Ցեղասպանությունը՝ երկրորդական պլանում
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացների մասին խոսել են հայաստանյան բոլոր իշխանությունները, սակայն ոչ բոլոր իշխանություններն են դա համարել պետական քաղաքականության կարևորագույն բաղկացուցիչ և արտաքին քաղաքականության տեսլականի առանցք։
Հայ ժողովուրդն արդեն մի քանի տասնամյակ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների հաղթահարման համար: Սակայն պետք է նշել, որ Թուրքիան ոչ միայն պատրաստ չի ընդունել իր մեղքն ու հատուցել, ինչպես Գերմանիան՝ հրեական Հոլոքոստի պարագայում, այլև պետական մակարդակով շարունակում է ժխտել սեփական հանցագործությունը և նույնիսկ գործուն քայլեր է ձեռնարկում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր խորհրդարաններում ընդունվող բանաձևերը տապալելու համար:
Մինչև ՀՀ-ի անկախության հռչակումը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարմանն ուղղված տվյալ մարտավարությունը եղել է արդարացված և ընդունելի, բայց դրանից հետո այն բավարար չէր միջազգային իրավունքի սուբյեկտ պետության և իրավազրկված ազգի շահերի պաշտպանության համար: Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման առաջադրանքն այժմ հռչակված է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը: Հայկական համայնքներում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում հատկապես մեծ է Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը:
Հոլոքոստից հետո 1915 թվականի հայերի ցեղասպանությունը համարվում է արդի ժամանակների ամենաուսումնասիրված գործը, որտեղ անուրանալի մեծ է Հայ Դատի հանձնախմբերի դերը:
Եվրոպական բազմաթիվ երկրներ ունեն Հայոց ցեղասպանությունը չճանաչելու սեփական պատճառները. առաջինը քաղաքական կուսակցությունների շահերի առկայությունն է. այդ կուսակցությունները չեն ուզում գրգռել և կորցնել իրենց թուրք ընտրողներին, այդ իսկ պատճառով հաճախ դեմ են արտահայտվում Ցեղասպանության ճանաչմանը: Երկրորդ` Ցեղասպանության ճանաչումը կբերի Ցեղասպանության միջազգային հետազոտությունների, որն էլ, իր հերթին, կվկայի Օսմանյան կայսրությանն աջակցած որոշ պետությունների մասին:
Եթե ընդհանուր առմամբ վերցնենք հաշվետու վերջին մեկ տարվա ընթացքում արտաքին ցեղասպանության ճանաչման հետ կապված արտաքին քաղաքականության գործունեությունը, ապա փաստ է, որ Ցեղասպանության հարցը գերակայություն, ըստ էության, չի եղել։
Նախորդ տարվա ընթացքում ականատես դարձանք մի շարք պետությունների կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունման փաստին, որոնք, սակայն, միանշանակ հայաստանյան իշխանությունների «փայլուն» գործունեության արդյունք չէին։
Մասնավորապես՝ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև՝ 405 կողմ, 11 դեմ ձայների համամասնությամբ։ Այս հանգամանքը ՀՀ նորագույն իշխանությունները, իսկ ավելի շատ՝ նրանց սատելիտ կառույցներն ու սպասարկող լրատվականները, փորձեցին ներկայացնել՝ որպես աշխարհաքաղաքական ու «տիեզերական» ձեռքբերում, սակայն իրականում առաջին հայացքից պարզ է, որ այս պարագայում գործ ունենք զուտ աշխարհաքաղաքական մի իրադարձության հետ, երբ կշեռքի նժարին էին դրված թուրք-ամերիկյան հարաբերությունները։
2019-ի ապրիլի 10-ի, Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով (պատգամավորների ընդհանուր թիվը 432 է) հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, իսկ ապրիլի 26-ին Պորտուգալիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։
Իտալիայի ու Պորտուգալիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հայկական իշխանությունները նույնպես էական ոչ մի քայլ չեն իրականացրել, քանի որ Իտալիան դեռևս 2000 թվականին ճանաչել էր Ցեղասպանության փաստը։
Այս բանաձևերի հետ կապված՝ փաստացի ոչ մի նյութական գործողություն չի իրականացվել, սա պետք է բացարձակապես դիտարկել զուտ գեոպոլիտիկ կոնտեքստում։ Ինչ վերաբերում է պառլամենտական դիվանագիտությանը, որն իրականացվում է գործող իշխանությունների կողմից՝ բացի անմեղսունակ ու ապիկար գործողություններից, այլ բնորոշում տալ հնարավոր չէ։ Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր ճանաչման համար, ըստ էության, մեծ ջանքեր գործադրել պետք չէր, քանի որ Ֆրանսիան մշտապես կողմնակից ու շահագրգիռ է եղել այս հարցում։
Վերոնշյալին պետք է հավելենք մի կարևոր դրվագ․ Նիկոլ Փաշինյանը ո՛չ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում, ո՛չ ԵԽԽՎ պլենար նիստում ոչ մի անդրադարձ չկատարեց Ցեղասպանության ճանաչման գործընթացին և տեսլականին։
Արմեն Հովասափյան