Անձրևից հետո անձրևանոցի կարիք չկա. Կամ՝ Նիկոլ Փաշինյանի դիլեման
Խոսել Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության մասին և խորամուխ չլինել նրանց գործունեության առանցքային դրվագներին ու խորքային կետերին, նշանակում է՝ ոչինչ չասել նրանց մասին։
Պետք է փաստենք, որ Փաշինյանին չափազանց հեշտ տրվեց «հեղափոխություն» ասվածը, սա պայմանավորված էր նրանով, որ տվյալ պահին իշխանություններն ակնհայտորեն կիրառեցին «փափուկ ուժ» և ՀՀ պատմության մեջ առաջին անգամ (1996, 2003, 2004, 2008) ակնհայտ քաղաքական իրադարձությունների ժամանակ պետությունը չիրականացրեց իր կողմից համապատասխան իրավաչափ գործողություններ։ Կարող ենք արձանագրել, որ 2018-ին իշխանությունն իր իրավասությունները հանձնեց առանց պայքարի։
Գրեթե անապացուցելի ճշմարտություն է նաև այն, որ տեղի ունեցածը Փաշինյանի և թիմակիցների մոտ առաջացրեց և մինչ օրս էլ շարունակում է առաջացնել «քաղաքական գլխապտույտ»։ Հենց այդ գլխապտույտի ասիմետրիկ հետևանքների պատճառով է, որ մինչև հիմա իրենց կատարածը մեծագույն սխրանք են համարում, և ժողովուրդը պետք է ամենօրյա ռեժիմով իրենց շնորհակալություն հայտնի։
Ավելին, նրանց քաղաքական մեծամտությունը կորցրել է բոլոր սահմանները, և նրանք սեփական, այսպես ասած՝ քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում։ Քաղաքական պրիմիտիվության այս հախուռն ներկայացուցիչները չունեն սեփական մտածելակերպ և ինքնուրույն որոշում կայացնելու ի վիճակի չեն, և հենց այդ տրամաբանության շրջանակում է, երբ իրենց քաղաքական ու հոգևոր առաջնորդի յուրաքանչյուր ելույթին հաջորդում է պրոլետարական ծափերի ամբողջական շքերթը։ Փաստ է մի բան՝ նրանք պատրաստ չէին իշխանության պատասխանատվության։ Արդեն հիմա այդ ամենը փայլուն կերպով գիտակցում է Նիկոլ Փաշինյանը, սակայն, ինչպես ասում են՝ անձրևից հետո անձրևանոց պետք չէ։
Ինչ տեղի ունեցավ հաջորդիվ։ ՀՀ-ում Փաշինյանն անցկացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ստացավ բացարձակ մեծամասնություն․ և հենց այդ փաստն էլ նրան դատապարտեց անձնիշխանության։
Վերջին երկու տարիներին հեղափոխության գաղափարն ու Նիկոլ Փաշինյանի անձը հետևողականորեն նույնականացվել են․ այսինքն՝ արհեստականորեն ստեղծվել է, երբ գաղափարի և արժեքի գոյությունը առկախված է մեկ մարդու լինելիությունից։ Ըստ էության՝ այս ամենը մատուցվում է այն սոուսով, որ Փաշինյանի պարտությունը հեղափոխության պարտությունն է, կամ, ասենք՝ հիասթափվել Փաշինյանից, նշանակում է՝ հիասթափվել հեղափոխությունից։
Ակնհայտորեն սա միֆ է, որը, ի դեպ՝ առ այսօր աշխատում է, որով փորձում են մոլորեցնել ժողովրդին։ Այդքան չարչրկված հեղափոխություն ասվածը փաստացի տեղի չի ունեցել և չի հասել իր նպատակին․ կյանքի է կոչվել միայն անձերի փոփոխության փուլը, իսկ համակարգափոխության անհրաժեշտությունն այդպես էլ մնացել է օդից առկախված։
Ըստ էության՝ կարող ենք փաստել, որ Փաշինյանի կողքին արդեն գրեթե չկան իրեն հավատացող ու հավատարիմ մարդիկ, որոնց վրա նա կարող է հույս դնել: Նա արդեն չունի քաղաքական թիմ, թեև, կարելի է ասել, որ երբեք էլ չի ունեցել այն:
2018-ի իշխանափոխությունից հետո բոլորն ակնկալում էին, որ Փաշինյանն իր շուրջը կհավաքի կայացած, պրոֆեսիոնալ, ճանապարհ անցած մարդկանց՝ ազգի «սերուցքը», ու կստեղծի կառավարման թիմ, որին հասարակությունը կվստահի իր ապագան, սակայն նա իր շուրջը հավաքեց քայլածներին, կենսագրություն ու ճանապարհ չանցած անփորձ երիտասարդներին, օտար հիմնադրամներից սնվող կասկածելի անձանց՝ պաշտոններ ու մանդատներ տվեց: Մարդիկ կառավարությունից են սպասում իրենց խնդիրների լուծումը, հաշվում ծախսված ամեն դրամը, սվիններով ընդունում ամեն մի պարգևավճարի մասին լուրը:
Իր կառավարման գրեթե բոլոր ուղղությունները տապալած Փաշինյանն այդպես էլ չընկալեց, որ ինքն այլևս ընդդիմադիր չէ, և, որ նա նաև ընդդիմության ղեկավարն է, այնինչ ամենօրյա ռեժիմով տեսնում ենք հերթական շերտավորման ու բևեռացման ակտը, երբ ամենուր մեղավոր են բոլորը։
Այսօր Նիկոլ Փաշինյանի դիլեման կայանում է նաև նրանում, որ ընդդիմությունը չունի կառավարմանը մասնակցելու շանս, ինչն իր հերթին՝ նշանակում է՝ իշխանության այլասերում։ Իսկ այն հոդաբաշխ պնդումները, թե իշխանափոխությունից երկու տարի անց էլ Փաշինյանի վարկանիշը չի ընկնում՝ հերթական միֆոլոգիայի շարքից է և հասարակությանը իլյուզիաների մեջ պահելու հաջորդ փորձը։ Փաշինյանի վարկանիշն իջնում է սրընթաց, ուղղակի մարդիկ հաճախ չեն բարձրաձայնում դրա մասին, քանի որ չեն ցանկանում ընդունել իրենց սխալները և բարձրաձայնել դրանց մասին։
Արմեն Հովասափյան