Մահակներով և հակագազով ցուցմունք կորզելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2008 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Ն.-ն և նույն բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնը զբաղեցրած Ն. Ս.-ն խմբով, դիտավորությամբ կատարել են բռնությամբ և հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին:
Մասնավորապես, 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում, վերը նշված բաժանմունքի պետ Վ. Ն.-ն նույն բաժանմունքի մի քանի ծառայողների, այդ թվում` ավագ օպերլիազոր Ն. Ս.-ի մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել են հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինիս կողմից դեպքին առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո այն խոստովանելուն ուղղված անօրինական գործողությունները շարունակելու և դրական արդյունքի հասնելու նպատակով` բաժնում մեկ օր գտնվելու ընթացքում Արմեն Մարտիրոսյանը հերթական անգամ ուղեկցվել է բաժանմունքի պետի աշխատասենյակ, որտեղ Վ. Ն.-ն Ն. Ս.-ի և այլ ծառայողների հետ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու նույն պահանջը ներկայացնելով, նրան գցել են գետնին, գլխին հագցրել հակագազ և ձեռքերով ու մահակներով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պատճառել ֆիզիկական ցավ:
Հիշյալ հանցավոր արարքների կատարման համար Վ. Ն.-ին և Ն. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործից վերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: