«Պետբյուջեի եկամուտները ավելացրել ենք 43.6 %-ով, ունեցել ենք աղքատության պատմական ամենացածր մակարդակ». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի մայիսի 6-ի նիստում ներկայացրեց Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքերի մասին զեկույցը:
ՀՀ վարչապետն իր զեկույցը բաժանեց երեք մասի՝ 2019 թվականի սկզբից մինչև կորոնավիրուսի մեկնարկը, 2-րդ մասը վերաբերում էր համավարակի ժամանակ Կառավարության կայացրած որոշումներին, իսկ 3-րդ մասը՝ ապագա անելիքներին:
Ըստ այս զեկույցի՝ 2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և Կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ:
Մշակող արդյունաբերությունում 2019 թվականին տնտեսական աճը կազմել է 12%՝ 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12.1% կշռով՝ դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր տնտեսական աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2%-ով, ինչը 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14.7%-ով աճի կարևոր արտահայտություններից է:
Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (29.4%), մրգային գինիների (70.2%), խաղողի գինու (25.3%) և բուսական ծագմամբ արտադրանքի (14.3%) ապրանքախմբերով:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2019 թվականին գրանցվել է շրջանառության շուրջ 30% աճ, որը ներառում է համակարգչային ծրագրավորման, ինչպես նաև էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ բարձր տեխնոլիգիական ուղղություններ։ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2.2 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 465 միլիոն դոլարով կամ 27.2 %-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41.3 %-ով:
2018-2019 թվականների ընթացքում Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505․4 միլիարդ դրամով կամ 43.6%-ով, ինչը հնարավորություն է ընձեռել 199․1 միլիարդ դրամով նվազեցնելու հարկ վճարողների հանդեպ նախկինում ձևավորված պարտքերը և 306․3 միլիարդ դրամով փաստացի ավելացնելու պետական բյուջեի հարկային եկամուտները։ 2019 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.35%՝ նախորդ տարվա ցուցանիշի (20.95%) համեմատ բարելավելով 1.38 տոկոսային կետով, ինչը, այլ հավասար պայմաններում, համարժեք է 90.7 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների գոյացմանը:
2019 թվականի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 31%-ով։ 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի վերջը հավելյալ ի հայտ է եկել (ստեղծվել է և ստվերից դուրս է բերվել) ավելի քան 87 հազար աշխատատեղ: 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2.5 տոկոսային կետով:
Մանրամասները՝ տեսանյութում: