
Իսրայելն արտաքսել է Գրետա Թունբերգին և այլ 170 ակտիվիստի, որոնք փորձել են ճեղքել ծովային շրջափակումը և հասնել Գազա

Իսրայելի իշխանությունները արտաքսել են շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգին և ևս 170 մարդու, որոնք «Գլոբալ Սումուդ» նավատորմի կազմում փորձել են ճեղքել ծովային շրջափակումը և նավակով հասնել Գազայի հատված։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թունբերգից բացի, արտաքսված ակտիվիստների թվում եղել են մի շարք արևմտյան երկրների քաղաքացիներ (այդ թվում՝ Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ և այլ)։ Ակտիվիստներն ուղարկվել են Հունաստան և Սլովակիա։
Իսրայելի ԱԳՆ-ում արտաքսվածներին անվանել են «սադրիչներ»։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է գերատեսչությունը, «այս փիար-ակցիայի մասնակիցների բոլոր օրինական իրավունքները լիովին պահպանվել են և կպահպանվեն»։ «Բռնության միակ միջադեպը կապված է եղել ՀԱՄԱՍ-Սումուդ [նավատորմի] սադրիչի հետ, որը կծել է Կեցիոտ բանտի բժշկական ծառայության աշխատակցուհուն», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
«Global Sumud» նավատորմը բաղկացած է եղել 40 նավից, որի կազմում Գրետա Թունբերգը երկւրորդ անգամ է մեկնել Գազա՝ հունիսին դա անելու անհաջող փորձից հետո։ Դրանցով Գազա էին մեկնել ավելի քան 430 ակտիվիստներ, ովքեր հայտարարել են, որ մտադիր են մարդասիրական օգնություն հասցնել։
Հոկտեմբերի սկզբին իսրայելական զինվորականները շրջափակել են բոլոր նավերը և ձերբակալել Գրետա Թունբերգին և մյուսներին։ Դրանից հետո շվեդ ակտիվիստը բողոքել է դաժան վերաբերմունքից։ Նրա խոսքով, ինքը չի ունեցել բավարար քանակությամբ սնունդ և ջուր և բացի այդ, նրա մոտ ցան է առաջացել այն բանի պատճառով, որ իրեն պահել են զզվելի միջատներով (կլոպերով) լի խցում։ Այլ ակտիվիստներ հայտնել են, որ տեսել են, թե ինչպես են Թունբերգին լուսանկարում և իբր ստիպում պահել դրոշ՝ ակնհայտորեն Իսրայելի դրոշը։