Ֆիլիպիններում թայֆունի պատճառով 300 հազար մարդ է տարհանվել
Ֆիլիպինների իշխանությունները Բիկոլ շրջանում ավելի քան 300 հազար մարդու տարհանել են, պատճառը «Ամբո» թայֆունն է:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ մայիսի 14-ին թայֆունը, ներխուժելով Սամար կղզու արևելյան հատված, իր հետ բերել է ուժգին հեղեղներ ու քամի, որի արագությունը կազմել է վայրկյանում 40-50 մետր: Այնուհետև թայֆունը հասել է կղզու այլ շրջանները և արդեն մայիսի 15-ին ներխուժել է Բիկոլի շրջան, որը գտնվում է Լուսոն կղզում:
Նշվում է, որ այդ շրջանում տարհանվել է 61 հազար 106 ընտանիք, ավելի քան 300 հազար մարդ: Նրանց տեղավորել են 2 հազար 332 տարհանման կենտրոններում: Ամենից շատ քաղաքացիներ տարհանվել են Սորսոգոնի շրջանից՝ 141 հազար 275 մարդ: Ներկայում հնարավոր զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան:
Տարհանման գործընթացը բարդանում է համավարակով պայմանավորված երկրում առկա կարանտինի պատճառով: Առողջապահության նախարարությունը տեղական իշխանություններին հորդորել է մարդկանց տարհանելիս պահպանել մեկ մետրից ոչ պակաս հեռավորություն, որպեսզի հնարավոր լինի խուսափել վարակի տարածումից: