Բաժիններ՝

Այն բնակավայրերում, որտեղ չկան խնամքի ցերեկային կենտրոններ, շրջիկ աշխատանքային խմբեր են շրջում. Զարուհի Բաթոյան 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այսօր խորհրդարանում հարց ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, որտեղ անդրադարձավ «Փարոս» համակարգի շահառուներին:

«Մենք գիտենք, որ «Փարոս» համակարգում երբեմն հայտնվում են մարդիկ, ովքեր պարզապես դրա կարիքը չունեն, այս 1,5  տարվա ընթացքում արդյո՞ք որոշակի առումով ցուցակները մաքրվել են: Գիտենք նաև, որ Կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, ըստ որի՝ երեխան պետք է մեծանա կենսաբանական ընտանիքում: Այսօր ունենք համայնքներ, որտեղ չկան ցերեկային խնամքի կենտրոններ՝ արդյո՞ք առաջիկայում նախատեսում եք փոքր քաղաքներում նման կենտրոններ բացել»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Զարուհի Բաթոյանի խոսքով՝ «Փարոս» համակարգի հետ կապված՝ իրականացրել են օրենսդրական փոփոխություններ, որով կարիքի գնահատման գործառույթը տեղափոխվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Մինչ այս պահը «Փարոսի» շահառուների ցուցակները կազմվել են տարածքային գրասենյակներում, որոնք գործում են համայնքի կամ մարզպետարանի ենթակայության տակ:

«Բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, այո՛, խախտումներ դեռևս լինում են, բայց շատ փոքրաթիվ: Ենթադրում ենք, որ հենց այդ խախտումների նվազման արդյունքում է, որ մենք նպաստների համար նախատեսված բյուջեում ունեցել ենք շուրջ 2  մլրդ-ի կամ ավելի տնտեսում: Այս աշխատանքը շարունակական է լինելու, այսինքն՝ մենք աշխատում ենք համայնքների հետ միասին, որպեսզի կարողանանք համակարգը բարելավել»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է խնամքի ցերեկային կենտրոններին, Զ. Բաթոյանն ասաց, որ այս տարի վեց անգամ ավելացել է ցերեկային կենտրոններում խնամք ստացող երեխաների թիվը, ինչը նշանակում է, որ հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում ցերեկային կենտրոնները պատվիրակվել են հասարակական կազմակերպություններին: Իսկ այն բնակավայրերում, որտեղ չկան այդ կենտրոնները, շրջիկ աշխատանքային խմբերը շրջում են և իրականացնում խնամքի ծառայություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս