«Համաճարակը մեծ ազդեցություն է ունենալու աշխատաշուկայի վրա. կունենանք հավելյալ 40.000 գործազուրկ». փոխնախարար
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում անդրադառնալով այս շրջանում մարդկանց զբաղվածությանը՝ նշեց, որ այս փուլում զբաղվածությունն իր տեղը զիջել է սոցիալական աջակցությանը, կիրարկել են սոցիալական աջակցության փաթեթներ, որոնցով ապրիլի 30-ի դրությամբ կա 511 միլիոն դրամի աջակցություն, և շահառուների ընդհանուր թիվը կազմում է 1 միլիոն 264.000 մարդ:
«Համաճարակն անխուսափելիորեն աշխատաշուկայի վրա մեծ ազդեցություն է ունենալու, սրա հետ կապված՝ տարբեր վիճակագրական թվեր են հնչեցվում, սպասում ենք, որ մոտավորապես գործազրկությունը 1,3 տոկոսով կավելանա և 17, 7 տոկոսից կդառնա 19 տոկոս: Եթե այս ամենը վերածենք թվերի, ապա 40.000 հավելյալ գործազուրկ կունենանք մեր երկրում: Գործազրկությունը զգալի կլինի սպասարկման ոլորտում, սննդի, հատկապես՝ հանրային սննդի ոլորտում, որոշ չափով կտուժի նաև շինարարության ոլորտը: Այս պահին դեռևս չունենալով թվեր, բայց աշխատողների այն մեծ բանակը, որոնք սեզոնային աշխատանքի էին մեկնում Ռուսաստանի Դաշնություն, հավանաբար մի քանի ամիս կհամալրեն մեր գործազուրկների բանակը»,- ասաց Ա. Ուդումյանը:
Ըստ փոխնախարարի՝ պետք է ձեռնարկել մարտավարական քայլեր, որպեսզի իրավիճակը մեղմվի, ուստի միջազգային փորձը, բազմաթիվ կառույցների զեկույցները վկայում են այն մասին, որ տնտեսական զարգացումն է, որը, ի վերջո, կկրճատի մեծ տոկոս ունեցող գործազրկությունը:
Նրա խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է զբաղվածության երկու ծրագիր, ևս երկու ծրագիր էլ քննարկման փուլում է, որոնց մասին կխոսեն մեկ կամ երկու շաբաթից:
«Հունվարի 1-ից մինչև մարտի 16-ը Զբաղվածության պետական գործակալության միջոցով աշխատանքի է տեղավորվել 305 մարդ: Իսկ 2830 քաղաքացի աշխատանք է գտել խորհրդատվություն ստանալու նպատակով Զբաղվածության պետական գործակալության մարզային գրասենյակներ դիմելուց հետո: Ապրիլի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալության շտեմարանում ունեցել ենք 85.900 գործազուրկներ և աշխատանք փնտրողներ»,- շեշտեց Արման Ուդումյանը: