Բաժիններ՝

«Տարին շատ հաջող է գյուղատնտեսության համար»․ Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը վստահեցնում է՝ տարին շատ հաջող է գյուղատնտեսության համար:

«Բնակլիմայական պայմանները շատ լավն են այս տարի: Ինչպես նշել եմ՝ խնդիրը միայն այգիների փոշոտումն էր, որ անձրևների պատճառով վատ կատարվեց, բացի այդ՝ մեղվաքանակի անկման պատճառով։ Բայց մենք կունենանք կայուն, միջին բերք։ Այսօր էլ ջերմաստիճանն իջել է, բայց որևէ ցրտահարություն չենք նախատեսում»,- 168am-ի հետ զրույցում ասաց Հ. Բերբերյանը:

Նրա խոսքով՝ կարտոֆիլի բերքը նախորդ տարվանից ավելի շատ կլինի․ «Ճիշտ է՝ գյուղացու ունեցած կարտոֆիլի սերմերն անորակ են, բայց քանի որ մեր արտագնա աշխատողները մնացին Հայաստանում, հատկապես՝ Շիրակի գոտում, Գեղարքունիքում, մենք միտում ենք տեսնում, որ կարտոֆիլի ցանքատարածությունները կավելանան։ Ցավը նրանում է, որ ոչ թե կավելանա բերքատվությունը, այլ՝ ցանքատարածությունը, բերքատվությունը մի փոքր ցածր կլինի, քանի որ բարձրորակ սերմեր գյուղացին չունի։ Այսինքն՝ հին սերմեր է ցանելու, դրա հաշվին ցանքատարածությունները 10-15 տոկոսով կավելանան, բայց միջին բերքատվությունը նախորդ տարվանից ցածր կլինի»։

Ինչ վերաբերում է գյուղոլորտի խնդիրներին, նա ասաց, որ այսօր էլ պարարտանյութի խնդիրը կա գյուղերում․ «Հանրապետություն է ներկրվում վրացական անորակ պարարտանյութը, այդպես էլ այդ հարցը չկարողացան կարգավորել, որ լինեն ազատ շուկայական հարաբերություններ՝ պարարտանյութը խանութում պետք է ազատ վաճառքի դրված լիներ։ Այսինքն՝ կառավարությունն այստեղ էլի բացթողում ունեցավ․ ստրատեգիական այս հարցերը պետք է լուծվեր, որ գյուղացին երաշխավորված գնար՝ սերմացու, պարարտանյութ ձեռք բերեր խանութից։ Մի կողմից՝ այս կորոնավիրուսը խանգարեց ներկրումներին, մյուս կողմից՝ սահմանների կիսափակ վիճակը»։

Նա հավելեց, որ դիմել են կառավարությանը՝ ցորենի և գարու ծրագրերի հարցով․ «Եթե կառավարությունն ըմբռնումով մոտենա, կփորձենք աշնանը հացազգիների ցանքատարածություններն ավելացնել։ Կառավարությունից դեռ պատասխան չկա, քննարկում է գնում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս