
Մարզպետը՝ Սևանում մայթերը քանդելու ահազանգի մասին

Սևան քաղաքի բնակիչ Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ շինարարություն անելու հետևանքով քաղաքում մայթերը քանդվում են: Քաղաքացին լուսանկարներ էր տեղադրել և դիմել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Պարոնա՛յք, ձեր ուշադրությունն եմ հրավիրում, Սևան քաղաքում մայթերը քանդվում են շինարարություն անելու նպատակով: Ասում են՝ շինթույլտվությունն ու հողի կարգավիճակը փոխվել է դեռ նախորդ իշխանության օրոք: Կներեք՝ իսկ նոր իշխանությունն ինչի՞ է եկել պաշտոնի, եթե նախորդների սխալները շտկելու ոչ մի լծակ չունեք: Քաղաքի ճարտարապետական տեսքը խայտառակել այս աստիճան՝ դա մեծագույն ամոթ է: Նշեմ նաև երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի եթե ասեն, որ իրավիճակը մարզերում վերահսկվում է, գոնե հասկանանք՝ որ ֆրոնտում է վերահսկվում»:
168.am-ն ահազանգի վերաբերյալ դիմել է մարզպետ Գնել Սանոսյանին:
«Հայտարարությունն ինքս տեսել եմ, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին հանձնարարել եմ զբաղվել, Սևանի քաղաքապետարանի հետ աշխատել են»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ իրեն զեկուցել են, որ ամեն բան արվում է օրենքի շրջանակում,- Ինչ-որ մեկի սեփական տարածքն է: Բոլոր փաստաթղթերն առկա են, բացառապես բոլոր փաստաթղթերը, դրանց վրա շինարարություն են անում: Ոչ թե հանրային տարածք է, այլ սեփականաշնորհված տարածք է, և բոլոր փաստաթղթերն առկա են»:
Դիտարկմանը, թե քաղաքացու մտահոգությունը մայթի վրա շինարարությունը կազմակերպելու վերաբերյալ էր, նա արձագանքեց. «Քանի որ ասվեց, որ ամեն բան օրինական է, ենթադրում եմ, որ ինչ-որ լուծումներ կան այնտեղ՝ շինարարության հետ կապված, որի համար թույլատրվել է»: