Ո՞վ կփոխարինի Ավինյանին
Իշխանական թիմում լուրջ խմորումներ են զարգանում: Երեք թևերի բաժանված թիմում շարունակվում են ինտրիգները և լուրջ դժգոհություններ են հասունանում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Քաղաքական թիմի ներսում նա մի քանի հոգու է միայն վստահում, իսկ մյուսներին անտեսում է այն աստիճան, որ շատ հաճախ նաև չի ընդունում կամ չի շփվում նրանց հետ:
Թիմում հասկանում են, որ իշխանական թիմում մի քանիսն ունեն արտոնյալ կարգավիճակ, օգտվում են իշխանական բարիքներից, մասնակցում են նեղ հավաք-քննարկումների, իսկ իրենք անտեսված են, և հայտնի չէ՝ արդյոք քաղաքական իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում իրենք գոնե պատգամավորական մանդատ կունենա՞ն, թե՞ ոչ:
Իսկ այն, որ հասարակության շրջանում խորանում են դժգոհություններն իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությունից և նրա էքսցենտրիկ պահվածքից՝ ակնհայտ է: Ինչպեսև ակնհայտ է այն, որ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումն այն աստիճանի է խորացել, որ ցանկացած պահի հասարակական մասսայական ընդվզումներ կարող են բռնկվել: Սա հասկանում են նաև իշխանական թիմում:
Նիկոլ Փաշինյանն իր թիմում հատկապես վտանգ է տեսնում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, քանի որ վերջինս տարբեր շրջանակների կողմից՝ թե իշխանական ճամբարում, թե դրանից դուրս, ավելի ադեկվատ է ընկալվում: Այդ է պատճառը, որ Փաշինյանը կամաց-կամաց ազատվում է բոլոր այն կադրերից, որոնք այս կամ այն պաշտոնին նշանակվել են Ավինյանի հորդորով:
168.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի փոխարեն՝ այդ պաշտոնում նշանակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որին նա ավելի շատ է վստահում, քան իշխանական քաղաքական թիմի նեղ շրջանակի մյուս ներկայացուցիչներին, որոնց հետ հիմնական քննարկումներն է անցկացնում: Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում ուզում է նշանակել Կոտայքի մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին:
Վերջինս, որին նույնիսկ ՔՊ-ականները նեղ զրույցներում հայտնի մականունով են հիշատակում, աչքի է ընկել նրանով, որ Փաշինյանին ուղղված սուր քննադատություններին Ֆեյսբուքում տարբեր գրառումներով է հանդես եկել, որոնց շնորհիվ, ինչպես ՔՊ-ականներն են ասում՝ «երկու ոտքով մտել է Փաշինյանի աչքը»: