Բաժիններ՝

Օրենքո՞վ, թե՞ օրենքի խախտմամբ են մարդկանց հեռախոսահամարները հայտնվել վարչապետի սեղանին

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դարձյալ զանգահարում էր ՀՀ քաղաքացիներին և այս անգամ ընտրել էր նրանց, որոնց էլեկտրաէներգիան անջատել են վճարումները չկատարելու պատճառով:

Վարչապետը՝ ամենայն հավանականությամբ,  հեռախոսահամարներով, թղթին էր նայում ու զանգահարում բաժանորդներին, ապա ստացած տեղեկությունները հանձնում նույն թղթին։  Հարց է  ծագում՝  ո՞ւմ միջոցով և ինչպե՞ս էին այդ հեռախոսահամարները հայտնվել վարչապետի սեղանին, եթե դրանք համարվում են անձնական տվյալներ:

Ինչպես տեղեկանում ենք Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքից, մարդկանց անձնական տվյալները կարող են մշակվել հետևյալ դեպքերում՝

1/ Անձնական տվյալներ մշակելն օրինական է, եթե տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի:

Հետևաբար՝ Կառավարության աշխատակազմից խնդրում ենք հրապարակել հարցի պատասխանը՝ արդյո՞ք ստացել են սուբյեկտներից համաձայնություն և արդյո՞ք 1-ին կետում նշված՝ բացառությամբ օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերը տարածվում են կոնկրետ հենց այս օրինակի վրա, և ո՞ր օրենքի ո՞ր կարգավորմամբ են մարդկանց անձնական տվյալները  հայտնվել վարչապետի  սեղանին:

2/ Ըստ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի՝ մշակվող տվյալները կարող են ձեռք բերվել նաև անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից:

Հետևաբար հարց՝ Կառավարությանը՝ եթե 1-ին տարբերակը չէ, ապա ո՞ր  հանրամատչելի աղբյուրներից են ձեռք բերել այդ տվյալները:

Նշենք, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի և բաժանորդների միջև կնքված պայմանագրերում չկա կետ, որի համաձայն՝ վարչապետին կարող էին տրամադրվել բաժանորդների հեռախոսահամարները, հետևաբար՝ Կառավարությունը կա՛մ պետք է հրապարակի այն օրենքը, որին հղում անելով էլ ձեռք է բերել քաղաքացիների անձնական տվյալները և փոխանցել վարչապետին, կա՛մ ընդունի՝ օրենք է խախտվել:

Խնդրի վերաբրյալ պաշտոնական հարցում կուղարկենք ՀՀ կառավարություն. ստանալուն պես այն կներկայացնենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս