Բաժիններ՝

«Ես էլ չգիտեմ՝ ՀԾՀ-ն  ինչ է. Կառավարության ՊՈԱԿ,  մարդուն բացատրե՛ք». դժգոհեց վարչապետը

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ մի քանի ժամ  հատկացրել  է սոցիալական ցանցի միջոցով իրեն ուղղված նամակները կարդալու համար  և արձանագրել է, որ կառավարության ընդունած միջոցառումների փաթեթներից օգտվելու հարցում քաղաքացիներն ունեն դժվարություններ, քանի որ չի տրամադրվում անհրաժեշտ չափով  տեղեկատվություն:

«Մարդիկ տեղեկացված չեն, որ իրենք հանդիսանում են այս կամ այն միջոցառման շահառու, և սա ազդակ պետք է լինի այն մասին, որ մենք բավարար չենք լուսաբանում: Ես կառավարության Հանրային կապերի ՊՈԱԿ-ին ասում եմ՝ եթե մենք մի տեսանյութ ենք հրապարակում, որն ունենում է 200 հազար դիտում, դա դեռ լուսաբանում չէ, լուսաբանումն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի տեղյակ է, թե կառավարության որոշմանն ինչպես է ինքն առնչվում»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Դժգոհելով  կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով ընդունված միջոցառումների մասին քաղաքացիներին իրազեկելու գործընթացից՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, օրինակ, ինքն էլ չգիտի, թե ՀԾՀ-ն ինչ է:

«Հիմա ես չգիտեմ՝ ՀԾՀ-ն ինչ է,  ՀՎՀ-ն ինչ է: Կառավարության ՊՈԱԿ,  մարդուն պետք է բացատրեք, թե դա ինչ ա: Եթե շահառուն չգիտի՝ դա ինչ ա, նշանակում է, որ մենք չենք արել ծրագիրն այնպես, որ ինքն իմանա: Ասում եք՝ արել ենք, հոլովակ ենք արել, դրել ենք ֆեյսբուքյան էջում, բայց մեր գործն այն չէ, որ ուղղակի անենք, մեր գործն էն ա, որ մարդու գումարը հասնի մարդուն, թե չէ մենք ծրագրերն ընդունել ենք, բայց խնդիր ունենք՝ դա տեղ հասցնելու հետ կապված»,- ասաց  վարչապետը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը փորձեց  պարզաբանել, թե ինչ են նշանակում այդ հապավումները, և այդ նպատակով ուղեցույցներ են պատրաստել։ Վարչապետը հանրության լայն շրջանակի համար հասկանալի տերմիններով տեղեկացրեց քաղաքացիներին, որ ՀԾՀ-ն սոցիալական քարտի համարն է, իսկ ՀՎՀ-ն՝ հարկ վճարողի համարը,  որով ՊԵԿ-ը նույնականացնում է հարկ վճարող անձին:

«Ըհը, այս հարցն էլ պարզեցինք, դե հիմա ապահովեք, որ սա 3 միլիոն դիտում ունենա»,- ասաց վարչապետն ու այս թեման եզրափակելով՝  հանձնարարեց փոխվաչապետ Մհեր Գրիգորյանին երկու ժամը մեկ  հետևել, թե համակարգերն ինչպես են աշխատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս