«ՊՆ-ի պարագայում, եթե 2 տարի մարդն աշխատում է, նշանակում է՝ տվյալ պարագայում ինչ-որ մի համընդհանուր մոտեցում կա». քաղաքագետը` ուժային կառույցներին Փաշինյանի վստահելու մասին

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական հանրաքվեի անցկացման-չանցկացման քաղաքական կողմին, հիշեցրեց, որ երկու տարի առաջ մայիսին Նիկոլ Փաշինյանի դե ֆակտո իշխանություն ստանալուց հետո, որը հետագայում ամրապնդեց խորհրդարանական ընտրություններից միջոցով` ապահովելով ազդեցություն օրենսդիր և գործադիր մարմիններով, նույնը չհաջողվեց այդ ժամանակ դատական իշխանության, մասնավորապես, ՍԴ-ի պարագայում, և դատական իշխանությունը պահպանեց իր անկախությունը տվյալ կամ գործող իշխանությունից, որն անհրաժեշտ է իրավական պետության կառուցման համար:

Այսինքն` եթե մենք գնում ենք ժողովրդավար պետության կառուցման ուղղությամբ, ապա ոչ թե պետք է լինի սեփական քաղաքական դիրքորոշումը բոլոր մարմիններում, այլ ամեն մեկը պիտի կատարի իր գործառույթը, որը բնորոշ է տվյալ մարմնին ժողովրդավարության պայմաններում:

«Եվ հաշվի առնելով, որ դատական իշխանության նկատմամբ իրականացվում է գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից համապատասխան վերաբերմունքի ցուցադրում, այդ թվում՝ պնդումով, թե դատական իշխանությունն օժտված չէ լեգիտիմությամբ, եղավ հանրաքվե անցկացնելու այս առաջարկը: Այսինքն` փորձում էին Սահմանադրական հանրաքվեի ճանապարհով լուծել քաղաքական որոշակի խնդիր` պահպանելով օրենքի տառը, բայց ոչ օրենքի ոգին, և այստեղ օգտագործվել է քաղաքական այն հռետորաբանությունը, որն օգտագործվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, և ոչ թե այս երկու տարվա ընթացքում, այլև նախկինում, երբ հղում է կատարվել ժողովրդի կամքին և ժողովրդավարությանը: Սա գուցե ժողովրդին հասկանալի է, բայց նաև տալիս է մտածելու տեղիք»,- նշեց նա:

Հակադարձմանը, թե համաճարակային իրավիճակը խափանեց իշխանությունների՝ Սահմանադրական հանրաքվեի հետ կապված նախապես պլանավորած ծրագրերը, այս դեպքում քաղաքական առումով նրանք ի՞նչ իրավիճակում են հայտնվել, քաղաքագետը նշեց, որ այսօր քաղաքական տեսանկյունից իշխանությունների առաջնային խնդիրները կապված են ստեղծված իրավիճակի բարելավման հետ, ինչպես նաև՝ համաճարակային իրավիճակից բխող սոցիալ-տնտեսական խնդիրների և բացասական արդյունքների մինիմալիզացման:

«Քանի որ այն դժգոհությունը, որը կարող է առաջանալ, էականորեն կարող է ազդել հետագա ընտրությունների արդյունքների վրա այն քաղաքական ուժի ձայների մասով, որը գտնվում է այս պահին իշխանության մեջ: Ուղղակի ՀՀ-ում մենք այսօր ունենք այնպիսի իրավիճակ, երբ փոխվեց ընդամենն իշխող ուժի անվանումը. այլ քաղաքական ուժի` ՀՀԿ-ի փոխարեն, այսօր ունենք մեկ այլ իշխանական ուժ` ՔՊ, իսկ քաղաքական պայքարի դերակատարները, մեծ հաշվով, մնացել են նույնը. այն ժամանակ էլ այսօրվա իշխանությունները պայքարում էին ամենաընդդիմադիր ուժի կամ գործչի կոչման համար: Երկրորդ` մենք ունենք մի իրավիճակ, երբ էական  քաղաքական մրցակցությունը բացակայում է, որովհետև դաշտը գերզբաղեցված է անձնավորված քաղաքական ուժով, որն ընդունում է, որ ունի կախվածություն այս խարիզմատիկ լիդերից: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այն առկա է, նրա` քաղաքական գործընթացների վրա ազդելու և հետագա իշխանության գալու հավանականությունը բավականին ցածր է: Խոսքը գնում է արտախորհրդարանական ընդդիմության մասին, և նրանց հետագա գործընթացների մեջ մասնակցելու»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին, թե տպավորություն կա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ուժային կառույցներին, Ալեքսանդր Մարգարովը հիշեցնելով ուժային որոշ կառույցներին առնչվող հայտնի իրադարձությունները, ազատումները, ընդգծեց` վստահության և համագործակցության մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, եթե կա մեկ ընդհանուր մոտեցում և ռազմավարական նպատակասլացություն, նպատակների համատեղ ընկալում:

«Հիմա, ՊՆ-ի պարագայում, եթե 2 տարի մարդն աշխատում է, նշանակում է՝ տվյալ պարագայում ինչ-որ մի համընդհանուր մոտեցում կա»,- եզրափակեց Մարգարովը:

 

Տեսանյութեր

Լրահոս