«Հանրաքվեն տապալված է. իշխանությունը կփորձի այն չեղյալ հայտարարել». Արմեն Բադալյան

«Եթե Սերգեյ Լավրովը խոսում է փուլային տարբերակի մասին, դա նշանակում է, որ հողերի մի մասը պետք է տրվի Ադրբեջանին, և վարչապետը միշտ ասում է, չէ՞, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: Ժողովուրդն ինչպե՞ս պետք է ընդունի՝ հանրաքվեով: Հիմա խնդիրն այստեղ է՝ արդյո՞ք վարչապետը մտածում է, որ ՍԴ գործող կազմը թույլ չի տա իրեն որոշակի հարցեր դնել հանրաքվեի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ նկատելով՝ միգուցե հենց դա էր խնդիրը, որ վարչապետն ուզում է փոխել ՍԴ կազմը:

«Դրա մասին վարչապետը չէր ասում, բայց Սերգեյ Լավրովն ասաց»,- ընդգծեց նա:

Արմեն Բադալյանի խոսքով՝ հանրաքվեն, այսպես թե այնպես, տապալված է. «Դրա համար հիմա պետք է փորձեն՝ տեսնեն՝ ինչ քայլով կարող են հանրաքվեն չեղյալ հայտարարել: Վարկանիշի անկմանն ավելացել է կորոնավիրուսի համաճարակը: Եթե դա լիներ 2018թ. հունիսին, խնդիր չէր լինի, բայց անգամ կորոնավիրուսից առաջ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն խիստ կասկածելի էր»:

Նա նշեց, որ առանձին-առանձին վերցրած քաղաքական ուժերը ոչ մի վտանգ չեն ներկայացնում իշխանության համար. «Բայց եթե նրանք կարողանան համակարգել իրենց գործունեությունը՝ ընդդեմ իշխող քաղաքական ուժի, հաջողություն կունենան»:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, ըստ նրա՝ ցանկացած ժամանակ՝ ըստ քաղաքական հայեցողության կիրառելու գործիքի է վերածվելու. «Բայց խոշոր գործարարներին դրանից որևէ վտանգ չի սպառնա, որովհետև կապիտալը նրանք վաղուց տեղափոխել են արտասահման, և շատ դեպքերում իրենց գույքն ընդամենը վարձակալված է, կամ այնպիսի գույք է, որ վերցնես՝ հետո ես դու խնդիր ունենալու»:

Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, թե ի՞նչ է քննարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ՝ բավարարվելով «սուրճ էինք խմում» պարզաբանմամբ: Այնուհետև նա լրագրողների համառ հարցերին ի պատասխան՝ անվտանգության աշխատակիցներին հանձնարարել է՝ լրագողներին հեռացնել տարածքից՝ ասելով. «Մի հատ ազատեք»:

Թեև մինչ այդ նա երկու անգամ լրագրողից ներողություն խնդրեց՝ ասելով, որ այլ հարցերի չի պատասխանում, բայց արդյո՞ք դա թույլ է տալիս նման վերաբերմունք լրագրողների նկատմամբ, որոնք ցանկանում էին պարզել հանդիպման նպատակը՝ հատկապես, որ նրանց հարաբերություններն այնքան էլ հարթ չէին, և հաճախ չէ, որ սուրճ են խմում միասին՝ հարցին ի պատասխան, Արմեն Բադալյանն ասաց.

«Ո՛չ, թույլ չի տալիս, հատկապես, որ նման գործողություն իրականացնում է նախկին լրագրողը: Չմոռանանք, որ նախկին լրագրողը, գոնե կորպորատիվ շահերից ելնելով՝ պետք է մի քիչ ավելի կոռեկտ արտահայտվեր:

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի հետ սուրճ խմելուն, վարչապետը կարող է ասել՝ սուրճ ենք խմում, դա իր իրավունքն է: Բայց ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», նա պարտավոր է ներկայացնել՝ ինչ հարցեր են քննարկվել վարչապետի հետ, որովհետև կստացվի, որ նա ուղղակի գործարքի մեջ է մտել վարչապետի հետ՝ ինչ-ինչ անձնական խնդիրներ լուծելու համար:

Առանց այդ էլ «Լուսավոր Հայաստանը» շատ վաղուց դադարել է քաղաքական ուժ լինել և ընդամենը մարդկանց խումբ է, որ ԱԺ-ում քննադատում է վարչապետին, կառավարությանը, նաև օրենքի նախագծեր է բերում: Եթե ինքը չմանրամասնի՝ ինչ բովանդակային սուրճ էին խմում վարչապետի հետ, դա «Լուսավոր Հայաստանի» չեղած վարկանիշն ավելի է իջեցնելու»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս