Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր կլինի մայիսի 18-ից
Երեկ՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ մայիսի 18-ից կսկսեն աշխատել տրանսպորտը, նախակրթարանները, առևտրի կենտրոնները, սպորտային ակումբները, իսկ մայիսի 25-ից պարտադիր կլինի դիմակներ կրելը բոլոր վայրերում:
Նա, մասնավորապես, ասել էր. «Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլև հանրային բաց վայրերում դիմակների կրումը: Կանոնը խախտողները տուգանվելու են Ոստիկանության կողմից»:
Հստակեցնելու համար, թե ինչո՞վ է պայմանավորված այս մեկ շաբաթվա տարբերությունը, եթե մայիսի 18-ից արդեն սկսելու է աշխատել տրանսպորտը, հանվում են գրեթե բոլոր սահմանափակումները, մարդկանց՝ առանց այդ էլ առկա ակտիվության չափն ավելի է մեծանալու, 168.am-ը փորձեց պարզել պարետատնից։
«Դրսում դիմակներ կրելը ևս պարտադիր կլինի մայիսի 18-ից»,- ասաց պարետատան մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և խորհուրդ տվեց կարդալ պարետի ամփոփիչ գրառումն այդ թեմայով:
Պարետը երեկ գիշերն արված ֆեյսբուքյան գրառման մեջ, անդրադարձել էր մայիսի 18-ից մի շարք սահմանափակումների վերացման վերաբերյալ նոր որոշմանը, որտեղ թվարկելով վերացվող սահմանափակումները Տիգրան Ավինյանը մասնավորապես նշել էր.
«Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակների առկայությունը հանրային բաց տարածքներում»:
Համառոտ գրառման մեջ պարետը նաև հղում էր կատարել Կառավարության համապատասխան կայքին, որտեղ տեղադրված է փոփոխություններով որոշումը։
Այսինքն, չնայած պարետի երեկ խորհրդարանում արված հայտարարությանը, ավելի ուշ հստակեցվել է՝ թե՛ բաց, թե՛ փակ վայրերում դիմակների կրումը պարտադիր կլինի մայիսի 18-ից, և ոչ թե՝ մայիսի 25-ից: