Հայտնի է՝ որքան է վճարել Լեխիան Սերոբյանի և Հովհաննիսյանի համար
Լեհական «Լեխիա Գդանսկը» տրանսֆերային պատուհանի վերջին օրերին ակտիվորեն համալրել է կազմը՝ պայմանագրեր կնքելով երկու հայ ֆուտբոլիստների՝ Արթուր Սերոբյանի և Նարեկ Հովհաննիսյանի հետ:
Լեհական Trójmiasto.pl պորտալի տեղեկություններով՝ «Լեխիան» Երևանի «Արարատ-Արմենիայից» 1 միլիոն եվրոյի դիմաց գնել է 23-ամյա վինգեր Արթուր Սերոբյանի տրանսֆերային իրավունքը:
Այդուհանդերձ, Սերոբյանն անմիջապես վարձավճարով վերադարձել է Հայաստանի չեմպիոնի կազմ և լեհական թիմին կմիանա միայն հաջորդ տարվա փետրվարի 1-ին։
Զուգահեռաբար, լեհական ակումբը ձեռք է բերել Երևանի ԲԿՄԱ-ի 20-ամյա եզրային խաղացող Նարեկ Հովհաննիսյանին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ այս տրանսֆերի համար «Լեխիան» վճարել է 200-250 հազար եվրո։ Ի տարբերություն Սերոբյանի՝ Հովհաննիսյանն արդեն հինգշաբթի օրը կմիանա իր նոր թիմին։
Ընդհանուր առմամբ, այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Գդանսկը ներկայացնող ակումբն իրականացրել է 13 մուտքային տրանսֆեր։ Հայ ֆուտբոլիստներից բացի՝ թիմը համալրել են հետևյալ խաղացողները.
Հարձակման գիծ և վինգերներ. Վլադիսլավ Բլանուտա, Խավիեր Մենա, Կևին Դոդայ, Արթուր Շախ։
Կիսապաշտպանություն. Քրիստո Իվանով, Յակուբ Ադկոնիս։
Պաշտպանություն և դարպաս. Կացպեր Լոպատա, Դանիլո Բեսկորովայնի, Դանիլո Մալով, Սամուել Կոպասեկ և դարպասապահ Աքսել Հոլևինսկի։
Աղբյուրը՝ Armsport.am:

