Փաշինյանի հրաժարականի ժամանակը
Քաղաքական գործընթացների մեջ շատ կարևոր է քաղաքական գործչի պատասխանատվությունը և սեփական սկզբունքներին հավատարիմ լինելը, սակայն հայաստանյան իրականությունում ականատես ենք լինում տրամագծորեն հակառակ պատկերին։
Իշխանության կողմից տեղի ունեցող վերջին գործողությունները՝ տոտալ գրոհ ընդդիմադիրների նկատմամբ, անհասկանալի ու անիմաստ ձերբակալություններ, համընդհանուր խուճապային իրավիճակ, և այլն, իրականացվում է բացառապես մի նպատակով՝ հանրությանն իրականությունից ամեն կերպ շեղելու համար։ Այսօր ՀՀ-ում ստեղծվել է բավական բարդ ու փակուղային սոցիալ-տնտեսական իրավիճակ, ամենուր կոլապսային իրավիճակ է, իսկ մարդկանց կենցաղային ու առօրեական հոգսերից շեղելու և սեփական դարդուցավը մոռանալու համար պետք է ի՞նչ՝ իհարկե. հերթական «գլադիատորական» մարտերը․ հանրությանը հասանելի դարձնել քաղաքական գործընթացներին, որպեսզի շեղվի կուլտուր-կենցաղային հարցերից։
Իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյանի վարկանիշը գահավիժում է երկրաչափական պրոգրեսիայի նվազման կարգով։ Այդ անկման պատճառները մի քանի տասնյակ են․ օրինակ՝ խոստումների չկատարման, գործ անելու փոխարեն՝ մշտապես մեղավորների փնտրման, հայտարարվում է տնտեսական հեղափոխության մասին, ականատես ենք լինում ժողովրդին աղքատության ու հուսահատության ճիրանները գցելու փաստի:
Ինչո՞ւ չի հրաժարական տալիս Նիկոլ Փաշինյանը։ Սա, թերևս, այն կարևոր հարցապնդումներից է, որը դեռևս չի բարձրացվել հանրության կողմից, սակայն, հետևելով դեպքերի ինտենսիվ զարգացումներին, վստահաբար պետք է փաստենք, որ նման պահանջը սարերի հետևում չէ։
Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ նա ձախողել է ողջ կառավարման գործընթացը, ակնհայտ ստի միջոցով է եկել իշխանության, իսկ ներկայումս շարունակում է հանրության աչքին «թոզփչոցի» խաղալ՝ ամենատարբեր իմիտացիոն ու ֆեյք թեմաների առաջքաշման միջոցով։
Փաշինյանը պետք է հրաժարական տա կորոնավիրուսյան պայքարում գրանցած կատարյալ «բարդակի» համար, քանի որ կառավարությունը, բացի սեփական բիզնես նպատակներին տուրք տալը, ոչ մի շոշափելի գործողությամբ աչքի չնկավ։ Նիկոլ Փաշինյանի հաջորդ ձախողումն արտաքին քաղաքականության տոտալ ամլացումն է, ինչի արդյունքում մենք այսօր ունենք զրոյական մակարդակի արտաքին քաղաքական կուրս և շուրջբոլորը փչացրած հարաբերություններ՝ գրեթե բոլոր ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանի հրատապ հրաժարականի առանցքը, իհարկե, տապալած Արցախյան բանակցություններն են, որոնք ժամառժամ հարցը մտցնում են և դիվանագիտական, և իրավական փակուղի։
Ըստ էության, այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմն արդեն երկու տարվա ընթացքում դեռևս չունի ոչ մի հստակ ձևավորված բանակցային դիրքորոշում: Իշխանությունները զուտ փորձում են հակազդել այս կամ այն սպառնալիքներին և ինչ-որ պարզաբանումներ գտնել այս կամ այն ուղղությամբ, նրանք ընդամենը փորձում են պատասխանել տվյալ իրավիճակում առաջացած խնդիրներին, հարցադրումներին, բայց չկա հստակ մշակված բանակցային կոնկրետ դիրքորոշում: Ամենագլխավորը՝ մինչ օրս ոչ ոք չգիտի, ի վերջո, կա՞ բանակցություն թե՞ ոչ։
Փաստացի մի իրադրություն է, որ, եթե Սերգեյ Լավրովը չաներ իր հայտնի հայտարարությունը, մինչ օրս թեման կմնար լեթարգիական քնի մեջ, և հանրության մոտ նման կարգի անհանգստություն չէր լինի։
Այսօր Հայաստանը կորցրել է իր բանակցային դիրքերը և նահանջ գրանցել Արցախի հարցում։ Մեր օրակարգից Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռամբ դուրս են մնացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները․ Հայաստանը ներկայումս կորցրել է պատերազմը դիվանագիտական ուղիով զսպելու իր բոլոր լծակներն ու մեթոդները:
Համադրելով տեղի ունեցող զարգացումները և ընթացող քիչ թե շատ հասանելի տեղեկատվությունները՝ կարելի է փաստել, որ ներկա պահին տեղի է ունենում ակտիվ բանակցային գործընթաց, ինչքան էլ հայաստանյան ղեկավար շրջանակները տարբեր հեքիաթներ կարդան։ Ավելին՝ այս գործընթացի մասին իշխանությունները գերադասում էին լռել և ստիպված եղան ընդունել միայն Լավրովի հայտարարությունից հետո։
Սրանք Փաշինյանի քաղաքական ձախողումների ու առանցքային բացթողումների մի փոքր հատվածն են, որը խոսում է նրա դիլետանտ կառավարման կուրսի մասին։ Իշխանության մոտ գրգռվածությունն ակնհայտ է դառնում վիզուալ, երբ ցանկացած հասարակ քննադատություն հանդիպում է ողջ թիմի պաշտպանական ռեակցիային․ ՀՀ իշխանությունը հոգեվարքի մեջ է, ուստի նման պահվածքը լրիվ ընկալելի է։ Իշխանության և, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս, իշխանության ներկայացուցիչները չեն դիմանում այլընտրանքային կարծիքին, գրեթե բոլոր իրավիճակներում կորցնում են իրենց՝ դրանով հանդերձ դադարելով իշխանավոր լինելուց:
Քանիցս նշել ենք, որ այսօր Հայաստանում ընդդիմությունը չպետք է քննադատի իշխանությանը, որպեսզի գցի վերջինիս հեղինակությունը, Նիկոլ Փաշինյանն ու ընկերները դա անում են լավագույնս:
Արմեն Հովասափյան