«Հանրաքվե չարեցին, որովհետև Վենետիկի հանձնաժողովը երեք մատից կոմբինացիա ցույց կտար»․ Հրանտ Բագրատյան
««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը պառլամենտի կողմից երբևէ ընդունած ամենամեծ հիմարությունն էր։ Ես չեմ հիշում ՝ նախագահը դա ստորագրե՞լ է։ Չնայած՝ այդ նախագահի վրա ոչ մի հույս չկա, նա մի ամորֆ մարմին է»,- 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Այդ օրենքը 4 կետով հակասում է Սահմանադրությանը՝ Սահմանադրության 60, 66, 70, 73 հոդվածներին։ Ընդ որում՝ այդ 4 հոդվածները Սահմանադրության երկրորդ գլխում են, որը կարելի է փոխել միայն հանրաքվեի միջոցով։ Հիմա ընդունվում է օրենք, որը հակասահմանադրական է։ Սեփականության վերաբաշխում կարելի է կատարել միայն դատարանով, օրենքով սահմանված դատական կարգով։
Ինքն ասում է՝ ես կհայտարարեմ, որ գույքդ ապօրինի է, գնա՝ դատարանով պաշտպանվիր։ Մի ուրիշ հոդված ասում է, որ մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, դու ապացուցիր իմ անմեղությունը։ Ասենք՝ հիմա հանձնաժողովն ասում է՝ Պողոսի այս գույքն ապօրինի է․ դե ապացուցեք, որ ապօրինի է։ Բա ո՞նց է այսօր բռնել «Յուքոմին», այս օրենքը չկա, չէ՞։ Նույն ձևով էլ Պողոսի վրա գործ հարուցեք, եթե ձեր կարծիքով ապօրինի տուն ունի, ի՞նչն է խանգարում, այդ օրենքները կան։ Բայց ասում են՝ ոչ, մի հատ հանձնաժողով ստեղծենք, մեր ընկերոջը դնենք նախագահ, նա էլ ասի՝ սա ապօրինի է, դե գնա ապացուցիր, որ ապօրինի չէ։ Ասենք՝ գնացիր՝ ապացուցեցիր, բա Սահմանադրությո՞ւնը»,- ասաց նա՝ ընդգծելով՝ եթե ուզում էին խիստ լինել, այդ օրենքը պետք է ընդունեին հանրաքվեով՝ որպես սահմանադրական նորմ։
«Հանրաքվե չարեցին, որովհետև Վենետիկի հանձնաժողովը երեք մատից կոմբինացիա ցույց կտար երկրորդ անգամ։ ԵՄ-ն էլ կասեր՝ այ ընկեր, եկար, մեզ խաբեցիր, թե դու դեմոկրատ ես, է, դու սովորական ժուլիկի մակարդակի դիկտատորական քայլեր ես անում»,- նկատեց Հրանտ Բագրատյանը։