Ադրբեջանին որևէ կարգավիճակ տրամադրելուն»,- եզրափակեց «Օրբելի» կենտրոնի փորձագետը:

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի Սենատը երկուշաբթի հաստատել էր երկրի՝ դիտորդ-պետության կարգավիճակով ԵՏՄ-ին մասնակցության մասին Կառավարության առաջարկը:

Այս նորությունը բավական ակտիվ լուսաբանվում էր ադրբեջանական մամուլում, տարբեր շրջանակներ էլ կրկին օրակարգ բերեցին Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին հնարավոր անդամակցության ու համագործակցության հարցերը: Միաժամանակ, որոշ փորձագետներ Բաքվին ԵՏՄ-ի հետ գործընկերության նոր տարբերակներ են առաջարկում։

Մասնավորապես, ադրբեջանական կայքերից մեկը հարցազրույց էր հրապարակել ԵՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի հետ, որտեղ խոսվում է Ադրբեջան-ԵՏՄ համագործակցության հնարավորության մասին: Նա առաջարկում էր ԵՏՄ-ում Ադրբեջանի հետ գործակցության նոր տարբերակ՝ «արտոնյալ գործընկերություն»։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն ունի բոլոր հիմքերը՝ դառնալու ԵՏՄ «արտոնյալ» գործընկեր՝ միության հետ կնքելով իր համար շահավետ առևտրային համաձայնագրեր։ Միևնույն ժամանակ, պետք է տարբերակել ԵՏՄ-ում մասնակցությունը դե ֆակտո և դե յուրե։ Ադրբեջանի՝ մոտակա տարիներին դե յուրե ԵՏՄ անդամ կամ նույնիսկ դիտորդ դառնալը գրեթե անհնար է՝ Հայաստանի կողմից հակազդեցության պատճառով: Սակայն ոչինչ չի խանգարում Ադրբեջանին դե ֆակտո դառնալ ԵՏՄ ծրագրերի մասնակից, ինչպես արդեն ասացի՝ «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակով»,- ասել էր Վլադիմիր Լեպեխինը։

Տեսանյութեր

Լրահոս