«Կոտայքի մարզպետը ոչ մի առնչություն չունի միջադեպի հետ». մարզպետարան

13.11.2019թ. ուշ երեկոյան Hraparak.am-ում «Ծեծկռտուքի մասնակիցները մարզպետի ազգականներն են եղել» վերնագրով հրապարակում է հայտնվել, որում անդրադարձ է արվում 11.11.2019թ. Կոտայք ՋՕԸ-ում տեղի ունեցած միջադեպին, ըստ որի «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին է ցանկացել նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել են, ծեծկռտուք է սկսվել»:

Այս առթիվ հարկ ենք համարում ներկայացնել պարզաբանում ներքոնշյալ 4 կետերով.

1. Կոտայքի մարզպետը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ և խնդրում ենք հերթական անգամ չշահարկել վերջինիս անունը նմանատիպ վերնագրերում և «օդում կախված լուրերի ու բամբասանքների հիմամբ», ինչպես նաև հարկ ենք համարում նշել, որ մարզպետն առհասարակ ՋՕԸ-ի պետ նշանակելու գործընթացներին որևէ կերպ միջամտելու գործիքակազմ չունի, քանի որ վերջիններս նշանակվում կամ ազատվում են բացառապես ՋՕԸ-երի վարչական խորհուրդների կողմից

2. Հրապարակման մեջ ներկայացված քաղաքացի Գուրգեն Օսիպյանը ոչ թե Կոտայք ՋՕԸ-ի նոր պետն է, այլ Կոտայք ՋՕԸ-ի Նաիրիի տեղամասի պետի տեղակալն է և որևէ ազգակցական-բարեկամական կապ չունի մարզպետի հետ: Այդ պաշտոնում վերջինս նշանակվել է դեռևս մեկ տարի առաջ Կոտայք ՋՕԸ-ի գործող տնօրենի կողմից:

3. Միջադեպը, որի մասին նշվում է կայքի հրապարակման մեջ, գրանցվել է Կոտայք ՋՕԸ-ի Նաիրիի տեղամասում (Նոր Գեղիի համայնք) 12.11.2019թ, և կապ չունի Կոտայք ՋՕԸ-ի պետի ընտրության հետ: Միջադեպը գրանցվել է Նոր Գեղիի մի քանի բնակիչների և ՋՕԸ-ի տեղամասի իրավասու ներկայացուցիչների միջև՝ կապված վերջիններիս մասնագիտական գործունեության հետ: Այս առիթով արդեն իսկ նյութեր են նախապատրաստվում ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում և ոստիկանության կողմից տարածվել է նաև համապատասխան հաղորդագրություն:

4. Լուսանկարները, որոնք հրապարակվել են հոդվածում՝ իբրև միջադեպի հետ կապված մարզպետի հրավիրած խորհրդակցությունից կադրեր, հերթական աշխատանքային հանդիպումն էր ՔՊ կուսակցության Աբովյանի գրասենյակում, իսկ նման աշխատանքային հանդիպումներ լինում են շաբաթվա մեջ մի քանի անգամ:
Ըստ այդմ, Hraparak.am-ից պահանջում ենք տեղադրել հերքում՝ ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը:
«Հերքում»

13.11.2019թ.-ի Hraparak.am-ում «Ծեծկռտուքի մասնակիցները մարզպետի ազգականներն են եղել» վերնագրով հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Կոտայքի մարզպետը ոչ մի առնչություն չունի Կոտայք ՋՕԸ-ի պետի ընտրության և Նոր Գեղիում տեղի ունեցած միջադեպի հետ:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում նմանատիպ թեմաներով նախքան հրապարակումներ անելը, առաջնորդվել միմիայն ստուգված փաստերով կամ պարզապես կապ հաստատել Կոտայքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս