
ՄԻՊ-ը ու ԵԽ գրասենյակը կազմակերպել են քննարկում՝ նվիրված քրեակատարողական առողջապահության ոլորտում միջգերատեսչական համագործակցության ամրապնդմանը

+Մարդու իրավունքների պաշտպանն ու Եվրոպայի խորհրդի գրասենյակը հոկտեմբերի 6-ին կազմակերպել են քննարկում՝ «Քրեակատարողական առողջապահության բարելավում՝ տեղեկատվության արդյունավետ փոխանակման և համակարգման միջոցով» խորագրով։ Այն նվիրված էր քրեակատարողական առողջապահության ոլորտում միջգերատեսչական համագործակցության ամրապնդմանը և ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանը։
Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը, պետական իրավասու մարմինների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ազգային և միջազգային փորձագիտական համայնքների ներկայացուցիչներ։
Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ քննարկվող թեման հաճախ առաջնահերթ ուշադրության կենտրոնում չի գտնվում, սակայն հանրային քննարկումների համատեքստում պետք է լինի առաջիններից մեկը, քանի որ քրեակատարողական առողջապահության համակարգին առնչվող խնդիրները առաջնահերթ նշանակություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության մի շարք չափանիշների պատշաճ իրացման տեսանկյունից։
«Քրեակատարողական համակարգում, այդ թվում՝ քրեակատարողական առողջապահության ոլորտում ամենօրյա ռեժիմով իրականացնում ենք մշտադիտարկում։ Պետք է հստակ պատկերացում ունենալ, որ քրեակատարողական առողջապահության համակարգն այն ոլորտն է, որտեղ, թե՛ մեր երկրի, թե՛ բազմաթիվ այլ պետությունների պարագայում, առկա են մի շարք համակարգային խնդիրներ։ Մենք պետք է կարողանանք պրոֆեսիոնալ գործիքակազմերով շտկել համակարգային խնդիրները և հնարավորինս արագ գտնել դրանց համար լուծումներ։ Այս ոլորտում իրավասու գերատեսչությունները պետք է ապահովեն արդյունավետ և միջազգային չափանիշներին համապատասխանող համագործակցություն»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանն անդրադարձել է նաև բժշկական գաղտնիքի պահպանման հարցին և ընդգծել, որ այս առումով խնդիրները բազմաթիվ են և պետք է ստանան շուտափույթ հասցեավորում: Սա հատկապես զգայուն թեմա է քրեակատարողական համակարգի համատեքստում:
Քննարկման ընթացքում փորձագետները շեշտադրել են, որ լավ կազմակերպված քրեակատարողական առողջապահական ծառայությունները հիմնարար նշանակություն ունեն ազատազրկվածների իրավունքների ապահովման գործում։ Հիմնականում քննարկվել են համագործակցության խորացման և առաջընթացի հնարավոր ուղիները, որոնք կնպաստեն առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը և միջազգային չափանիշների լիարժեք պահպանմանը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից քրեակատարողական հիմնարկներում իրականացված մշտադիտարկման արդյունքները ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները իրականացնող ստորաբաժանման ղեկավար Լաուրա Գասպարյանը՝ ընդգծելով. «Չնայած տարիների ընթացքում մենք բազմիցս բարձրացրել ենք բժշկական անձնակազմի մասնագիտական անկախության և քրեակատարողական ծառայության համագործակցությանն առնչվող խնդիրը, սակայն շոշափելի առաջնընթաց դեռ չի արձանագրվել։ Մեր տարեկան զեկույցում մանրամասն վերլուծություն ենք ներկայացրել՝ հստակ օրինակներով և առաջարկություններով, որոնք ուղղված են ոլորտի բարելավմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։ Մեր գլխավոր նպատակն է՝ ոլորտում արձանագրել իրական դրական տեղաշարժ, որը կբերի ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի արդյունավետ իրացմանը»։
Քննարկումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» ծրագրի շրջանակներում։