Ինչո՞ւ պաշտոնանկ արվեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը
Չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե ինչո՞ւ պաշտոնանկ արվեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Իշխող քաղաքական ուժի կողմից որևէ մեկնաբանություն մինչ օրս չի տրվել:
Հիշեցնենք, որ Է. Գրիգորյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները մշտապես ուղեկցել են նրան պաշտոնավարության ողջ ընթացքում: Նույնիսկ 2019թ. դեկտեմբերին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից էր ներկայացվել Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկմանն առաջարկելու մասին որոշման նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը, իսկ
«Իմ քայլը» խմբակցությունը դեմ էր քվեարկել:
Օրերս էլ պաշտոնական տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ ավելի քան 7 մլրդ դրամի վարկային միջոցները ոչ նպատակային ծախսվելու հետևանքով Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման ծրագիրը դարձել է անարդյունք:
«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեից ստացված՝ Երևան քաղաքի ջրային համակարգի բարելավման և մաքրման վարկային ծրագրի իրականացման վերաբերյալ փաստաթղթերը, որի շրջանակում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից:
Արդյունքում՝ ի հայտ են բերվել ՀՀ ջրային կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դրսևորումների մասին փաստական տվյալներ:
Ըստ այդմ՝ Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի և ֆրանսիական մի կազմակերպության միջև 30.12.2014թ. կնքվել է 0.4 մլն եվրո արժեքով պայմանագիր, որով շինարարության վերջնաժամկետ է նախատեսվել 20 ամիս, այսինքն՝ կայանը պետք է շահագործման հանձնվեր ոչ ուշ, քան 2016թ. սեպտեմբերի 1-ին:
Նշված ԾԻԳ ՊՀ-ի տնօրենի և ֆրանսիական կազմակերպության կողմից, առանց ամսաթվի նշման, կազմվել է ավարտական ակտ, ինչպես նաև 2017թ. օգոստոսի 31-ի թվագրմամբ կազմվել է հաշվետվություն, համաձայն որոնց՝ վերականգնման շինարարական աշխատանքների դիմաց վճարվել է շուրջ 7,12 մլրդ ՀՀ դրամին համարժեք մոտ 15 մլն ԱՄՆ դոլար: Մինչդեռ, պարզվել է, որ Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանը մինչ օրս շահագործման չի հանձնվել:
…Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այսօր, սակայն, 168.am-ի աղբյուրները տեղեկացրեցին, որ իրականում Էրիկ Գրիգորյանի պաշտոնանկության հետ կապված այլ պատմություն է եղել, որը կապված է եղել հանքարդյունաբերական խոշոր ընկերություններից մեկի հետ: Ըստ նույն աղբյուրի՝ իշխանության վերնախավը որոշակի ֆինանսական պայմանավորվածություն է ունեցել, որը կոորդինացվել է Էրիկ Գրիգորյանի կողմից և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ: Ըստ տեղեկության՝ կողմերի միջև ֆինանսական հարցեր են առաջացել, որոնք առնչվում են ֆինանսական պայմանավորվածության չափաբաժիններին, ինչի արդյունքում Է. Գրիգորյանին չեն ներվել ինչ-ինչ հարցեր, և նրան առաջարկել են լուռ հեռանալ պաշտոնից: Այս ամենին ի սկզբանե տեղյակ է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ևս կողմ է եղել Գրիգորյանի անաղմուկ հեռացմանը, որպեսզի իշխանությունների «բարի համբավը» և «հակակոռուպցիոն գործունեությունը» չստվերվի:
Ի դեպ, ըստ մեր աղբյուրների՝ մի քանի անուններ են շրջանառվում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնի համար՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի նորանշանակ տեղակալ Վահե Ջիլավյանի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի: