«Պետք է տրանսպորտային ծախսերի փոխհատուցում տրվի այն աշխատողներին, որոնք ամսի 4-ից գնալու են աշխատանքի»․ Նաիրա Զոհրաբյան
168.am-ի զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
– Տիկին Զոհրաբյան, մայիսի 4-ից արտակարգ դրության սահմանափակումները թուլացվելու են, և բազմաթիվ ոլորտներում մարդիկ սկսելու են աշխատել, սակայն, հանրային տրանսպորտը չի աշխատելու։ Սա լրացուցիչ սոցիալական խնդիրներ չի՞ առաջացնի մարդկանց համար։
– Այստեղ խնդիր կա, որովհետև գործատուները չեն փոխհատուցում աշխատանքի վայր հասնելու մարդկանց ծախսերը, ինչը լուրջ խնդիրներ է հարուցելու։ Բայց պետք է հասկանանք նաև, որ, ցավոք, տրանսպորտը փակ տարածք է, և վարակի հիմնական օջախներից մեկը քաղաքային տրանսպորտն է. պետք է նաև ռիսկերը հաշվի առնենք։ Ես չգիտեմ՝ մեր տրանսպորտային ծառայություն մատուցող կազմակերպությունները կկարողանա՞ն արդյոք սոցիալական տարածություն ապահովել, թույլ չտալ, որ երթուղայինում 5-6 հոգուց ավելի մարդ լինի։
Ես վստահ եմ, որ` ոչ, և այս փուլում բավականին ռիսկային է տրանսպորտի շահագործումը։ Բայց պետք է նաև որոշակի փոխհատուցում տրվի այն աշխատողներին, որոնք ամսի 4-ից գնալու են աշխատանքի։ Տրանսպորտի ծախսերի փոխհատուցման խնդիր պետք է դրվի․ մենք երկուշաբթի օրը խմբակցությունում կքննարկենք այս հարցը և կփորձենք նաև հարցը քննարկել պարետատան և կառավարության հետ։
Բայց այս պահի դրությամբ այնքան խմբեր կան, որ իսկապես ծայրահեղ վիճակում են, և այդ աջակցության որևէ ծրագրում չկան, որ այդ խնդիրներն էլ պետք է իրենց լուծումը ստանան։
– Դուք այս ընթացքում անընդհատ տարբեր մարզերում եք լինում, օգնություն եք տանում, ի՞նչ վիճակ է մարզերում։
– Մարզերում ծայրահեղ ծանր վիճակ է։ Տպավորություն է, որ ինչքան էլ օգնություն բաժանես, մարդիկ դրա կարիքն էլի ունեն, որովհետև չունեն աշխատանք։ Ես հասկանում եմ, որ հիմա սոցիալական բազմաթիվ խավերի որոշակի գումար փոխհատուցվում է, բայց եկեք հասկանանք, որ այդ գումարն ընդամենը մի քանի օրվա մարդկանց կեցության գումարն է։ Ինչքան ժամանակ է՝ այս ֆորս-մաժորը կա, և որևէ մեկս չի կարող ասել, թե այն ինչքան կձգվի։
Այսինքն՝ այդ գումարը փոխհատուցեցին, հետո ասացին՝ կոմունալները պետք է վճարեք, մարդկանց գերակշիռ մեծամասնությունը տարավ՝ կոմունալները վճարեց, որպեսզի հոսանքից, գազից և ջրից չզրկվեն, և կանգնեցին նույն կոտրած տաշտակի առջև։
Աղետալի վիճակ է մարզերում, և երբ ասում ենք, որ մարդիկ հաց չունեն ուտելու, մեր որոշ գործընկերներ դա համարում են պաթետիզմ, պոպուլիզմ։
Գիտեք՝ եթե իրենք էլ մեզ նման ամբողջ օրը լինեին մարզերում, կհասկանային, որ մեր ասածի մեջ ոչ պոպուլիզմ կա, ոչ մենք փորձում ենք այս իրավիճակից ելնելով՝ աչոկներ կամ քաղաքական բոնուսներ հավաքել․ ո՛չ, մենք ընդամենն ասում ենք՝ ծայրահեղ վիճակ է։ Պետք է գնալ օպերատիվ լուծումների ճանապարհով, այլապես սոցիալական լարվածությունն օր օրի աճելու է։
Երբ ասում եմ, որ օրական հարյուրավոր նամակներ եմ ստանում, «Իմ քայլի» որոշ գործընկերներ և ինչ-որ անհասկանալի մարզպետներ փորձեցին «պրիկոլներ» անել դրա վրա։ Ես հասկանում եմ, որ իրենց չեն դիմում, որովհետև իրենց հետ հույս չեն կապում, բայց փաստն այն է, որ ես օրական հարյուրավոր նամակներ եմ ստանում, Գագիկ Ծառուկյանն օրական հազար և ավելի նամակներ է ստանում, և այստեղ պոպուլիզմ, չափազանցություն չկա, այլ կա ցավալի իրողություն արձանագրելու փաստ, և պետք է արվեն օպերատիվ, ճիշտ, գրագետ քայլեր, սա է խնդիրը։
– Կառավարությունը կորոնավիրուսի հետևանքների վերացման 16 ծրագիր ունի, դրանք թիրախավորված չե՞ն։
– Ծրագրերը, իհարկե, թիրախավորված են, տրվում են նրանց, ովքեր ունեն կարիք, բայց շատ ավելի մեծ են կարիքավորները, թիրախային խմբերը, որոնք ևս անպայմանորեն պետք է ներգրավվեն ծրագրում։ Այդ ծրագրերը շատ վատ են աշխատում, իսկապես կարիքավոր մարդիկ իրենց տվյալները լրացնում են և ավտոմատ մերժում ստանում։ Այդ ծրագրերը պետք է տեխնիկապես շատ ավելի ճիշտ և գրագետ աշխատեն։ Բազմաթիվ կարիքավորներ, ովքեր օբյեկտիվորեն պետք է ներառվեն այդ ծրագրերից որևէ մեկում, տեխնիկական խնդիրների, ոչ գրագետ թիրախավորման պատճառով դուրս են մնում ծրագրերից։