Հերթական հայտարարությո՞ւն, թե՞ ռազմական գործողություններ սկսելու սպառնալիք․ Զաքիր Հասանովի հայտարարության հետքերով
Մայիսի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է երկրի ԶՈւ ղեկավարությանը, որի ընթացքում Հասանովը հայտարարել է, որ «կտրուկ մեծացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը», ինչն իբր թե կապված է վերջին օրերին հայկական կողմի «սադրիչ գործողություններին»: Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է ուժեղացնել հետախուզության բոլոր տեսակները՝ առաջնագծում և հայկական թիկունքում:
Հասանովի հայտարարությունների վերաբերյալ տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ադրբեջանից միշտ գալիս են ազդակներ՝ ռազմական գործողությունների վերսկսման մասին, սակայն, որպես կանոն, դրանք գալիս են ավելի շատ քաղաքական և փորձագիտական դաշտից: Բայց այս անգամ, հենց ռազմական գերատեսչության ղեկավարն է ուղիղ դրա մասին ասում: «Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձր է» արտահայտությունը գոնե ապրիլյանից հետո բաց տեքստով կամ հանրության համար հասանելի տարբերակով չէր ասվել Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից»։
168․am-ի հետ զրույցում Կարեն Հովհաննիսյանը պարզաբանեց՝ միշտ էլ բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար Հասանովը դիմել է զորքին, ասել է՝ պատրաստ եղեք պատերազմին, բայց նման մեսիջով, ըստ փորձագետի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նախկինում չի դիմել․
«Նմանատիպ հայտարարություններ հնչել են փորձագետների, վերլուծաբանների, քաղաքագետների կողմից, իսկ կոնկրետ ռազմական ղեկավարության կողմից նման հայտարարություն չի հնչել։ Սա մի կողմից՝ բերում է նրան, որ փորձ է արվում մեկ մակարդակով բարձրացնել պատերազմական գործողությունների վերսկսման մասին հավանականությունն իրենց հանրության մեջ։ Ռազմական ղեկավարի կողմից նման հայտարարությունն այլ կերպ է ընկալվում հանրության կողմից, քան, օրինակ՝ ինչ-որ փորձագետի կամ քաղաքական վերլուծաբանի։ Ռազմական ղեկավարը նման հայտարարություն անում է՝ հիմնվելով, օրինակ՝ ստացված օպերատիվ տվյալների վրա, այսինքն՝ առնվազն պետք է հայկական կողմը զորքեր կուտակեր, և այլն, և այլն, որպեսզի նա նման հայտարարություն աներ։ Այս առումով՝ ես նմանատիպ հայտարարություն առաջին անգամ եմ լսում»։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը 168․am-ի հետ զրույցում նկատեց՝ աա Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի ղեկավարության առաջին նման հայտարարությունը չէ․ «Նրանք տարին մի քանի անգամ նման հայտարարություններ անում են։ Սա մենք չպետք է համարենք ինչ-որ արտառոց երևույթ, որովհետև իրենք անընդհատ դրա մասին խոսում են, նույնիսկ ասում են, որ պետք է Երևանը գրավեն, Շուշիում թեյ խմեն, և այլն»։
Դավիթ Բաբայանը ընդգծեց՝ ամեն վայրկյան ամեն ինչ էլ կարող է լինել, բայց դա, ըստ նրա՝ չի նշանակում, որ արդեն պատերազմական գործողություններն սկսվում են կամ անխուսափելի են․ «Դրանք միշտ կարող են լինել, բայց կան որոշ երևույթներ, որոնք զսպում են լայնածավալ պատերազմը և ընդհանրապես կայունությունն ու խաղաղությունը պահպանում։ Առաջին հերթին, դա մեր բանակի մարտունակության բարձր մակարդակն է, դա մեր միասնականությունն ու ճիշտ աշխարհաքաղաքականության վարումն է։ Այս երեք հարթությունում, որ մենք պահպանենք մեր նվաճումներն ու էլ ավելի զարգացնենք մեր ներուժը, ամեն ինչ նորմալ կլինի»։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ սա նախկին հայտարարությունների տրամաբանության մեջ է, որ մինչև հիմա հնչե՞լ են, նա պատասխանեց․ «Այո, բայց մենք չպետք է անտեսենք, ուղղակի հասկանանք, որ այստեղ կա նաև այս քարոզչության էլեմենտը»։
Կարեն Հովհաննիսյանը ևս նշեց, որ միշտ կա վտանգ, որ կարող են սկսվել ռազմական գործողություններ, սակայն, տվյալ դեպքում, ըստ նրա՝ երկու գործոն է առկա․ «Առաջին՝ կորոնավիրուսի հետ կապված ներքին քաղաքական վայրիվերումները, իրավիճակի լարումը, երկրորդ՝ փորձ է կատարվում ինչ-որ դիվիդենտներ շահել ՌԴ ԱԳ նախախարարի հայտարարությունից հետո։ Մենք այս հայտարարության հետքերով պետք է գնանք, և ըստ իս՝ հենց այնպես չի կատարվում այս հայտարարությունը։ Անընդհատ ասել՝ պատերազմ-պատերազմ, և այն տեղի չունենա, հանրությունն իրենց այլևս լուրջ չի ընդունի, դրա համար այս հայտարարությունները, վերջիվերջո, բերելու են ռազմական գործողությունների»։
Փորձագետը շեշտեց՝ թեև Ադրբեջանի վիճակն այս պահին շատ վատ է, բայց դա կարող է նրանց չխանգարել․ «Նույնիսկ բանկեր փակվեցին, վարկային կազմակերպություններ են փակվում, բնակչությունը փորձում է բանկերից արագ իրենց ավանդները հանել․ բավականին լուրջ խնդիրների առաջ է կանգնած Ադրբեջանը։ Բայց, վերջիվերջո, Ադրբեջանն իր գնած զենքը չի վաճառել, և այդ զենքը ամեն պահի պատրաստ է կրակել։ Այս շրջանում Թուրքիայի վիճակն էլ բավականին վատ էր, բայց այնուամենայնիվ, Թուրքիան ռազմական գործողություններ սկսել է թե՛ Լիբիայում, թե՛ Իրաքի տարածքում, թե՛ Սիրիայի տարածքում։ Այնպես որ, Ադրբեջանից էլ հեռու չէ, որ կարող են սկսել ռազմական գործողություններ»։