«Իշխանությունները քաղաքացիներին ասում են՝ մենք սխալվել ենք, գնացեք՝ լուծեք մեր սխալը․ այդ դեպքում պետությունն ինչի՞ համար է»․ Թադևոս Ավետիսյան

«2018թ․ մինչև իշխանափոխությունն արդեն սկսվել էր անօրինական աշխատողներին օրինական դաշտ բերելու գործընթացը, և 4 ամիսների տվյալներով` մոտավորապես ամսական 7200-ով ավելացել է գրանցված աշխատողների թիվը։ Դրանից հետո նվազել է․ այսինքն՝ այդ աննախադեպ բառի տակ ստվերից աշխատողների դուրսբերման դրական ցուցանիշը մոտ 40 տոկոսով նվազել է։ Հիմա որտե՞ղ է այստեղ աննախադեպությունը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։

Նկատեց՝ իշխանությունները ներկայացնում են 2020թ․ առաջին եռամսյակի դրական ցուցանիշները և հիմք ստեղծում, որպեսզի դրանից հետո արդեն եղած տնտեսական անկման ամբողջ մեղքը բարդեն համաճարակի վրա․ «Ես կարծում եմ, որ սկսած տարվա երկրորդ կեսից՝ մենք կունենանք էական դժվարություններ՝ տնտեսական վերականգնման։ Արդեն 2 տարի է՝ օրվա քաղաքական ուժը ղեկավարում է երկիրը, և սա արդեն իրենց ժամանակահատվածի 1/3 է։ Հիմա ամեն ինչ վերագրվում է կորոնավիրուսին։ 2019թ․ չկար այդ համաճարակը, 2018թ․ էլ չկար։

2018թ․, երբ արդեն իրենք էին ղեկավարում, ամփոփվեց սոցիալական հիմնական ցուցանիշը․ աղքատության մակարդակը նվազել էր 2,3 տոկոսային կետով, և հիմա, կարծեմ, 23,5 է մեր աղքատության մակարդակը, ինչը բավականին բարձր է։

Պահպանվել է գրեթե նույնչափ՝ 25 տոկոս, աշխատող աղքատների թիվը։ 2017թ․՝ նախորդ իշխանությունների օրոք, 40 տոկոսով ավելի բարձր տեմպով է կրճատվել աղքատությունը, այսինքն՝ 4,2 տոկոսային կետով։ Այս հավաքական ցուցանիշը բնութագրում է երկրի տնտեսության նաև զարգացման ներառականությունը։ Զբաղվածության պետական քաղաքական ծրագրերը 2018թ․ թերակատարվել են 75 տոկոսով, նույնը 2019թ․՝ 50 տոկոսով։ Ասում են, որ 2019թ․ մենք ունեցել ենք գործազրկության մակարդակի անկում, սա էլ իրական չէ։ Այսպես է՝ գործազուրկների թիվը կրճատվել է մոտ 46-47 հազարով, բայց աշխատանքային ռեսուրսների թիվն էլ 52 հազարով է կրճատվել։ Նաև մեր բնակչության թիվն է կրճատվել, ծնվածների թիվն է կրճատվել»։

Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները վերացնելու կառավարության ծրագրերը, ըստ տնտեսագետի՝ ի սկզբանե աճպարարություն էին ենթադրում․ «Պետությունն ասում էր՝ հարգելի բիզնեսմեններ, եկեք՝ ձեզ պարտքով փող տամ, դուք այդ պարտքով փողը վճարեք հարկեր, վճարեք հարկադիր պարապուրդ, մարդկանց մի ազատեք աշխատանքից, վճարեք աշխատավարձեր, աշխատողները չդառնան գործազուրկ, հետո էլ գան աղքատության նպաստ ուզեն, դուք էլ հետո կամաց-կամաց կաշխատեք, կփակեք էդ վարկերը։ Պարտքը պարտք է, ի՞նչ տարբերություն՝ 10 տոկոսո՞վ ես տալիս, թե՞ 3։ Այս աջակցման ծրագրերի մեջ կարևորը մոտեցման սկզբունքն է՝ դու կանխարգելման վրա ես շեշտադրում անո՞ւմ, թե՞ թողնում ես, որ իրավիճակը որոշի։ Սա արդյունավետ մոտեցում չի կարող լինել, սա ճգնաժամային կառավարման մոտեցում չէ։

Պետությունը պետք է, ի վերջո, հարկադիր պարապուրդի բեռը առնվազն կեսով վերցնի իր վրա։ Հիմա այդքան հորդորներից հետո նոր ծրագրով այդ բեռի ընդամենը 7-8 տոկոսն է վերցրել իր վրա։ Դա լուծում չէ, չի բերելու իրական արդյունքների։ Հիմա ասում են՝ ապրիլ ամսին մեր աշխատողների թիվը ավելացել է․սենսացիա։ Այ, ձեր հոգսը հոգանք բոլորով և հորդորենք ձեզ, որ մտածեք այս մասին․ Աշխատանքային օրենսգրքի 115 հոդվածը կարդացեք, որտեղ գրված է, որ հաստիքների կրճատումները, այդ թվում՝ զանգվածային ազատումները չեն կարող այսօր որոշվել, վաղը արվել, առնվազն աշխատողներին 2 ամիս առաջ պետք է ծանուցել։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք որոշել են ազատել աշխատողներին, իրենք չէին կարող մարտի 16-ին ազատել, որովհետև այդ դեպքում էլ, միևնույն է, 2 ամսվա աշխատավարձ պետք է նրանց վճարեին»։

Անդրադառնալով կոմունալ վարձավճարների հետ կապված խնդիրներին, նա հետևյալն ասաց․ «Սա նորից սեփական ձախողումը սովորական քաղաքացու վրա դնելու փորձ է։ Ասում են՝ սխալվել ենք, շատ լավ, ուղղեք ձեր սխալը, բայց երբ ասում ես՝ ես սխալվել եմ, գնա՝ լուծիր իմ սխալը, սա նշանակում է, որ դու չես գիտակցել, որ իրականում սխալվել ես։

Նորից 20-25 տոկոս հասցեականությամբ ծրագիր են անում։ Ընդամենը վերցրել են գազի և հոսանքի սպառման ծախսի չափը և փորձում են տարանջատել կարիքավորին՝ ոչ կարիքավորից։ Բա դուք հարցրել եք ձեր ամբողջ նախարարության ամբողջ անձնակազմին՝ երկու տարի անապահովության գնահատման համակարգում ի՞նչ քայլեր են արվել։

Մեր անապահովության գնահատման համակարգն ունի արմատական վերանայման խնդիր։ Բայց գոնե եղած համակարգում 10-ից ավելի ֆիլտրեր կան։ Ինչքան քիչ են ռեսուրսները, ինչքան երկիրն ավելի խորը խնդիրների առաջ է, այնքան առաջնային պլան է գալիս արդյունավետության հարցը։ Իսկ հիմա արդյո՞ք թույլատրելի է՝ այդ միլիարդներն անհասցե ուղղել, հետո էլ վարքագիծը փոխելու և եղած գործիքները կիրառելու փոխարեն՝ հույսներս դնում ենք, որ հանրությունը նորից այդ գումարները կվերաբաշխի իրար մեջ։ Այդ դեպքում պետությունն ինչի՞ համար է։ Միշտ կարմիր թելով գնում է իրենցից դուրս մեղավորներ գտնելու մղումը»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս