Հայաստանը շաքարախտով հիվանդացության մահացության ցուցանիշով 4-րդ տեղում է. Անահիտ Ավանեսյան
Ազգային ժողովի մայիսի 5-ի նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Այս համաձայնագրի նպատակն է՝ բարելավել շաքարախտով տառապող քաղաքացիների կյանքի որակը: Համաձայնագրով կողմերը պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ շաքարախտով հիվանդացության դեմ պայքարի և կանխարգելման նպատակով ազգային օրենսդրության կատարելագործման բնագավառում:
Պարտավորվում են անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների՝ շաքարախտով տառապող քաղաքացիներին` առանց ծախսերի փոխադարձ հատուցման, և ապահովում են շաքարախտի կանխարգելման և վաղ հայտնաբերման միջոցառումների իրականացումը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նախագիծը խորհրդարանին ներկայացնող փոխնախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե այս հիվանդության ինչ վիճակագրություն ունի Հայաստանը:
Ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ և Հայաստանում, նկատվում է հիվանդացության աճի միտում:
«Սննդակարգի ու ֆիզիկական պասիվության պատճառով մարդկանց մոտ այս հիվանդության աճն առկա է: Համեմատության համար ասեմ, որ Հայաստանը միջին ցուցանիշներ է գրանցում, չեմ կարող հստակ թվերով ներկայացնել, բայց արտառոց և տարբերվող ցուցանիշներ չունի: Հայաստանը մահացության ցուցանիշով 4-րդ տեղում է գտնվում»,- ասաց փոխախարարը:
Նշենք, որ այս Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի կառավարությունները, իսկ Մոլդովայի և Ուկրաինայի կառավարությունները ստորագրել են վերապահումներով։



