«Վիրուսն, ընդհանրապես, ոչ մի բանով չի բուժվում՝ պետք է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնել, որպեսզի օրգանիզմը կարողանա պաշտպանել իրեն»․ Մելիտա Հակոբյան
«Եթե դրսում մարդկանցից 2-3 մետր հեռու ես, կարող ես դիմակ չկրել, բայց մոտդ պետք է ունենաս, որ, եթե որևէ մեկը մոտենա, դու քեզ ապահովագրես։ Մեր հետազոտությունների արդյունքում դիմակներ արդեն կան, բայց բավականին թանկ են։ Այսինքն՝ 10, 20, 30 կամ 50 դրամ չէ, ինչպես նախկինում։ Հետո 10 դրամանոցը վերացավ և դարձավ 30 կամ 50 դրամ։ Իսկ հիմա բավականին թանկ է՝ 200 դրամից թանկ։ Ինֆորմացիա ունեինք, որ որոշ դեղատներում 150-180 դրամով էլ դիմակ կա, բայց երբ զանգում ենք, ասում են՝ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ ընդգծելով, որ Ս-95 դիմակը, որը նախկինում 1000-1500 դրամ էր, հիմա 1500 դրամ է։
«Ս-95 դիմակը կարելի է լվանալ կամ վրան 60-70 տոկոսանոց սպիրտ ցանել, թողնել չորանա և հաջորդ օրը կրել։ Եթե քիչ ժամանակով ես օգտագործում դիմակը, կարող ես մեկ ամիս կրել, իսկ եթե շատ ես օգտագործում, ապա 15 օր»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ պարետատան մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը 168․am-ի հետ զրույցում ասել է, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր կդառնա մայիսի 18-ից:
«Ես այս ամենի վերջում իմ գնահատականը կհնչեցնեմ՝ որպես էպիդեմիոլոգ, որը կանգնեցրել է ժանտախտ, խոլերա, տիֆ և տարբեր հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություններ։ Ես դեռ կխոսեմ, բայց ոչ հիմա։ Ինչ վերաբերում է իրականացվող միջոցառումների էֆեկտիվությանը, ապա դա անհատական է՝ կախված է մարդուց։ Եթե մարդը շատ զգույշ լինի և հիգիենայի կանոնները կարողանա ճիշտ պահպանել, չի վարակվի։ Բայց քանի որ մեզ մոտ այնպիսի վիճակ է, որ մի մասը հավատում է, մի մասը չի հավատում, մի մասն ասում է՝ ճնշում ունեմ կամ շնչուղիների խնդիր ունեմ, չեմ կարողանում դիմակ դնել, իհարկե, ոչ մի էֆեկտ չի տա։ Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտին, ապա կարող եմ ես ձեռնոց չկրել, բայց մինչև տուն կամ աշխատանքի վայր հասնելը պետք է ոչնչի ձեռք չտամ և հասնելուն պես՝ միանգամից օճառով ու տաք ջրով լվանամ ձեռքերս»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ հանրային տրանսպորտում ձեռնոց դնելը ևս պարտադիր է դառնում, նա արձագանքեց․ «Ձեռնոց կարող են դնել, բայց դեմքին չդիպչել, եթե պայուսակ եք բռնել ու ձեռքով դիպչել բռնակին, ապա պետք է ամբողջը ախտահանել, որպեսզի հետո եթե պայուսակին ձեռք տաս, եթե ինֆեկցիա կա՝ չվերցնես։ Բայց իշխանություններն էլ շատ հակասական ինֆորմացիա են տալիս։ Նախկինում ասում էին՝ դիմակ մի կրեք, հիմա պարտադիր է դարձել, հենց առողջապահության նախարարը կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասում էր՝ կորոնավիրուսի դեպքում հատուկ միջոցառումների կարիք չկա, գնացեք՝ հանգիստ ապրեք։ Ասում էին՝ դիմակը պարտադիր չէ, և, չգիտես ինչու, հիմա պարտադիր դարձավ։ Եթե հայտարարված է արտակարգ դրություն, ապա արտակարգ դրության բոլոր կանոնները պետք է պահպանվեն՝ ինչ որ պարետի կողմից սահմանված է։ Եթե չի պահպանվում և նման բռնկում է տեղի ունենում, տարբեր օջախներ ենք ունենում, դա նորմալ չէ։ Երբ ես տիֆ էի կանգնեցնում՝ օջախը գտնում էի ու միանգամից փակում, մյուսներին շրջապատում պատվաստում էինք անում, մշտապես ջերմաչափում և տարբեր գործողություններ անում, որոնց արդյունքում ունենում էինք ինֆեկցիայի ավարտ։ Նույնը ժանտախտի ժամանակ․ ամբողջ Սովետմիության լավագույն մասնագետները եկել էին, ասում էին՝ մենք ի՞նչ անենք, ասում էինք՝ մենք ամեն ինչ արել ենք, կարանտինը մնացեք և գնացեք։ Հիմա նոր կորոնավիրուսի դեպքում պատվաստանյութ չկա, բուժման մասին ոչինչ չգիտենք։ Բայց վիրուսն ընդհանրապես ոչ մի բանով չի բուժվում՝ պետք է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնել, որպեսզի օրգանիզմը կարողանա պաշտպանել իրեն»։
Միևնույն ժամանակ՝ նա նկատեց, որ շատ մարդիկ գումար չունեն, որպեսզի սննդակարգին հետևեն և դիմադրողականությունը բարձրացնեն․ «Սննդակարգը պետք է նորմալ պահպանել, որ դիմադրողականությունը բարձրանա։ Պետք է միրգ-բանջարեղեն ուտել, C վիտամին պարունակող մթերքներ օգտագործել, անպայման մսամթերք օգտագործել, հատկապես՝ տավարի միսը բավականին մեծ ազդեցություն ունի արյան կոմպոնենտների գոյացման համար, պետք է օգտագործել հավի միս, տարբեր ընդեղեններ, նպարեղեններ, ասենք՝ լոբի, ձավար, ոսպ, հնդկաձավար։ Ամեն ինչը պետք է ռացիոնալ, ճիշտ օգտագործել, որպեսզի դիմադրողականությունը բարձրանա»։