
Նիդեռլանդների վարչապետը հայտարարել է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնելու մասին

Նիդեռլանդներն ուժեղացնում է ճնշումն Իսրայելի վրա, որպեսզի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը փոխի ուղեգիծը Գազայի հատվածում տիրող իրադրության հարցում։
Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դիկ Սխոֆը։
«Ծանր հումանիտար իրադրությունը և այս պատերազմը պետք է դադարեցվեն։ Կառավարությունը վճռականորեն հանդես է գալիս Նեթանյահուի կառավարության կողմից ուղեգծի փոփոխության օգտին և աստիճանաբար մեծացնում է ճնշումն այս ուղղությամբ», – գրել է Սխոֆը X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ հուսադրող է այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության պլանի և Կատարի ու Եգիպտոսի միջնորդների ջանքերի շնորհիվ հրադադարն այժմ հնարավոր է։
«Կառավարությունը մշտապես գնահատում է, թե Նիդեռլանդներն ինչպես կարող է առավել արդյունավետորեն գործել՝ ինքնուրույն կամ միջազգային գործընկերների հետ համատեղ, ինչպես հրապարակավ, այնպես էլ կուլիսներում», – հավելել է նա։
Նիդեռլանդների կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հասկանում է բոլորի զայրույթն ու անկարողությունը, ովքեր հոկտեմբերի 5-ին Ամստերդամում դուրս են եկել պաղեստինամետ զանգվածային ցույցի։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին Ամստերդամում շուրջ 250 000 մարդ է մասնակցել Պաղեստինին աջակցության և Իսրայելի նկատմամբ Նիդեռլանդների քաղաքականության դեմ ցույցին: Հոկտեմբերի 5-ին ցուցարարները հավաքվել էին Ամստերդամի Թանգարանային հրապարակում և շարասյունով անցել քաղաքով: Ակցիայի մասնակիցները խորհրդանշական կարմիր գույնի հագուստով էին և պաղեստինյան դրոշներ էին տանում: Իրավապաշտպանները կոչ են արել Նիդեռլանդների իշխանություններին օգտագործել բոլոր տնտեսական և դիվանագիտական միջոցները՝ Իսրայելի վրա ճնշումը մեծացնելու համար