Բաժիններ՝

Հայաստանը 92 մլն եվրոյի աջակցություն կստանա ԵՄ-ից. Վարոս Սիմոնյան

Տնտեսական գործունեության մի շարք տեսակներ կսկսեն թույլատրել փուլային տարբերակով. ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Արդեն այս շաբաթ պարետի որոշմամբ թույլատրվել են մի շարք տեսակների՝ ծխախոտի արտադրություն, շինարարություն, գրեթե ամբողջությամբ՝ բացառությամբ ավարտական աշխատանքների, ինչպես նաև շինարարության բաղկացուցիչ մաս կազմող շինանյութերի արտադրության գործունեությունը:

«Շատ հարցեր են լինում, թե ինչո՞վ է պայմանավորված, որ այս պահին չեն գործում տնտեսության բաղկացուցիչ մաս կազմող գործունեության մի շարք տեսակներ, օրինակ՝ տեքստիլ արտադրությունը: Հարցը քննարկվում է, կկայացվեն որոշումներ, փուլային տարբերակով կիրականացվեն միջոցառումներ, գործունեության այդ տեսակները ևս կթույլատրվեն՝ համաձայն պլանի»,- ասաց Սիմոնյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը հիշեցրեց, որ զրոյացված են ներկրվող բժշկական նշանակության ապրանքների, անհատական պաշտպանիչ միջոցների, դեղորայքի արտադրության համար կիրառվող նյութերի, գյուղատնտեսական նշանակության և պարենային ապահովվածության տեսանկյունից անհրաժեշտ ապրանքների մաքսատուրքը: Վարոս Սիմոնյանի խոսքով՝ այժմ քննարկվում է այլ անհրաժեշտ ապրանքների մաքսատուրքերի զրոյացման հարցը:

«Շուտով ԵԱՏՄ-ի շրջանակում առաջարկ կներկայացվի, որ որոշ ապրանքատեսակների, որոնք օգտագործում են տնտեսության մեջ և ունեն թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական նշանակություն, ներմուծման մաքսատուրքը զրոյացվի, կամ մաքսատուրքերը հնարավորինս իջեցվեն: Սա թույլ կտա խթանել արտադրությունը, արդյունաբերությունը, վերջնական նպատակով սոցիալական նշանակություն կունենա»,- ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով միջազգային օգնությանը, որը կստանա Հայաստանը, նախարարի տեղակալը հայտնեց:

«ԵՄ աշխատանքների շրջանակում Հայաստանին ընդհանուր առմամբ կհատկացվի 92 մլն եվրո աջակցություն: Սա կուղղվի մի շարք ոլորտների՝ առողջապահական համակարգին, ճգնաժամից առավել տուժած քաղաքացիներին, փոքր և միջին ձեռնարկատիրությանը, գործիքակազմը քննարկվում է, օգնության չափը ևս քննարկման փուլում է: ԵՄ-ի կողմից տնտեսական ճգնաժամից դուրս գալու նոր գործիք է մշակվել, որը կտրամադրվի կարիք ունեցող բոլոր երկրներին, կոչվում է Team Europe, որը նախատեսում է ընդհանուր առմամբ 20 մլրդ եվրոյի աջակցություն:

Բացի երկկողմ համագործակցությունից, կա նաև Արևելյան գործընկերության վեց երկրների շրջանակում տրամադրվող աջակցություն, որը կազմում է 80 մլն եվրո, և այն  կտեղաբաշխվի 6 երկրների միջև: Եվրոպական հանձնաժողովը կվերանպատակաուղղի 880 մլն եվրո արժողությամբ աջակցություն ամբողջ տարածաշրջանի համար՝ մեղմելու ճգնաժամի սոցիալական և տնտեսական հետևանքները»,- ասաց Սիմոնյանը:

Գյուղատնտեսության ոլորտի համար նախատեսվում է 456 հազար եվրոյի աջակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս