«Իրավական կարգավորում կա»․ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության ժ/պ-ն՝ բուժաշխատողներին աշխատավարձի միայն 80 տոկոսը վճարելու մասին
Ինչպես տեղեկացրել ենք՝ Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով, որ իրենցից անաշխատունակության թերթիկ են պահանջել, ու մոտ 80 հոգի քիչ աշխատավարձ է ստանալու։
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ժ/պ Լեյլի Ասլանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Մարալիկի առողջության կենտրոնն ապրիլի 17-ից փակվել է, որովհետև վարակի մեծ բռնկում է եղել կոլեկտիվում։
«Ում մոտ թեստը դրական էր, ուղեգրվեցին «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոց։ Խոսքը 2 հոգու մասին է, իսկ մյուսները գնացին կա՛մ կարանտինային հսկողության՝ որպես դրական թեստ ունեցողների հետ ուղղակի կոնտակտավոր, կա՛մ տնային ինքնամեկուսացման։ Եվ ահա, կարանտինի, ինչպես նաև՝ տնային ինքնամեկուսացման մեջ գտնվողները 14 օր գտնվել են անաշխատունակության մեջ, քանի որ թեստավորվել են, հետո 14 օր հսկվել են, կրկին թեստավորվել ու դուրս են եկել կարանտինից, ինքնամեկուսացումից։ Եվ այդ օրերի համար իրավական կարգավորում կա։ Մենք ունենք 2020 թվականի մարտի 16-ի Կառավարության 296-Ա որոշում, 2011 թվականի Կառավարության 10-24-Ն որոշում և 2020 թվականի հունվարի 31-ի՝ նախարարի No 336-Ա հրաման։
Եվ այս իրավական նորմերով կարգավորվում է, որ մեկուսացման 14 օրերի համար կարանտինի, ինչպես նաև ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց պարտավոր ենք 14 օրերի համար տրամադրել անաշխատունակության թերթիկ, որը ՀՀ-ում փոխհատուցվում է աշխատավարձի 80 տոկոսի չափով, ոչ թե 100։ Դա սահմանված է իրավական ակտերով, և ոչ մի արտառոց բան չկա,- մանրամասնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով,- Այս իրավական ակտը դրված է իրենց տնօրենի սեղանին, նա էլ պարտավոր էր պարզաբանել իր աշխատակիցներին»։
Բուժաշխատողները հիշատակել էին նաև Վարդանյան եղբայրների կողմից ցուցաբերված աջակցությունը՝ հորդորել այն հատկացնել հատկապես շտապօգնության աշխատակիցներին։
Հարցին՝ բոլոր բուժաշխատողների անուններն արդյո՞ք արդեն ուղարկվել են Առողջապահություն նախարարություն, Լ․Ասլանյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ նրանք օգնել են կորոնովիրուսային վարակով պրոֆիլավորված բուժհաստատություններին, և իրենցից ոչ ոք բուժաշխատողների ցուցակ չի ուզել։
Հիշեցնենք, որ բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները 200 մլն դրամ են հատկացրել այն բուժաշխատողներին, որոնք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջնագծում փրկում են հազարավոր կյանքեր:
Երևանի և մարզերի 1000 բուժաշխատողից յուրաքանչյուրի հաշվին փոխանցվել է 200.000-ական դրամ:
Ավելի վաղ Վարդանյան եղբայրները 100 մլն դրամ էին փոխանցել կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված գանձապետական հաշվին:
Հարցին՝ մինչ օրս քանի՞ բուժաշխատող է դուրս գրվել հիվանդանոցից, Լ․Ասլանյանը պատասխանեց՝ 25 հոգուց՝ 6-ը։