Բաժիններ՝

«Այդ թեման ամբողջովին չեմ ուսումնասիրել, կհրաժարվեմ որևէ կարծիք հայտնելուց». Ցեղասպանության թ/ի տնօրենը Գանդիի արձանի տեղադրման մասին

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ հարցազրույցի համար պայմանավորվելը պարզվում է դժվարհաղթահարելի խնդիր է: Վերջին օրերին թանգարան-ինստիտուտի շուրջ ստեղծված լարված իրավիճա՞կն է պատճառը, թե՞ այլ խնդիրներ էլ կան, պարզ չէ: Փաստն այն է, որ մեր զանգին ի պատասխան, պարոն Մարությանը նախ մերժեց զրույցի առաջարկը, պարզաբանելով, որ ցանկություն չունի անդրադառնալ ֆեսյբուքյան հայհոյանքներին, որովհետև, ըստ իր սկզբունքների, հայհոյանքին պետք է պատասխանել հայհոյանքով: Երբ պարզաբանեցինք, որ մեզ հետաքրքրող հարցերն առնչվում են բացառապես թանգարան-ինստիտուտի գիտա-կրթական խնդիրներին, ընթացիկ և առաջիկա պլաններին, թանգարանի տնօրենը խնդրեց հարցաշարը՝ հայտնելով, որ հարցերի բովանդակությանը ծանոթանալուց հետո միայն կհանդիպի լրագրողի հետ: Ստանալով հարցաշարը, Հ. Մարությանը փոխեց իր որոշումը և հարցերին պատասխանեց միայն գրավոր տարբերակով՝ համարելով, որ լրագրողի հետ հանդիպման կարիք չկա:

Թանգարան-ինստիտուտի այս և առաջիկա անելիքների ու պլանների մասին Հ. Մարությանը գրեց երկար և հագեցած պատասխաններ՝ լի լավատեսությամբ, պայծառ ապագայի նկատմամբ հավատով և համարյա աստվածային հանգստությամբ: Եթե տեղեկացված չլինեինք, թե ինչպիսի՞ խմորումների մեջ է հայտնվել այս պահին թանգարան-ինստիտուտը և թե ինչպիսի՞ անհագստություններ կան ոլորտի գիտակ մասնագետների մոտ թանգարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների կապակությամբ, և, թե ինչո՞ւ է համացանցը հայհոյում Հարություն Մարությանին (սա տնօրենի օգտագորած եզրույթն է, որի մասին ինքը զրուցելու ցանկություն չուներ), ապա այս հարց ու պատասխանը կարելի է ընթերցել՝ պարզապես աշխարհիկ հոգսերից կտրվելու և վայելք ստանալու համար, ինչն էլ, ի դեպ, մաղթեց պարոն Մարությանը, երբ երկար բանակցություններից հետո, մի կերպ ուղարկեց հարցերի պատասխանները: Լրացուցիչ պարզաբանում ստանալու հեռախոսազրույցի ընթացքում տնօրենին ուղղված երեք հարցերից երկուսը մնացին անպատասխան:

-Ամփոփենք Ցեղասպանության 105-րդ տարելիցի հիշատակի արարողությունը, ինչպիսի՞ն էր այն Ձեր կարծիքով, կայի՞ն բացթողումներ, թե՞ ոչ և ո՞րն էր այս տարվա ձեռքբերումը:

-Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի հիշատակի արարողությունների բնույթը պայմանավորված էր «նոր կորոնաժահրի» գործոնով, երբ հարյուր հազարավոր մարդկանց իրենց իսկ անվտանգության նկատառումներից ելնելով չթույլատրվեց ավելի քան կես դար շարունակվող Հիշողության երթի իրականացումը։ Ավանդույթի համաձայն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան այցելեցին Հայաստանի Հանրապետության ղեկավարները, նաև Հայաստանի մարզպետները, Արցախի ներկայացուցիչը և Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը՝ այդ կերպ խորհրդանշելով նաև Հայաստանի մարզերի և Արցախի բնակչության և սփյուռքահայության մասնակցությունը Հիշողության երթին։

Կարծում եմ, որ հիշատակի համերգը կազմակերպված էր ճաշակով, զուսպ էր ու բովանդակալից։ Լավ լուծում էր նաև մարդկանց անուն-ազգանունների լուսային դրոշմումը հուշարձանի պատերին։ Իմ կարծիքով, կարելի էր առաջարկել հեռախոսով ուղարկվող հաղորդագրություններում ներառել՝ որոշակի նշանով առանձնացնելով՝ նաև Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների, ինչպես և վերապրողների անուն-ազգանունները։

Ձեռքբերում եմ համարում այն, որ թե իշխանությունները, թե քաղաքացիները կարողացան ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին և գտնել հնարավորինս լավագույն լուծումներ։

– Ի՞նչ փուլում են թանագարան-ինստիտուտի աշխատանքներն այս պահին, ի՞նչ նոր գիտական նախագիծ, քննարկում, գիտաժողով կամ թանգարանային ցուցադրություն է նախատեսվում մոտ ապագայում:

-Մարտի 14-ը թանգարան-ինստիտուտում վերջին աշխատանքային օրն էր՝ երբ ՀՀ պարետի կողմից մտցվեցին մարդկանց տեղաշարժի սահմանափակումներ և հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն։ Այս տարվա հունվարի կեսերից մինչև մարտի կեսերը շաբաթական երեք անգամ (որոշ ընդմիջումներով) գիտաշխատողների մասնակցությամբ կազմակերպվում էին թանգարանի ցուցադրության տեքստերի քննարկումներ՝ դրանք աուդիոգիդերի մեջ ընդգրկելու համար։

Անցյալ տարի ձեռնարկվել էին մի շարք նոր ծրագրեր, որոնց իրականացումը տարիներ է պահանջում։ Դրանցից են թանգարան-ինստիտուտում առաջին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի կողմից տարիներ առաջ սկսված և ընդմիջված աշխատանքների նորովի շարունակումը՝ ի դեմս Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների համացանցային շտեմարանի ստեղծման գործընթացի սկզբնավորման։ Խնդիր է դրված թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահվող շուրջ 400 անտիպ հուշագրությունների՝ որոշակի հարցաշարի հիմամբ՝ մանրամասն նկարագրության կազմումը այն հաշվարկով, որ հետազոտողները տեղյակ լինեն, թե ինչին են վերաբերում երբեմն բազմահարյուր էջեր, և ներկայում մասունքի արժեք ունեցող, վերապրողների կողմից շարադրված հուշերը։ Մեծ ցանկություն կա ձեռնարկել «Հայոց ցեղասպանության վերապրողների հուշագրությունների մատենաշար»-ի հրատարակման գործը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում կան զգալի քանակությամբ Հայոց ցեղասպանությունը վերապրողների տեսավկայություններ։ Դրանք հզոր փաստագրական նյութ են։ Որոշակի մշակումից հետո դրանք կարող են լայնորեն օգտագործվել ինչպես թանգարանային ցուցադրության մեջ, նույնպես և գիտական ու կրթական նպատակներով։ Տեսավկայությունների մեկտեղումը, պատմությունների վերծանումը հնարավորություն կընձեռի ցեղասպանության իրողությունը ներկայացնել վերապրողների անհատական ճակատագրերի միջոցով, այդ կերպ դրանք ավելի մատչելի դարձնելով մեր ժամանակակիցներին։

Այս տարի նախատեսում էինք երեք գիտաժողով, որոնցից յուրաքանչյուրն ուղեկցվելու էր ժամանակավոր ցուցադրությամբ։ Կորոնաժահրը պլանների մեջ էական փոփոխություններ մտցրեց։ Ապրիլի 16-17-ին պետք է կայանար «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով գիտաժողովը ավելի քան երկու տասնյակ հետազոտողների մասնակցությամբ, սակայն հետաձգվեց անորոշ ժամանակով (այս գիտաժողովի հայտարարության կապակցությամբ մեկ այլ միջադեպի մասին կանդրադառնանք հաջորդիվ. Ն.Մ.): ։ Ապրիլի 16-ին բացվելու էր «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին. նվիրվում է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը բացվեց հանրությանը հասանելի դարձավ առցանց տարբերակով ապրիլի 23-ին։ Հունիսին պետք է գումարվեր «Երեխաները և ազգը. երեխաների բռնի տեղափոխումը և ցեղասպանության կոնվենցիան. պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողովը՝ համագործակցությամբ գործընկեր կազմակերպություն Կանադայի Մարդու իրավունքների թանգարանի, Ավստրալիայի Դեակին համալսարանի և Լեհաստանի Պիլեցկի ինստիտուտի։ Նախատեսվում էր նաև ժամանակավոր ցուցադրության կազմակերպում, որի ժամանակ ներկայացվելու էին երեխաների բռնի տեղափոխման դեպքերը։ Գիտաժողովն ու ցուցադրությունը այս պահին հետաձգված են մինչև դեկտեմբեր։ Երրորդ գիտաժողովը կազմակերպվելու է հոկտեմբերին. կազմակերպիչն է Թանգարանների միջազգային խորհրդի մարդկության հանդեպ հանցագործությունների զոհերի հիշատակին նվիրված հուշային թանգարանների միջազգային կոմիտեն և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Գիտաժողովի շրջանակներում նախատեսում ենք կազմակերպել ցուցադրություն, նվիրված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի 25-ամյակին։

Այս տարի առաջին անգամ Հայաստանում հունվարի վերջին կազմակերպվեց «Հոլոքոստի հիշողության շաբաթ», նվիրված Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակին։ Նախատեսում էինք նման շաբաթներ կազմակերպել նաև հույների, ասորիների, եզդիների ցեղասպանությունների առթիվ, սակայն արդեն վստահ չենք դրա իրական լինելու մեջ։

-Ինչպե՞ս եք գնահատում թանգարան-ինստիտուտի համագործակցությունն այս պահին Սփյուռքի հետ:

-Սփյուռքի հետ համագործակցությունը պլանավորվում է, տեղ է գտնում մի քանի ուղղություններով։ Այս տարի նախատեսվում է համագործակցության պայմանագիր կնքել Genocide Education Project-ի հետ։ Անցյալ տարի մենք հանդիպումներ ենք ունեցել նշված ծրագրի ղեկավար տկն Ռոքսանա Մաքասջյանի հետ, պլանավորվում էր ամերիկացի ուսուցիչների այցելություն Հայաստան, որի ընթացքում նրանք մի քանի դասախոսույթուններ կլսեին թանգարան-ինստիտուտում, ապա և, լավ արդյունքների պարագայում, նման այցելությունները կարող են վերաճել ամառային դպրոցների/դասընթացների։ Մենք առաջարկել ենք մեր մասնակցությունը սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա այցելությունների ժամանակ նախատեսվող դասընթացներին։ Նախատեսում ենք համաձայնագիր կնքել Ամերիկայի հայկական համագումարի շրջանակներում գործող Armenian National Institute-ի հետ։ Տարիներ շարունակ Կանադայում գործող Զորյան կենտրոնում վերապատրաստում էին անցնում թանգարան-ինստիտուտի աշխատակիցներ. փորձելու ենք շարունակել այդ ավանդույթը։ Բարեկամական կապեր կան Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի հետ, աշխատակիցներից մի քանիսը մասնակցել են նրանց կազմակերպած գիտաժողովներին, պրոֆ. Դաքեսյանն էլ զեկուցել է թանգարանում կազմակերպված գիտաժողովին։ Խմբագրական աշխատանքներով մեզ օժանդակում է լոնդոնաբնակ Արա Մելքոնյանը։
Անցյալ տարի մենք սկսեցինք մեթոդաբանական սեմինարների շարք. 19 զեկուցում-քննարկումներից վեցը անց են կացրել սփյուռքահայ պատմաբանները։ Ունեցել ենք հանդիպում-քննարկումներ և գրքերի շնորհանդեսներ, որոնցից հինգին նույնպես ներգավված են եղել մեր սփյուռքահայ գործընկերները։

Բեռլինաբնակ ճարտարագետ Եդուարդ Ֆըչըճըեանը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվի նյութերից ժամանակին պատճենել էր 36 փաթեթ միկրոֆիլմ, որոնք վերաբերում են 1911-1921 թթ. և անմիջապես առնչվում են Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը: Աշխատանքը պրն Ֆըչըճըեանը կատարել է իր անձնական միջոցներով և միկրոֆիլմերի բնօրինակները տրամադրել է ՀՑԹԻ-ին: Դա նշանակալի համալրում է թանգարան-ինստիտուտի ֆոնդերի համար: Բեռլինից միկրոֆիլմերը տեղափոխելուն օժանդակեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը: Թանգարան այցելող սփյուռքահայերը երբեմն կիսվում են իրենց Հայոց ցեղասպանության զոհ կամ վերապրող իրենց հարազատների լուսանկարներով ու փաստաթղթերով, երբեմն՝ մեր խնդրանքով՝ արկղներով գրքեր են ուղարկում թանգարան-ինստիտուտի գրախանութում վաճառքի դնելու համար՝ որի ողջ հասույթը մնում է թանգարանին։

2019թ. «Հայոց փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» գիտաժողովի գլխավոր բարերարն էր Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը (գործադիր տնօրեն՝ Զավեն Խանճեան), այս տարվա Կիլիկիայի գիտաժողովի կազմակերպմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը։ Հունիսյան գիտաժողովին օժանդակելու պատրաստակամություն էին հայտնել Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքը և ՀԲԸՄ-ն։ Անցյալ տարի թանգարան-ինստիտուտի գրադարանին արժեքավոր նվիրատվություն արեց սանկտպետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանը, չորս համակարգիչներ նվիրեց «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Սէրայտարեանը և այլն։

Այսինքն, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տարբեր մակարդակներում որոշակի կապեր ունի սփյուռքյան կառույցների և առանձին անհատների հետ, սակայն ավելի լավ կլիներ, իհարկե, եթե այդ կապը լիներ ավելի համակարգված։

-Ինչպե՞ս եք գնահատում թանգարան-ինստիտուտի համագործակցությունը արտերկրի գիտական կենտրոնների կամ համապատասխան այլ կենտրոնների հետ:

-Թանգարան-ինստիտուտը համագործակցության պայմանագրեր ունի արտասահմանյան և սփյուռքի մի շարք կառույցների հետ, որի շրջանակում իրականացվում են նաև գիտական աշխատանքներ: Հիմնականում մեր պայմանագրերը բազմաբնույթ են, ինչպես և բազմաբնույթ է մեր աշխատանքը, և ներառում են գիտական, գիտացուցադրական և կրթական աշխատանքներ: Նման պայմանագիր ունենք Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հետ, որը ընդգրկում է նշված երեք ուղղությունները:

Նման լայն համագործակցություն ունենք նաև ֆրանսիական Camp des Milles հիմնադրամի (La Fondation du Camp des Milles – Mémoire et Éducation) և Բուշ դյու Ղոն դեպարտամենտի խորհրդի (Le Conseil Départemental des Bouches-du-Rhône) հետ, որի շրջանակում ևս նախատեսվում են ցուցադրական, կրթական և գիտական աշխատանքներ:

Թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակվող ամսագրերի խմբագրական խորհուրդներում ընդգրկված են մի շարք գիտնականներ արտասահմանյան և սփյուռքահայ գիտական կենտրոններից և համալսարաններից, որոնց հետ համագործակցում ենք այս ձևաչափով:

Ցավոք, թանգարան-ինստիտուտի գիտաշխատողների թիվը շատ քիչ է և հաշվի առնելով նաև մեր կառույցի բազմապրոֆիլ լինելը՝ գիտաշխատողները ստիպված են կատարել լայնածավալ աշխատանք նաև թանգարան-ինստիտուտին առնչվող այլ ոլորտնեում: Սակայն այս փոքրաթիվ կազմով անգամ կարողանում ենք լուրջ ձեռքբերումներ ունենալ: Մեր գիտաշխատողները ակտիվորեն մասնակցում են տեղական և միջազգային գիտաժողովների, գիտական դրամաշնորհային ծրագրերի, տպագրվում են տեղական և արտասահմանյան ամսագրերում: Այս տարի մեր երեք գիտաշխատողները հոդված տպագրեցին ցեղասպանագիտության ոլորտի ամենհեղինակավոր ամսագրում, ինչը թանգարան-ինստիտուտի համար լուրջ ձեռքբերում էր: ՀՑԹԻ-ին նաև Ցեղասպանագիտության միջազգային ասոցիացիայի անդամ է: Մեր գիտաշխատողների մեջ կան նաև հրավիրյալ դասախոսներ:

Ներկայումս ունենք նաև զուտ գիտական համագործակցության որոշ առաջարկներ, որոնց շուրջ ընթանում են բանակցություններ:

-Արդյո՞ք թանգարան-ինստիտուտը ունի կամ նախատեսում է համագործակցութան եզրեր Թուրքիայի Հանրապետության համապատասխան պատմագիտական կառույցների հետ:

-Ոչ, չունի և չի նախատեսում։

-Ի՞նչ կարծիք ունեք Երևանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման վերաբերյալ (հիշեցում. Հնդկաստանը մինչ այսօր չի ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, իսկ Գանդին աջակցելով Խալիֆաթի շարժմանը` անտեսել է Օսմանյան կայսրության ժողովուրդների և հատկապես հայերի ազգային իրավունքները ):

-Այդ թեման դեռ ամբողջովին չեմ ուսումասիրել, հետևաբար, կհրաժարվեմ այս պահին որևէ կարծիք հայտնելուց:

Շարունակելի:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս