Բաժիններ՝

««Տավուշ տեքստիլը» կարող է արտադրել նաև օրական 500.000 դիմակ». Հայկ Չոբանյան

«Տավուշ տեքստիլն» այս պահի դրությամբ օրական արտադրում է 300.000 հատ դիմակ: 168.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ տեղեկացնելով, որ դիմակները սպառվում են ՀՀ ամբողջ տարածքում, և, որ դրանք համապատասխանում են բժշկական դիմակների համար սահմանված ստանդարտներին՝ եռաշերտ են:

«Գործարանն արդեն ունի պատվերներ, գնորդներ: Մենք այս պահին գոնե հիմնական, կրիտիկական պահանջարկը կարող ենք տավուշյան հնարավորություններով բավարարել: Իսկապես բարձր մակարդակի արտադրություն է կազմակերպվում, բոլոր ստանդարտներին համապատասխան, գործարանն ունի ախտահանման առանձին հոսքագիծ, ուլտրամանուշակագույն բաղադրիչ»,- նշեց նա:

Հարցին՝ պատվիրատուները հայաստանյան դեղատնե՞րն են, մասնավոր ընկերություննե՞րը, թե՞ պետական հաստատությունները, Տավուշի մարզպետն ասաց, որ չի կարող կոմերցիոն գաղտնիքը բացել, բայց վստահեցրեց՝ պատվերների համար դիմել են և՛ մասնավոր, և՛ պետական կազմակերպություններից:

Դիտարկմանը՝ կառավարությունը, չնայած արտակարգ դրության 30 օրով երկարաձգմանը, որոշել է, որ մայիսի 18-ից կգործի տրանսպորտը, կբացվեն նախակրթարանները, այլ հանրային վայրեր, առևտրի կենտրոններ, սակայն դիմակի կրումը բաց և փակ տարածքներում պարտադիր կդառնա մայիսի 25-ից, ըստ այդմ՝ կարելի՞ է, այնուամենայնիվ, ասել, որ դիմակի քանակի խնդիր ունենք, Հայկ Չոբանյանը բացասական պատասխան տվեց՝ խնդիր չունենք:

«Տեղյակ եմ, որ հանրապետությունում մեծ քանակության դիմակ կա կուտակված, կան նաև ներկրկման ուղղությունները: Բացի սրանից, ինչպես նշեցի, ամսական մոտ 10 միլիոն դիմակ արտադրելու հնարավորություն էլ գործարանն ունի, անհրաժեշտության դեպքում արտադրանքի ծավալները կարող են ավելանալ: Այսինքն՝ կարող ենք ևս մեկ հերթափոխ ավելացնել և օրական 300.000-ի փոխարեն՝ 500.000 հատ դիմակ արտադրել»,- ընդգծեց Տավուշի մարզպետը:

Ինչ վերաբերում է դիմակների գնին, ապա գործարանն այն վաճառում է 150 դրամով:

Անդրադառնալով տարաբնույթ խոսակցություններին, թե կառավարության «համաճարակային» որոշ քայլեր, այս դեպքում՝ դիմակի պարտադիր կրումը նաև բաց տարածքներում, ասես ուղղված է որոշ անձանց բիզնեսի խթանմանը, Հայկ Չոբանյանը նման խոսակցությունները որակեց քայքայիչ գործունեություն՝ չցանկանալով ավելի խիստ բառ օգտագործել, ապա անդրադառնալով «Տավուշ տեքստիլի» սեփականատիրոջ հետ կապված խոսակցություններին, ևս մեկ անգամ հիշեցրեց, որ գործարանն իր գործունեությունը ՀՀ-ում սկսել է 2013 թվականից, դրանից հետո ավելացրել է արտադրամասերը, գործարանը հիմնականում արտադրում է շինարարական ձեռնոցներ:

«Սեփականատերը ծնունդով արծվաբերդցի Սուրեն Երիցյանն է: Այս հոսքագծերը ևս ներկրել և տեղադրել է Սուրեն Երիցյանը՝ «Տավուշ տեքստիլի» ներքո: Մի հոսքագիծ գտնվում է Բերդ քաղաքում, երկրորդը՝ Արծվաբերդ գյուղում»,- մանրամասնեց մարզպետը՝ պնդելով, որ իրենց նպատակն այսօրվա պայմաններում օգնելն է, որ այս կրիտիկական ապրանքի «ճգնաժամ» չլինի:

Հավելենք, որ Սուրեն Երիցյանը ռուսաստանաբնակ գործարար է, ապրում է Մոսկվայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս