«Արցախում ձևավորվող իշխանությունների լեգիտիմությանը խփելով` այնտեղ ապակայունացման փորձեր կատարող ուժերն ու նրանց տերերը փորձում են հասնել համատեղ բնակության գոտիներ ստեղծելուն». Դավիթ Շահնազարյան

«Ընտրությունների արդյունքների` հրապարակված թվերն ինձ համար կանխատեսելի էին, քանի որ վերջին օրերին բավականին ճշգրիտ սոցիալական հարցումներ էին իրականացվել, որոնք 1 տոկոսի ճշտությամբ կրկնում էին հրապարակած թվերը: Բացի այդ, այնտեղի շփումներով` ինձ համար ակնհայտ էր, որ Արայիկ Հարությունյանի ձայները բավական շատ են, և երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով Արցախի` մարտի 31-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին:

Խոսելով Մասիս Մայիլյանի հայտարարության մասին` Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ Արցախի ընտրություններն ԱՀ պատմության մեջ իսկապես առանձնանում են սուր մրցակցային պայքարով, մեծ քանակի թեկնածուներով, իրարից տարբերվող ծրագրերով, ակտիվ քարոզարշավով, և, թերևս, դրանով էր պայմանավորված մասնակցության այդքան բարձր տոկոսը:

«Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյանին, շատ ցավալի է, որ նա չի ընդունում ընտրությունների արդյունքները, փորձում է ստվերել, հղում է անում հայաստանյան դիտորդական առաքելություններին: Ինչպես գիտեք, այդ առաքելություն իրականացնող կազմակերպությունները շատ վաղուց էին Արցախում, ՀՀ կառավարությունն էր ուղարկել ՀՀ բյուջեի հաշվին: Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն ու Transparency International-ն էին այնտեղ: Այդ երկու կազմակերպություններն էլ շատ վաղուց Հայաստանում դադարել են հանդես գալ՝ որպես քաղհասարակության կազմակերպություններ, այլ վարում են բացահայտ քաղաքական գործունեություն, ինչպես նմանատիպ շատ ու շատ կազմակերպություններ, և Արցախում իրենք փորձում էին լուծել ու մինչև հիմա էլ դա անում են, լրիվ ուրիշ խնդիրներ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Ըստ նրա` նրանք անընդհատ ամեն ինչ նպատակաուղղված անում են ստվեր գցելու համար Արցախի այս ընտրությունների վրա:

«Նրանք ունեին, և դա չէին էլ թաքցնում, իրենց նախընտրած թեկնածուն, որը Մասիս Մայիլյանն էր, և այդ առաքելությունների գնահատականները որևէ կերպ չի կարելի հիմք ընդունել, որովհետև դրանք խիստ կողմնակալ էին: Նրանք անընդհատ ուռճացնում են խախտումները: Իհարկե, խախտումներ եղել են, և դրանք ավելի շատ իրավական տիպի խախտումներ էին` կապված հանձնաժողովի անդամների ոչ բարձր պրոֆեսիոնալիզմի, անփութության հետ, բայց ասել, որ այդ խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա, իրականությունից շատ հեռու է և հետապնդում է բացառապես քաղաքական նպատակներ»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Խոսելով այդ նպատակների ու խնդիրների մասին, որոնք նրանք լուծում են, ԱԱԾ նախկին տնօրենն ասաց, որ հետընտրական հանրահավաքներով ու հայտարարություններով այդ ուժերը փորձում են հարվածել Արցախում ձևավորվող իշխանության լեգիտիմությանը և հնարավորության դեպքում այնտեղ ստեղծել ապակայունացում:

«Այդ նույն ուժերի ներկայացուցիչներն էին, որոնք բացահայտ, հրապարակայնորեն պնդում էին, որ Հայաստանի կողմից պետք է ուղղակի կառավարում իրականացվի Արցախում, այսինքն` խփում են սուվերենությանը նաև»,- նկատեց Դավիթ Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյանի ձայներին, Դավիթ Շահնազարյանը նշում է, որ դրանք այնքան էին, որքան հավաքեց նրա կուսակցությունն Արցախի խորհրդարանական ընտրությունների ժամանակ` մոտ 4 տոկոս, ու չանցավ ԱԺ, իսկ նախագահական ընտրություններում՝ հավաքած 26 տոկոսից ավելի ձայներ իրականում Սամվել Բաբայանի ձայներն էին, և Մասիս Մայիլյանը դա շատ լավ հասկանում է, և շատ լավ հասկանում է, որ 2-րդ փուլում հաղթելու 0-ական հնարավորություն ունի:

«Ու դրա համար էլ 2-րդ փուլը ոչ միայն բոյկոտում է, այլև ստվեր է գցում ընտրությունների վրա: Ես չէի սպասում, որ Մասիս Մայիլյանը նման քայլի կգնա: Այնտեղ  միայն Սորոսի կազմակերպության շահերը չէին. Ես դրանք անվանում եմ պայմանական Սորոս»,- ասաց Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ Արցախում վիճակն ապակայունացնող հայաստանյան ուժերի հետևում միայն Սորոսը չէ. դրանք արևմտյան այն շրջանակներն են, որոնց վրա Ադրբեջանն ու Թուրքիան ունեն շատ մեծ ազդեցություն, դրանց մեջ մտնում է նաև Սորոսը, և իրականում այդ մարդիկ, այդ ուժերը Հայաստանում իրականացնում են այդ ծրագրերը:

«2019թ. հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին՝ եռանախագահողների հետ մեկտեղ, և այնտեղ որոշում ընդունվեց խաղաղասիրական միջոցառումներ անցկացնելու: Դրանից հետո ամբողջ անցյալ տարվա ընթացքում մենք ականատես եղանք, որ Մինսկի խմբի համանախագահող երկու պետություններ` Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը պաշտոնական հանդիպումներ ունեցան Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, և այդ ղեկավարն Ադրբեջանի այս նոր Խորհրդարանի անդամ է, և ինքն ընտրվել է Ադրբեջանի` այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի տարածքից»,- հիշեցրեց Դավիթ Շահնազարյանը:

Վերջինս նշում է, որ, թեև Հայաստանը դրան որևէ կերպ չի արձագանքել, բայց շատ կարևոր է, այն, որ, երբ նշված անձինք հանդիպում են այդ մարդու հետ ու նրան շնորհավորում ընտրվելու կապակցությամբ, նրանք Լեռնային Ղարաբաղը ճանաչում են՝ որպես Ադրբեջանի մաս:

«Այդ խաղաղասիրական ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի և Արցախի հասարակությանը խաղաղությանը պատրաստելն է, ոչ թե Ադրբեջանին: Այս մասին շատ հստակ ասաց Ադրբեջանի արտգործնախարարը Ժնևի հանդիպումից հետո: Դրան հասնելու համար պետք է իջեցնել Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակը: Դրա համար առաջին հերթին՝ պետք է խփել Արցախի իշխանությունների լեգիտիմությանը: Սա է իրականացվում, որպեսզի այնուհետև հասնեն այդ խնդրի լուծմանը` համատեղ բնակության գոտիներ ստեղծելուն»,- ասաց Դավիթ Շահնազարյանը` շեշտելով, որ Արցախի ապակայունացմանը հասնելը նրանց առավելագույն նպատակն է, և թեպետ իրենք հասկանում են, որ դա իրականացնել չի հաջողվի, նրանք ուզում են ցույց տալ, որ կա ընտրությունների դեմ բողոք, և դրանից հետո արդեն հարվածել Արցախի իշխանությունների լեգիտիմությանը:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս