«Ստիպված ենք, պարզապես չենք կարող չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը». Նիկոլ Փաշինյան
«Մեր ռազմավարությունն ընդհանուր առմամբ հետևյալն է, որ մենք պետք է գնանք ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ պետք է գնանք էն ճանապարհով արտակարգ դրության պայմաններում, մարդկանց փորձենք համոզել, որտեղ անհրաժեշտ ա՝ պարտադրել, որ նրանք պահեն անվտանգության որոշակի կանոններ»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ կառավարության ռազմավարությունը կրկին փակման ռեժիմին չգնալն է: Իսկ այս դեպքում նախկին սահմանափակումներին գնալը վարչապետը մի քանի հանգամանքով պայմանավորեց:
«Առաջինը՝ մեր հիվանդանոցային կարողություններն ընդլայնելու անհրաժեշտություն կար, և մենք ինֆեկցիոն ոլորտում այդ սահմանափակումների շրջանում 300 տեղերը հնգապատկել ենք և դարձրել ենք 1.500 տեղ, և հիմա էլ այդ պրոցեսը շարունակվում է:
Բացի այդ, մենք, անկեղծ ասած, մարտին ունեինք հաշվարկ, որ, եթե հանկարծ մեր մոտ իրադարձությունը զարգանա, օրինակ, իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում մենք կորոնավիրուսից կունենանք 10.000 մահ: Այսինքն՝ մենք չգիտեինք, համոզված չէինք, որ հենց այդ սցենարով կընթանա, և եթե անկեղծ ասեմ, հիմա էլ համոզված չենք՝ այդ սցենարով կընթանա՞, թե՞ չէ: Եվ մենք պետք է արձանագրենք, որ ինչքան էլ մեր ռազմավարությունը լինի հետագայում սահմանափակումների ռեժիմին չվերադառնալը, այնուամենայնիվ մենք կարող է ստիպված լինենք գնալ այդպիսի որոշման»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ սահմանափակումների վերադառնալու որոշում կկայացվի միայն այն դեպքում, երբ սպառվեն սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու կարողությունները: Օրինակ, եթե պարզվի, որ Հայաստանում կա 1.500 հիվանդ, որոնք ոչ թե ասիմպտոմ են, այլ ունեն բժշկական կոնկրետ օգնության անհրաժեշտություն:
Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ այս պահին կա կորոնավիրուսով վարակակիրների 2.217 ակտիվ դեպք, որոնցից թոքաբորբ ունեն 661-ը, սակայն, ինչպես վարչապետն ասաց, շատերի մոտ թեթև թոքաբորբ է: Թոքային օդափոխության սարքի միացված պացիենտների թիվը 6-ն է:
«Մենք պետք ա շարունակենք ապակենտրոն պայքարի տրամաբանությունը և նաև այս ոլորտում պատասխանատվությունը պատվիրակելով յուրաքանչյուր քաղաքացուն: Ընդհանրապես կարծում եմ, որ էստեղ էլ մեր հասցեին կհնչեն, որ քաղաքացու վրա ենք դնում պատասխանատվությունը, բայց ես ասեմ, որ դա պատասխանատվության հարց չի: Դա ընդհանրապես մեր գաղափարախոսությունն է, մեր կառավարությունը նույնիսկ ձևավորվելուց առաջ, ընդհանրապես մեր քաղաքական գործունեության ամբողջ փիլիսոփայությունը դեռ ամենասկզբում եղել է հետևյալը՝ մենք որևէ փոփոխություն չենք պատկերացնում և որևէ հարցի լուծում չենք պատկերացնում՝ առանց հանրության և քաղաքացու մասնակցության: Սկսած տնտեսական ծրագրի իրագործումից, շարունակած առողջապահական հարցերի և այս ճգնաժամի լուծման, մանավանդ, որ մենք տվյալ դեպքում պատրաստ ենք Հայաստանի քաղաքացիներին առաջարկել պարզ կանոններ, որոնց պահպանման դեպքում երաշխավորում ենք, որ նրանք չեն վարակվի կորոնավիրուսով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ընդհանրապես կորոնավիրուսով չվարակվելու համար վարչապետը քաղաքացիներին երեք կանոն ներկայացրեց: Նախ՝ պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը և կամ շփվել միայն դիմակների առկայության դեպքում: Երկրորդ՝ չախտահանված ձեռքերով չպետք է դիպչել դեմքին: Երրորդ՝ պետք է օգտվել այնպիսի սպասքից, որը կա՛մ անցել է ջերմային մաքրում, կա՛մ համապատասխան նյութերով մաքրված է:
«Այս պայմաններում ուզում եմ ասել, որ ստիպված ենք, պարզապես չենք կարող չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը էն մտադրությամբ, որ մենք արտակարգ դրության պայմաններում էդպիսի խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել: Բայց արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է՝ որպես մի գործիք, որն անհրաժեշտ լինի կիրառել՝ ըստ իրավիճակի»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ արտակարգ դրությունն անհրաժեշտ է միայն մի դեպքի համար, այն է՝ որևէ կոնկրետ բնակավայրի մուտքն ու ելքը փակելը, որը հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում:
«Պարետատան գործունեությունն այս պահի դրությամբ անհրաժեշտ է, իսկ պարետատունը կարող է գոյություն ունենալ միայն արտակարգ դրության պայմաններում»,- հավելեց Ն. Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում