«ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի ստորագրումը կլինի ուղերձ միջազգային հանրությանը». Բենիամին Պողոսյան

168.am-ի զրուցակիցը Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանն է

Ինչո՞ւ ՌԴ-ն այս պահին, ի դեմս ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, սկսեց առաջ տանել կամ խոսել ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակից: Որքանո՞վ է այս տարբերակը ձեռնտու ՌԴ-ին, ի՞նչ սեփական շահերի խնդիր է ՀՀ ռազմավարական դաշնակիցը լուծում այս ձևով:

– Նախ պետք է ֆիքսել, որ փուլային տարբերակը չի ձևավորվել այս պահին։ Առաջին անգամ այն կողմերին ներկայացվել է դեռևս 1997թ․ վերջին։ Արդեն 21-րդ դարում փուլային տարբերակի մշակումը սկսվել է 2004թ․, այսպես կոչված, «Պրագայի գործընթացի» մենկարկով, իսկ որոշակի փաստաթղթային տեսք տարբերակը ստացել է 2005թ․ վերջին։ Այն քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների 2006թ․ փետրվարին և 2006թ․ հունիսին կայացած հանդիպումների ժամանակ, իսկ հիմնական տարրերը հրապարակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2006թ․ հուլիսի հայտարարությամբ։ Դրանից հետո այս տարբերակը ենթարկվել է մի քանի փոփոխությունների՝ Մադրիդյան փաստաթուղթ, դրա թարմացված տարբերակը, Կազանի փաստաթուղթ և, վերջապես, «Լավրովի պլան»։ Չնայած որոշակի տարբերություններին, նշված բոլոր փաստաթղթերն էլ ունեն նույն էությունը, որը շատ հստակ առաջին անգամ ներկայացվել է երեք համանախագահ պետությունների նախագահների՝ 2009թ․ հուլիսին ընդունված հայտարարությամբ։ 2019թ․ մարտին Մինսկի խմբի համանախագահները և 2019թ․ դեկտեմբերին ԵԱՀԿ Նախարարների խորհրդում Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարներն իրենց ընդունած հայտարարություններում վերահաստատել են, որ կարգավորումը պետք է հենվի այս սկզբունքների վրա։

Հետևաբար՝ կարող ենք նշել, որ, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ պետությունները բավականաչափ հետևողական են իրենց գործողություններում։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է այդ լուծումը համապատասխանում ՌԴ շահերին, ապա ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն, որը կհանգեցնի Ադրբեջանի տարածքում խաղաղապահների շղարշի ներքո ռուսական ռազմակայանի փաստացի հիմնմանը, միանշանակ համապատասխանում է հետխորհրդային տարածաշրջանում, ներառյալ՝ Հարավային Կովկասը, սեփական ազդեցության մեծացման ռուսական ռազմավարությանը։

Հաճախ ենք լսում այս միտքը, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ՄԽ խմբի հովանու ներքո միակ հարթակն է, որտեղ ՌԴ-ԱՄՆ համագործակցությունը ստացվում է, արդյոք այստեղ իրապես չկա՞ ՌԴ-ԱՄՆ շահերի բախում:

– Այս հարցն ունի երկու հարթություն։ Ակնհայտ է, որ 2014թ․ ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո Մինսկի խումբը միակ հարթակն է, որտեղ կա ռուս-ամերիկյան գործակցություն։ Ինչ վերաբերում է շահերին, ապա նույն 2014թ․ ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել Ռուսաստանի զսպման ռազմավարության իրականացմանը, ինչը ենթադրում է նաև Հարավային Կովկասում ՌԴ-ի ազդեցության աճի կանխում։ Միևնույն ժամանակ՝ Հարավային Կովկասը ՌԴ-ի համար ունի շատ ավելի մեծ կենսական նշանակություն, այսինքն՝ կարևորության առումով այստեղ առկա է ասիմետրիա։ Պետք է նաև հասկանալ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ներառում են շատ ավելի գլոբալ և ԱՄՆ-ի համար կենսական կարևորություն ունեցող հարցեր, ինչպիսիք են Չինաստանի դերակատարությունը, Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամի հարցը, Մերձավոր Արևելքի հակամարտությունները, Աֆղանստանի խնդիրը, ուկրաինական թնջուկը։ Հետևաբար՝ չի կարելի բացառել, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ը կարող է համաձայնել քայլերի, որոնք չեն բխում Ռուսաստանի զսպման ռազմավարությունից, եթե դրա փոխարեն այլ հարցերում առաջընթաց արձանագրվի։

Տարբեր ժամանակներում տարբեր անվանումներով բանակցություններ, պայմանավորվածություններ և սկզբունքներ են եղել` փարիզյան, քիվեսթյան, կազանյան, մադրիդյան, կամ փուլային և փաթեթային տարբերակներ, առաջ են քաշվել տարբեր գաղափարներ և հայեցակարգեր` «ընդհանուր պետության», «սիմետրիկ փոխզիջման»: Արդյոք եղե՞լ է հակամարտության պատմության մեջ հարմար պահ, երբ մոտ ենք եղել խնդրի լուծմանը, կամ, երբ հայկական կողմը կարող էր ամուր դիրքավորվեր, կամ ամրացնել դիրքերը, և չի արել, կորցրել է պահը:

– Դատելով բաց աղբյուրների տվյալների վրա, կարելի է նշել, որ կողմերը մոտ էին խնդրի լուծմանը փուլային տարբերակով 1997թ․ վերջին, սակայն դա տեղի չունեցավ առաջին նախագահի հրաժարականի պատճառով։ Եվս երկու անգամ կողմերը մոտ են եղել խնդրի լուծմանը՝ 2001թ․ գարնանը՝ Քի Վեսթի բանակցություններից հետո, և 2011թ․ հունիսին՝ Կազանի գագաթաժողովում։ Կազանի փաստաթուղթը տեղավորվում է փուլային լուծման տրամաբանության մեջ և տարբերվում է 1997թ․ վերջի տարբերակից նրանով, որ նախատեսում է Արցախի կարգավիճակի ֆիքսում անորոշ ապագայում և անորոշ ընթացակարգով տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով, մինչդեռ 1997թ․ վերջի տարբերակը նախատեսում էր կարգավիճակի որոշում բանակցությունների միջոցով։ Ինչ վերաբերում է մեր կողմից կորցրած շանսին, ապա, թերևս, միակ ռեալ չօգտագործված շանսը եղել է 1994թ․ մայիսին, երբ կարելի էր փորձել կրակի դադարեցման անժամկետ համաձայնագրի փոխարեն՝ գնալ հակամարտության կարգավորման պայմանագրի ստորագրմանը մեզ ձեռնտւ պայմաններով։

– Շարունակելով միտքը, լայն հանրությանն ավելի ծանոթ են «տարածքներ` կարգավիճակի» կամ «իրավիճակի բարելավման» դիմաց, կամ «տարածքներ` վերջնական խաղաղության դիմաց» բանաձևերը, ավելի ճիշտ` անվանումները, վերջերս դուք առաջ քաշեցիք նաև «հող՝ խոստման դիմաց» բանաձևը: Սրանցից յուրաքանչյուրի վտանգներին և ռիսկերին, կխնդրեի՝ անդրադառնայիք: Այսօր դրանցից ո՞րն է օրակարգում:

– Կարող ենք ֆիքսել, որ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևը գրեթե երբեք չի դրվել կարգավորման հիմքում, բացառություն, թերևս, կարող է համարվել քիվեսթյան փուլը, որտեղ, ըստ չհաստատված, բայց և չհերքված տեղեկությունների՝ քննարկվել է Արցախը Հայաստանի մաս ճանաչելու հնարավորությունը։ Ինչ վերաբերում է մյուս տարբերակներին, ապա «տարածքներ՝ իրավիճակի բարելավման», «տարածքներ՝ վերջնական խաղաղության դիմաց» բանաձևերն իրականում «հող՝ խոստման դիմաց» բանաձևի տարբեր անվանումներն են։

– Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում ներկա պահին, արդյո՞ք պարզ է գործող իշխանությունների դիրքորոշումը, երբ տարբեր ժամանակներում, ելնելով պահի թելադրանքից, հարմարավետությունից և լսարանից, տարբեր հայտարարություններ են հնչել ՀՀ իշխանություններից` ի դեմս ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանի: Ի դեպ, որքանո՞վ է իրատեսական պնդումը, թե լուծումը պիտի լինի ընդունելի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

– Ակնհայտ է, որ որևէ լուծում չի կարող ընդունելի լինել միաժամանակ և Հայաստանի, և Ադրբեջանի ժողովուրդների համար, իսկ Արցախի կամ Ղարաբաղի ժողովուրդ եզրույթն իմ համար հասկանալի չէ։ «Լուծումն ընդունելի պիտի լինի ժողովուրդների համար» թեզի առաջքաշումը գուցե կարելի է դիտարկել բանակցություններն անընդհատ շարունակելու և միաժամանակ որևէ փաստաթղթի ստորագրումից հրաժարվելու ռազմավարության համատեքստում։

Աշխարհի համար այսօր որքանո՞վ է ընկալելի Արցախի խնդրի էությունը, հարցի լուծման հայկական դիրքորոշումը, և որքանո՞վ՝ ադրբեջանական կողմինը, այդ թվում` փախստականների հետ կապված: Եվ ներկա պայմաններում հնարավո՞ր է Արցախի վերադարձը բանակցային սեղան, արդյո՞ք պատեհ առիթն է, գուցե ռիսկային է:

– Եթե խոսում ենք միջազգային քաղաքական հանրույթի մասին, ովքեր ներգրավված են բանակցային գործընթացում, կարծում եմ, հակամարտության հիմնական փուլերին նրանք ծանոթ են և նաև տեղեկացված կողմերի դիրքորոշումներին։ Սակայն միջնորդների խնդիրը, իրենց պատկերացմամբ՝ փոխընդունելի տարբերակների մշակումն է, որը նաև նրանց թույլ կտա առաջ տանել տարածաշրջանում սեփական շահերը։ Հետևաբար՝ այս համատեքստում դիրքորոշումների ընդունելի լինել-չլինելը, չեմ կարծում, էական դերակատարություն ունի։ Առնվազն կարճաժամկետ հեռանկարում Արցախի վերադարձը բանակցային սեղան՝ որպես լիարժեք երրորդ կողմ, հանձին Արցախի Հանրապետության Նախագահի, գրեթե բացառված է։ Ադրբեջանը կարող է առաջ քաշել քառակողմ բանակցությունների ձևաչափի առաջարկ՝ ՀՀ, Ադրբեջան, Արցախի հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ, ինչն ակնհայտորեն ընդունելի չէ մեզ համար։

Որքանո՞վ է հնարավոր միջանկյալ ժամանակահատվածում ադրբեջանցի փախստականների վերադարձն Արցախի ազատագրված տարածքներ: Ամիսներ առաջ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ «Ժնևում բանակցվում է ԼՂ-ում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը»:

– Ինչ վերաբերում է փախստականներին, ապա թե՛ 1997 փուլային տարբերակով, և թե՛ 2004-ից քննարկվող տարբերակում հինգ շրջաններից հայկական ուժերի դուրս բերվելուց հետո այդ շրջաններ պետք է վերադառնան ադրբեջանցիներ:

Այսինքն` եթե անցնենք փուլայինին, դա միջանկյալ ժամանակահատվածում հնարավո՞ր է:

– Այո: Այն ժամանակահատվածում, երբ Արցախն ունենա միջանկյալ կարգավիճակ, այդ ժամանակահատվածում` մինչև նոր հանրաքվեի անցկացումը, փախստականները պետք է վերադառնան այն տարածքներ, որտեղից հայկական ուժերը պետք է դուրս գան առաջին փուլում:

Որքանո՞վ եք հավանական համարում պատերազմի վերսկսումը կամ ևս մեկ ապրիլյան լայնամասշտաբ գործողությունները:

– Կարծում եմ, որ 2016թ․ ապրիլից հետո ընկած ժամանակահատվածում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությունը երբեք այնքան բարձր չի եղել, որքան այժմ։

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքը, պայմանագիրը, որի մասին պնդում էր Դաշնակցությունը, օրինակ, ի՞նչ խնդիրներ կարող է լուծել Արցախի ժողովրդի համար:

– ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի ստորագրումը կլինի ուղերձ միջազգային հանրությանն առ այն, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետության ամբողջ տարածքը համարում է իր «ազդեցության գոտի», և այդտեղ այս կամ այն ձևաչափով ներգրավվածություն ունենալու համար արտաքին դերակատարները պետք է բանակցեն ՀՀ-ի հետ։ Դա ինչ-որ չափով վերջ կտա Արցախի Հանրապետության տարածքների մեծ մասի՝ աշխարհաքաղաքական վակուումի մեջ գտնվելու վիճակին, սակայն առանց այդ տարածքների տնտեսական զարգացման և ինտենսիվ վերաբնակեցման չափելի արդյունքներ ունեցող ծրագրի մշակման և իրականացման՝ միայն դաշինքի մասին համաձայնագրի ստորագրումն այս հարցը չի լուծի։

Թեպետ որոշ չափով խոսեցիք անվտանգային սպառնալիքներից, ամեն դեպքում, այսօրվա արագ փոփոխվող աշխարհում, համաճարակային ճգնաժամից բխող տնտեսական, քաղաքական, գաղափարական մարտահրավերների և փոփոխությունների պայմաններում որո՞նք են Հայաստանի անվտանգությանը սպառնացող երեք հիմնական վտանգները, և որո՞նք պիտի լինեն առաջնահերթությունները:

– Առաջնահերթ սպառնալիք է շարունակում մնալ ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսումը, որը հղի է առնվազն Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական ոչնչացման վտանգով։ Երկրորդ` էական սպառնալիք է առկա ժողովրդագրական իրավիճակը, որի բարելավումը երկար ժամանակ և զգալի միջոցներ է պահանջում, որոնց իրականացումը, սակայն, ավելի քիչ հավանական է դառնում համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի պատճառով։ Երրորդ սպառնալիքը` հետսառըպատերազմյան աշխարհակարգի ընթացող կերպափոխումների հետևանքով, շատ ավելի անկայուն աշխարհի և տարածաշրջանային հեգեմոնների և նրանց «ազդեցության գոտիների» առաջացումն է, որն էականորեն կսահմանափակի արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ ճկունությունները և կարող է հանգեցնել մեզ համար անընդունելի որոշումների պարտադրմանը։

ՀՀ-ն արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ վերանայումներ պիտի անի` կապված հարևանների հետ հարաբերություններին, ինչպես նաև` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ երկրների:

– ՀՀ-ն չունի անհրաժեշտություն արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություններ կատարելու, քանի դեռ կարգավորված չեն հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ (իսկ այդպիսի հեռանկար չկա): ՀՀ-ն պետք է շարունակի իրականացնել դեռևս 1990-ական թվականների կեսերից որդեգրած քաղաքականությունը՝ ռազմավարական հարաբերություններ ՌԴ-ի հետ, և հնարավորության սահմաններում` առանց ՌԴ-ի հետ հարաբերությունները փլուզելու վտանգի՝ գործընկերային հարաբերություններ այլ դերակատարների հետ՝ ԱՄՆ, ԵՄ, Չինաստան և այլն։ Ի դեպ, 2017թ․ նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրված համապարփակ համագործակցության համաձայնագիրը, ՆԱՏՕ-ի հետ 2005թ․ ստորագրվող ԱԳԳԾ-ներն այս քաղաքականության հաջողության ապացույց են։

Տեսանյութեր

Լրահոս